Հայտնի է, թե ինչքան փող է եկել Հայաստան
Կառավարությունն ինքնագոհ հայտարարում է, որ մեր տնտեսությունը գտնվում է աճի բարձր մակարդակի վրա, որ ՀՆԱ-ն մեծ տեմպերով ավելանում է։ Իսկ թե այդ ամենի մեջ ի՞նչ դեր ունեն արտաքին գործոնները, խուսափում է ասել։
Մինչդեռ կան գործոններ, որոնց ազդեցությունն ահռելի է։ Բավական է նշել, թե վերջին երկու տարիներին ինչքան գումարներ են եկել Հայաստան։
Միայն բանկային համակարգով երկու տարում ստացվել է գրեթե 11 մլրդ դոլար։
Ցանկացած կառավարություն կերազեր ֆինանսական այսպիսի հսկայածավալ մուտքերի մասին, որոնք էական դեր են ունեցել արձանագրվող տնտեսական աճերի գործում։
Դեռ չենք ասում, թե ինչքան էլ եկել է բանկային համակարգը շրջանցելով։
Ու որքան էլ այդ գումարները մեծամասամբ ուղղված են եղել արտաքին առևտրի ֆինանսավորմանը, էական ազդեցություն են թողել՝ ինչպես բանկային համակարգի, ծառայությունների, այնպես էլ՝ արտաքին ու ներքին առևտրի աճերի վրա։
Բանկային համակարգով 2022թ. Հայաստան էր եկել շուրջ 5,2 մլրդ դոլար, անցած տարի եկել է գրեթե 5,7 միլիարդ՝ 505 մլն դոլարով ավելի, քան նախորդ տարի։ Խոսքն առևտրային և ոչ առևտրային հոսքերի մասին է։
Ճիշտ է, աճի տեմպն անցած տարի դանդաղել է, բայց տարվա կտրվածքով շարունակել է պահպանվել բարձր մակարդակում, որքան էլ արձանագրված 9,7 տոկոս ավելացումը կապված է եղել գերազանցապես տարեսկզբի հետ։
Երկրորդ կիսամյակից սկսած ֆինանսական հոսքերը Հայաստան սկսեցին նվազել։ Երբեմն՝ բավական կտրուկ։
Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա դեկտեմբերին 114 մլն դոլարով ավելի քիչ գումար է եկել, քան նախորդ տարի։
Ֆինանսական հոսքերի կրճատումն այդ ամսին անցնում է 19 տոկոսից։ Ստացվել է 476 մլն դոլար՝ նախորդ տարվա 590 միլիոնի փոխարեն։
Դրանով հանդերձ, Հայաստանի բանկային համակարգի միջոցով անցած տարի ահռելի մեծ ֆինանսական միջոցներ են շրջանառվել։ Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը դրանք անգամներով քիչ էին։ Լավագույն դեպքում դրսից կատարված փոխանցումները տատանվում էին 2 մլրդ դոլարի շրջանակներում։ Նախորդ տարի դրանք կազմեցին գրեթե 5,2 միլիարդ, իսկ անցած տարի հասան 5,7 միլիարդի, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն բարձր տնտեսական աճեր գրանցել, այլև պայմաններ ստեղծել բանկերի համար՝ մեծապես ավելացնելու հասույթները։
Հիմնականում այս հոսքերի սպասարկման հետ են կապված՝ ինչպես բանկային որոշ ծառայությունների կտրուկ աճերը, այնպես էլ՝ վերջին երկու տարիներին ձևավորվող հսկայական շահույթները։
Հիշեցնենք, որ 2022թ. դրանք կազմեցին 263 մլրդ դրամ կամ գրեթե 670 մլն դոլար։ Երեք անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։
Անցած տարի, թեև բանկերի շահույթները նվազեցին 33 միլիարդով, այնուհանդերձ շարունակեցին շատ ավելին լինել, քան մինչև ֆինանսական այն ահռելի հոսքերը, որոնք հայտնվեցին բանկային համակարգում ռուս-ուկրաինական հակամարտությունից անմիջապես հետո։
Անցած տարի Հայաստան եկած գումարների մեծ մասն առևտրային փոխանցումներն են։
Առևտրային փոխանցումներն ավելացել են, ոչ առևտրայինները՝ նվազել։
Առաջինը, ինչպես հայտնի է, վերաբերում է արտաքին առևտրի ֆինանսավորմանը և կապված է հիմնականում վերարտահանումների հետ, երկրորդը՝ ֆիզիկական անձանց ստացած գումարներն են։ Այդ գումարներն են, որոնք նվազել են։ Ավելի շատ, քան ընդհանուր հոսքերի ավելացումն է։
Ֆիզիկական անձանց ստացած կամ, այսպես կոչված՝ մաքուր տրասնֆերտները կրճատվել են ավելի քան 682 մլն դոլարով։
Անցած տարի դրանք կազմել են 1,3 մլրդ դոլար։ Նախորդ տարի գրեթե 2 միլիարդի սահմաններում էին։
Այս գումարների կրճատումը կապված է երկու հիմնական գործոնի հետ։
Նվազել են դրսից Հայաստանի քաղաքացիների ստացած գումարները։ Այդ գումարները գալիս են հիմնականում աշխատանքային միգրանտների միջոցով։ Որոշ մասն էլ արտերկրում գտնվող հարազատների ուղարկած օգնություններն են։ Դրանց միջոցով մարդիկ լուծում են իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները։
Ոչ առևտրային փոխանցումների նվազումը կապված է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից անմիջապես հետո Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Նրանց մի մասը հեռացել է՝ դադարելով դառնալ տրանսֆերտային փոխանցումների ավելացման աղբյուր։
Այս երկու գործոններն են, որոնք դարձել են ոչ առևտրային տրանսֆերտների կրճատման պատճառ։
Փոխարենը՝ առևտրային փոխանցումներն անցած տարի ավելացել են։
Եթե 2022թ. դրանք կազմել էին շուրջ 3,2 մլրդ դոլար, 2023թ. հասել են գրեթե 4,4 միլիարդի։
Առևտրային փոխանցումներն ավելի քան 37 տոկոսով աճել են։ Դրանք գնացել են գերազանցապես վերարտահանումների ֆինանսավորմանը, ինչը երևում է ֆինանսական միջոցների արտահոսքի ցուցանիշներում։
Անցած տարի ահռելի արտահոսք է եղել Հայաստանից՝ ավելի քան 4 մլրդ դոլարի չափով։
Արտահոսքի ծավալները 55 տոկոսով ավելացել են։ Նախորդ տարի արտահոսքը կազմել էր 2,6 մլրդ դոլար։
Չորս միլիարդից գրեթե 3,6 միլիարդն առևտրային արտահոսքն է։ Այս գումարները շրջանառվելով բանկային համակարգում, գնացել են տարբեր երկրներ։
Ամենամեծ արտահոսքն արձանագրվել է դեպի Ռուսաստան՝ կազմելով 641 մլն դոլար։
Սակայն, եթե Ռուսաստանի հետ առևտրի ֆինանսավորման նպատակով միշտ էլ ֆինանսական միջոցների նման շարժեր եղել են, մի շարք այլ երկրների պարագայում դա նկատվում է հիմնականում վերջին երկու տարիներին։
Ֆինանսական միջոցների արտահոսքի ծավալով երկրորդն Արաբական Միացյալ Էմիրություններն է, որտեղ անցած տարի Հայաստանից գնացել է 571 մլն դոլար։ Ավելի շատ, քան Միացյալ Նահանգներ։
Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարված փոխանցումները կազմել են 465 մլն դոլար։ Այս գումարները մեծամասամբ ուղղվել են տրանսպորտային միջոցների և այլ ապրանքների ներմուծմանը, որոնք հիմնականում վերարտահանվում են ռուսական շուկա։
Ֆինանսական միջոցների մեծ արտահոսք է եղել նաև Մոնակո, որտեղ Հայաստանից գնացել է ավելի քան 405 մլն դոլար։ Մեծ Բրիտանիա է փոխանցվել 289 մլն դոլար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ