Դրախտ. 3 հարց ու պատասխան
Որտե՞ղ էր դրախտը՝ ըստ Աստվածաշնչի
Սուրբ Գրքում գրված է, որ Դրախտն արևելյան կողմում էր՝ Եդեմ կոչված վայրում: (Ծննդ. 2:8) Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհին՝ այն ժամանակ Հայաստանի Խնուս գավառի Բին-Գյոլ կոչված վայրին, որովհետև դրախտից դուրս եկող չորս գետերը՝ Փիսոնը՝ ճորոխ գետը, Գեհոնը՝ Արազ գետը, Տիգրիսն ու Եփրատը բխում էին այդ կողմերի լեռների ստորոտներից:
Այժմ որտե՞ղ փնտրել դրախտը
Հին Կտակարանում նշվում է երկրային դրախտի մասին: Սխալ կլինի աշխարհում՝ որևէ վայրում, դրախտը փնտրելը, քանի որ առաջնային իմաստով այն հոգևոր իրականություն է, հոգևիճակ: Դրախտն Աստծո ներկայությունն է, որ մարդը զգում է իր շուրջը: Քրիստոս հաստատեց, որ Աստծո Արքայությունը նաև մարդու ներսում է: (Ղուկաս 17:21) Մենք պետք է վերապրենք դրախտային երանությունն այս աշխարհում: Արժանանալ դրախտին նշանակում է՝ զգալ Աստծո իրական ներկայությունը և ապրել Աստծո հետ։
Դրախտից դուրս կյանքը պարգև, թե՞ պատիժ է
Կյանքը, որն ուներ մարդն անկումից առաջ և հետո, եթե պարգև է, ապա մարդուն Կենաց ծառի պտղից զրկելը պատիժ է։ Եթե կյանքը պատիժ է, ապա դրախտից արտաքսումը՝ պարգև։ Կարող է հարցադրումը տարօրինակ հնչի, քանի որ մարդկային տրամաբանության մեջ ամրագրված է, որ կյանքը լավ է, իսկ մահը՝ վատ։ Գուցե, բայց եկեք հասկանանք նաև․ կյանքն առանց Աստծո մա՞հ է, թե` ոչ։
Իսկ մահը հանուն Արքայության կյա՞նք է, թե` ոչ։ Իսկ գուցե կյանքը ոչ բարի՞ է, ոչ էլ չա՞ր։ Եվ հարցը ոչ թե ապրելու ու մեռնելու մասին է, այլ, թե ինչպես կապրես ու ինչպես կմեռնես։
Չէ՞ որ Կենաց ծառն էլ երաշխավորում էր կյանքը, այլ ոչ թե կյանքի որակը։ Պատկերացնո՞ւմ եք ինչպիսին կլիներ մեր կյանքի որակը, եթե դրախտում հավիտենապես ապրեինք անկյալ բնությամբ և ոչ մի հույս՝ ինչ-որ բան փոխելու։ Եկեղեցու փակ վարագույրը Կենած ծառ տանող փակ ճանապարհի խորհուրդն է ու ոչ միայն խորհուրդ է, այլև՝ հույս, որ եթե փոխվենք՝ կբացվի։