Պատժամիջոցների տակ գտնվող «Սբերբանկը» դեպի Վրաստան փոխանցումներ է սկսել
Միջազգային պատժամիջոցների ենթարկված ռուսական «Սբերբանկը» սկսել է իր հաշիվներից փոխանցումներ կատարել վրացական բանկերին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս մասին գրել է վրաստանյան Business Press News լրատվականը՝ վկայակոչելով ռուս իրավապաշտպան Նիկոլայ Լևշիցին, ով 2019 թվականից բնակվում է Վրաստանում և հանդիսանում է Free Russia Foundation ոչ առևտրային կազմակերպության հետազոտող-համագործակիցը։
Ըստ տեղեկության՝ Վրաստանի ազգային բանկի արձագանքն այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան փոխանցումները կատարվում են խիստ պատժամիջոցների տակ գտնվող և SDN ցուցակում ընդգրկված «Սբերբանկի» միջոցով, դեռևս անհայտ է։ Լևշիցը բացատրել է, որ SDN ցուցակը հանդիսանում է ԱՄՆ Գանձապետական արտաքին ակտիվների վերահսկման (OFAC) սև ցուցակ, որը պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպություններ է ներառում, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին և մշտական բնակիչներին արգելված է բիզնես վարել:
Ի դեպ, բուն «Սբերբանկի» կայքում Վրաստանը նշված է արտասահմանյան փոխանցումների ուղղությունների թվում։ Բացի այդ, 17 ուղղությունների թվում առանձին-առանձին նշված են Վրաստանից չվերահսկվող Աբխազիան և Հարավային Օսիան: