
Հիվանդություններ, որոնք փոխում են մարմնի հոտը

Մարմնի հոտի փոփոխությունները կարող են կապված լինել վահանաձև գեղձի, լյարդի, երիկամների խանգարումների և շաքարախտի հետ: Այս մասին «Իզվեստիային» ասել է բժիշկ Օլգա Ուլանկինան։
Բժիշկը նշել է, որ լյարդի և երիկամների հիվանդությունները կարող են հանգեցնել մաշկից և շնչառությունից ամոնիակի հոտի առաջացմանը։
«Ացետոնի հոտը շաքարախտի նշաններից մեկն է։ Այս հիվանդության ժամանակ ինսուլինի անբավարար քանակության կամ դրա նկատմամբ դիմադրողականության պատճառով օրգանիզմը չի կլանում գլյուկոզա և իրեն էներգիայով ապահովելու համար սկսում է ճարպեր և սպիտակուցներ մշակել։ Այս նյութերի քայքայման արդյունքում առաջանում են կետոնային մարմիններ՝ դրանք պատասխանատու են սուր հոտի համար։
Քացախի հոտը կարող է վկայել էնդոկրին խանգարումների, տուբերկուլյոզի և վիտամին D-ի անբավարարության մասին: Դուք պետք է անհանգստանաք, եթե ցնցուղ ընդունելուց հետո մարդու մաքուր մարմնից քացախի հոտ է գալիս: Ֆիզիկական ակտիվությունից և առատ քրտնարտադրությունից հետո քրտինքի թթու հոտը նորմալ է»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է Ուլանկինան։
Վահանաձև գեղձի խանգարումները կարող են հանգեցնել քրտնարտադրության ավելացման, իսկ արդյունքում՝ մարմնի հոտի ավելացման։ Մարմնի հոտի վրա կարող է ազդել մեծ քանակությամբ համեմունքների, կիսաֆաբրիկատների և պատրաստի քաղցրավենիքի օգտագործումը, հավելել է բժիշկը։