Ասում եք՝ արել եք, բայց խնդիրը նույն կերպ կանգնած է մարդկանց առջև. Թադևոս Ավետիսյանը՝ ՆԳ նախարարին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ նշելով, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ բողոքելով, որ հաշվառման և գրանցման  բաժիններում մեծ հերթեր են։

«Մարդկանց պետք է վարորդական իրավունք՝ իրենց աշխատանքի համար, պարզ լեզվով ասած՝ մի կտոր հաց վաստակելու համար։ Խնդիրը հետևյալն է, օրինակ՝ պայմանական ասեմ՝ Երևանում դիմում են, բայց մինչև հունիս ամիս հերթեր կան, որպեսզի թեստը հանձնած քաղաքացին կարողանա մասնակցել գործնական քննության։ Այս դժգոհությունները ոչ միայն շատ են, այլև օբյեկտիվ հիմք ունեն, պետությունը պետք է լուծումներ գտնի, խնդիրը նահանջելու փոխարեն՝ ագրեսիվ առաջ է գնում»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Պատասխանելով, ՆԳ նախարարն ասաց, որ այս խնդրում ունեն առաջընթաց։

«Մենք ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, ընդ որում, երբ ասում ենք՝ նոր համակարգ ենք ներդրել, պետք է նկատի ունենանք, թե դրանից առաջ ինչ ունեինք։ Մենք դրանից առաջ ունեինք իրավիճակ, երբ քաղաքացուն կարող էր ընդհուպ քննության նախորդ օրը, հասցեագրվեր հաղորդագրություն, որ հրավիրվի կոնկրետ բաժին և հանձնի գործնական քննություն, այս համակարգը մենք հանել ենք։ Քաղաքացին հիմա կարող է հերթագրման համակարգով ընտրել, թե որտեղ ու որ օրը կարող է հանձնել իր քննությունը։ Այո, ունենք իրավիճակ, երբ Երևանի քննական ստորաբաժանումը ծանրաբեռնված է աշխատում, փոխարենը՝ ունենք մարզային մի շարք ստորաբաժանումներ, որոնք չունեն այդ նույն ծանրաբեռնվածությունը»,- նշեց Արփինե Սարգսյանը։

Կարդացեք նաև

Արձագանքելով, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ փաստերը շատ կարևոր են, ուստի փորձ է արել վերցնել գործնական քննության օր, սակայն 5 ամիս հետո է ազատ օր գտել։

«Այն, ինչ դուք արել եք, գուցե ինչ-որ հարցեր լուծել է, բայց խնդիրն այսօր նույն կերպ կանգնած է մարդկանց առջև, և այդ բողոքները պատահական չեն։ Ես ինքս այցելել եմ բաժիներից մեկը՝ Երևան քաղաքում, աչքովս եմ տեսել, թե ինչ է կատարվում»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս