Էդ մարդը նախկինացավով է տառապում. նման մարդկանց քաղաքականության մեջ պետք է բացառել. Գառնիկ Դանիելյան
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն այցի շրջանակում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անդրադարձել է իր անձի շուրջ շրջանառված խոսակցություններին, մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ իր ներդրված լինելուն, ինչպես նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ իր հասցեին հնչեցրած «մեղադրանքներին»:
Պետրոսյանը նշել է, որ Դանիելյանի ասածները սուտ են, և, որ «տղեն պիտի իր ասածի համար պատասխան տա»:
Ավելի ուշ Արցախի ներկայացուցչություն իր այցի շրջանակում և լրագրողների հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանի նետած «մարտահրավերին»:
«Ամեն անգամ մարդիկ երևի ուզում են ինձնով ինքնահաստատվեն, չեմ ուզում իր թեմայով խոսել, ինքն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ: Թող մի հատ ինքը կայանա, հասկանա՝ ո՞ր դաշտում է: Իսկ ես իմ ասածների համար միշտ եմ պատասխան տվել, ոչ փախել եմ, ոչ էլ… ինձնից են փախչում մարդիկ: Իմ ասածների համար ես միշտ էլ պատասխան տվել եմ, պատասխան կարող եմ ցանկացած պարագայում և ցանկացած տեղ էլ տամ: ՀՀ-ում բոլոր պրոբլեմները նրանում են, որ մարդկանց ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան իրենց կարողությունները»,- նշել է Դանիելյանը:
Ինչ վերաբերում է Սուրեն Պետրոսյանի առաջ քաշած նախապայմանին, որ նախկիններին վերադարձ չպետք է լինի, նրանք չպետք է մոտենան շարժմանը, ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ այդ «նախկին» հասկացողությունը ՔՊ-ի կողմից ներդրված է:
«Այդ նախկինի անվան տակ կարող են յուրաքանչյուրին թիրախավորել և ոչնչացնել: Ճիշտ չի էդ բանը: Կարող մարդ է, հիմա մի օր նախարար է աշխատել, մի օր՝ վարչապետ, մի օր պաշտպանության նախարար է աշխատել, կամ մի պատասխանատու պոստ է զբաղեցրել, հիմա կարող են, չէ՞, էդ «նախկին»-ի պիտակը կպցնեն, և էս մարդն էլ իրավունք չունի ո՛չ կարծիք արտահայտել, ո՛չ քաղաքականության մեջ մտնել: Ում ուզում են, էսօր ՀՀ-ում կարող են էս կամ էն մարդու հետ ասոցացնել: Չի կարելի: Դա շատ վտանգավոր բան է»,- շարունակել է Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: