Կվստահե՞ն արդյոք արցախահայերը Ռուսաստանին. ռուս դիվանագետները խնդրահարույց ձևակերպումներ են անում

Ռուս դիվանագետները խճճվել են իրենց հակասական ձևակերպումներից ու հայտարարություններից՝ դրանով իսկ խճճելով ու անհասկանալի դարձնելով ՌԴ հարավկովկասյան քաղաքականությունը։

Օրերս ռուսական «Իզվեստիա»-ին հարցազրույց էր տվել Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական գործընթացի, Բաքվի սեպտեմբերյան ռազմական գործողությանը, որը հանգեցրեց Արցախի էթնիկ զտմանը, խաղաղապահների հարցին, և այդ ամենը՝ խիստ ադրբեջանահաճո ձևակերպումներով։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումը Եվդոկիմովը անվանել էր «հակաահաբեկչական» գործողություն, ինչպես դա անվանում են հենց ու միայն ադրբեջանական իշխանությունները՝ ըստ էության դրանով իսկ արդարացնելով Ադրբեջանի արյունալի օպերացիան, ինչպես նաև արցախահայությանն անվանելով «ահաբեկիչներ»։

«Թեման շատ կարևոր է։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի հայտարարության մեջ Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ՝ այնտեղ ռուս խաղաղապահներ են մտցվել հինգ տարի ժամկետով, սա հասկանալի էր: Այնտեղ բնակվում էր հայ բնակչություն, տարբեր հաշվարկներով՝ 110-120 հազար մարդ։ Խաղաղապահները կատարում էին իրենց գործառույթը, մի կողմից՝ պաշտպանելով Ադրբեջանի այս տարածքը, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու իրենց անվտանգությունը։ Իսկ այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»,- ասել էր մասնավորապես ռուս դիվանագետը։

Կարդացեք նաև

Նա ընդգծել էր՝ Ղարաբաղի հարցը փակված է։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմա համաձայնեցվում են խաղաղապահ զորախմբի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։

Եվդոկիմովը նաև ասել էր, որ ՌԴ-ում մարտի 15-17-ն անցկացվող նախագահական ընտրությունների հետ կապված Ադրբեջանում բացվելու են ընտրատեղամասեր, քվեարկության կետ է բացվելու նաև Ստեփանակերտում (նա անվանել է Խանքենդի), քանի որ այնտեղ ռուս խաղաղապահ զորախումբն է գտնվում։

Ըստ Եվդոկիմովի՝ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները «միանգամայն արդարացված են»։

«Այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, կարծում եմ՝ կարելի է բավական արագ ավարտել այդ բանակցությունները։ Տեսնում եմ, որ Ադրբեջանը տրամադրված է շատ արագ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունները։ Սակայն, ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտելու համար նման ցանկություն պետք է ունենան երկու կողմերն էլ։ Մենք պատրաստ ենք տրամադրել մոսկովյան հարթակը։ Այստեղ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շատ լավ փոխգործակցություն ունենք»,- նշել էր նա՝ ըստ էության ողջ հարցազրույցում երկրորդելով ադրբեջանական տեսակետները։

Ուշագրավն այն է, որ մինչ Ադրբեջանում ՌԴ դեսպանն արցախահայությանն անվանում է «ահաբեկիչներ», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին:

Նրա խոսքով՝ դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար: Նախօրեին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունն այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,- ասել էր Զախարովան։

Նա նշել էր, որ այս հարցը կլինի առաջիկայում Մոսկվա-Բաքու՝ խաղաղապահների գործունեության հարցով կոնտակտների օրակարգում։ Նախօրեի ճեպազրույցում Մարիա Զախարովան չկարողացավ պատասխանել հարցին, թե ում է Եվդոկիմովն անվանում «ահաբեկիչներ» ու ինչու։ Այս թեմայով տրված հարցից նա խուսափեց՝ լղոզելով պատասխանը ու հմտորեն փոխելով հարցի բուն թեման։

168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են արցախահայերը վստահելու ռուսական կողմին և վերադառնան Արցախ ՌԴ-ի միջնորդած երաշխիքներով, երբ ռուս դեսպանն Ադրբեջանի ռազմական օպերացիան և Արցախի էթնիկ զտումը որակում է հակաահաբեկչական գործողություն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ճիշտ է հետևել ՌԴ գլխավոր դիվանագետի արած հայտարարություններին, որովհետև նա է ճիշտ արտացոլում արտաքին քաղաքական դիրքորոշումները։

Նրա խոսքով, իհարկե, դեսպանները ներկայացնում են ԱԳՆ դիրքորոշումները, իրականացնում ԱԳՆ հանձնարարականն ու քաղաքականությունը, սակայն նրանք նաև հաշվի են առնում այն առանձնահատկությունները, որոնք ունի երկիրը, որում նրանք առաքելություն են ծավալում։

Նրա կարծիքով, հենց այս դեպքը պետք է ընկալել այս դիտանկյունից։

«Դիվանագիտությունը նաև խոսքի, ճկունության արվեստ է, որը պետք է ծառայի երկրի քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Կան ձևակերպումներ, որոնք նրբազգաց իրավիճակների վերաբերյալ պետք չէ անել, սակայն միևնույն ժամանակ կարևոր է վերջերս ՌԴ ԱԳՆ-ի կողմից առաջ մղվող օրակարգը, որից խոսեց թե փոխարտգործնախարարը, թե Զախարովան։

Իսկ կոնկրետ երկրի դեսպանը կաշկանդված է շատ հանգամանքներով։ Բացի այդ, Երևանից ևս հաճախակի հնչում են անհասկանալի հայտարարություններ, արվում են քայլեր, որոնց ՌԴ-ն հավելյալ սրություն չի փորձում հաղորդել` հասկանալով աշխարհաքաղաքական իրավիճակն ու ՀՀ մարտահրավերներն ու անձամբ իր հնարավորությունները»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, միանշանակ է, որ պետք է հետևել այն հայտարարություններին, որոնք անում է ՌԴ ԱԳՆ-ն, և որոշումներ կայացնել՝ ելնելով այդ դիրքորոշումներից։

«Եթե չեմ սխալվում, ՌԴ ԱԳՆ-ն իր ձևակերպումներում զուսպ է եղել հատկապես ԼՂ բնակչությանն անդրադառնալիս, ՌԴ կառավարությունը հումանիտար աջակցության ծրագրեր է իրականացրել, օգնություն ուղարկել, խաղաղապահները տեղում հնարավորի սահմաններում փորձել է օգնել, և սա՝ իրավիճակում, երբ ՌԴ-ն ռազմական գործողությունների մեջ է Ուկրաինայում։

Սակայն Ղարաբաղյան այս ողջ ճանապարհն այնքան բարդ էր, բազմակողմ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում, որ խաղաղապահների ու ռուսական ռեսուրսը սահմանափակ է եղել և արժանացել է մեծ քննադատության։ Ուստի, կարծում եմ, վաղ է դեռ խոսել կոնկրետ վերադարձից, քանի որ դրա համար դեռ պետք է բանակցություններ ծավալվեն ու համապատասխան պայմաններ ստեղծվեն։

Մինչ այդ վստահելուց խոսելը, կարծում եմ, տեղին չէ։ Այնուամենայնիվ ՌԴ-ն ցանկանում է այս հարցը բարձրացնել, ճանաչելով մարդկանց իրավունքը։ Սա նաև դրական կանդրադառնա ռուսական քաղաքական իմիջի վրա, կստեղծի պայմաններ խաղաղապահների տեղակայումը երկարաձգելու համար։ Սակայն նաև կարծում եմ, որ սա ամենաբարդ հարցերից մեկն է, այդ թվում՝ Ռուսաստանի համար, քանի որ ՕԴ-ն այս հարցով լուրջ աջակիցներ չունի ու միայնակ պետք է առաջ մղի այս օրակարգը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս