ՆԳ փոխնախարարը պնդում է՝ 0-ներով համարանիշների աճուրդը տևում է 3 օր, որևէ վաճառք չի եղել, իսկ auctin.mia.gov տվյալների համաձայն՝ այն վաճառվել է
Երեկ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածվեց, որ 300.000 դոլարով վաճառվել է 00ՕՕ000 պետհամարանիշը։
Նշենք, որ ամենամեծ մրցակցությունն ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50.000 դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։
Այսօր խորհրդարանում Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 0-ներով պետհամարանիշների վերաբերյալ հայտարարված աճուրդը դեռ չի ավարտվել՝ այն տևելու է 3 աշխատանքային օր։
«Ես չգիտեմ, թե ինչու են նմանատիպ լուրեր տարածվում, որովհետև կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, և կարգում հստակ նշված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում։ Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում՝ մի քանի կոմբինացիաների համար, աճուրդը տեղի է ունենալու երեք աշխատանքային օրում։ Հետևաբար՝ մինչև փետրվարի 28-ը դեռ աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու։ Երբ աճուրդն ավարտվի, բնականաբար, մեր քաղաքացիներին կիրազեկենք։ Այսինքն՝ մինչև այս պահը տրամաբանորեն որևէ վաճառք տեղի չի ունեցել, որովհետև աճուրդը դեռևս ընթացքի մեջ է»,- նշեց Արփինե Սարգսյանը։
Նա դժվարացավ ասել, թե որտեղից են լուրերը տարածվել՝ պետհամարանիշի վաճառքի վերաբերյալ, հաստատելով միայն, որ պետհամարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է։
Նշենք, որ auctin.mia.gov համակարգի տվյալների համաձայն՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշը վաճառվել է, իսկ թե ինչն է ընթացքի մեջ՝ հայտնի չէ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում