Հայաստանի իշխանությունը որդեգրել է ինքնասպանության օրակարգ. Սուրեն Պետրոսյան
Հայաստանի իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ասվածը, որն իրականում ինքնասպանության օրակարգ է, կամ օրակարգ, որն ուղղակիորեն գծային արտահայտությունն է ադրբեջանական պլանների, հետևապես՝ Փաշինյանի միակ խնդիրն իրեն պարտադրված թեզերը հասարակությանը հրամցնելն է՝ բացառապես իր իշխանությունը պահելու գերնպատակով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի իշխանության կողմից հանրության համար շրջանառվող օրակարգերի մասին, նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ ընդգծելով.
«Մարդիկ շատ հստակ ասում են՝ մենք պետք է ինքնություն չունենանք, եթե ուզում ենք անվտանգ լինել։ Հայ եզրույթի հետ՝ առաջարկում են աղերս չունենանք, հրաժարվենք մեր անցյալից, ինչն ամենավտանգավորն է, որովհետև երբ կտրում ես ազգի կապն անցյալի հետ, դա այլևս վերականգնել հնարավոր չի լինելու։ Ուշագրավ է, որ սա շատ լավ պատկերացնում են և՛ Ադրբեջանը, և՛Թուրքիան. սա հասկանում է նաև նրանց օրակարգը սպասարկող Հայաստանի այս իշխանությունը, որի նպատակն է Հայաստանը վերածել բուֆերային մի գոտու կամ քաղաքական օֆշորային գոտու, որտեղ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ կիրականացնեն իրենց տնտեսական ծրագրերը։ Դա է պատճառը, որ Հայաստանում տեսնում ենք Եվրամիությանը, Ֆրանսիային, Թուրքիային, Ռուսաստանին։ Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է Սիրիա, հետևաբար՝ այս համատեքստում Ֆրանսիայից զենք կգնեն, թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը կսառեցնեն, դառնում է ոչ կարևոր»,- ասաց Պետրոսյանը։
Վերջինս քաղաքական տգիտություն որակեց Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումից հետո որոշ շրջանակների մոտ նկատվող ոգևորությունը, թե՝ ահա, Հայաստանը գնում է ռազմավարության փոփոխման ճանապարհով՝ դեպի Արևմուտք։
«Սա էլ է մեր ողբերգության մի մասը։ Այս մարդկանց քաղաքական տգիտությունը մեզ տանելու է կործանման։ Սա նշանակում է քաղաքականության օրենքների չիմացություն։ Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցման սառեցում, իսկ կարո՞ղ եք Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան հանել, դե՛, հանեք, տեսնեմ, թե ինչպե՞ս եք հանելու, Սյունիքում ռուսական զորքերը մնալո՞ւ են, իհարկե մնալու են, դե՛, փորձեք նրանց էլ հանել, տեսնեմ՝ ինչպես եք հանելու»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով՝ Հայաստանի ղեկավարն ուղղակիորեն իրականացնում է Հայաստանի պետականության ապամոնտաժման քաղաքականություն, Հայաստանը դարձնում մի տարածք, որտեղ աշխարհաքաղաքական կենտրոնները տնտեսական համագործակցությամբ կզբաղվեն, բոլորը կլուծեն իրենց խնդիրները մի տարածքում, որտեղ հայը տեր այլևս չի կարող լինել։
«Հայաստանի իշխանությունն այդ գործընթացների մեջ ներքաղաքական մենեջեր է, որի նպատակն իրեն պարտադրված օրակարգը Հայաստանի բնակչությանը ներկայացնել է ՝ այն հույսով, որ կստանա կոնսենսուս՝ իր իշխանությունը պահելու համար, մինչդեռ Փաշինյանն այդ կոնսենսուսը չունի։ Փաշինյանը կախված է մազից և չունի որևէ հենարան։ Մենք շատ մոտ ենք պայթյունին»,- խոսքը եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում