Թիվ մեկ քաղաքական ամբիոնից ո՞ւմ բիզնես շահերն է սպասարկում Խաչատուր Սուքիասյանը
Երբ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության հայտնի գործարար պատգամավորը քաղաքական թիվ մեկ ամբիոնից արդարացնում է Վրաստանի իշխանությունների այն քայլերը, որ տուգանում կամ արգելում են բեռնափոխադրողներին երկու բաքով լիցքավորված մեքենաներով մտնել Վրաստան, ո՞ւմ շահերն է սպասարկում՝ Վրաստանի՞, թե՞ սեփական բիզնեսի։
Սա ի՞նչ է՝ քաղաքականության ու բիզնեսի տարանջատո՞ւմ, թե՞ միաձուլում։
Հիշում եք, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչեր էր ասում բիզնեսի ու քաղաքականության մասին. ասում էր՝ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատել։
Սա՞ է բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը։
Այն, ինչ օրերս Ազգային ժողովի ամբիոնից անում էր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով, չնայած, մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չի զբաղվում բիզնեսով, սեփական բիզնեսի սպասարկման դասական օրինակ է։ Կապ չունի՝ նա զբաղվում է իր բիզնեսի կառավարմամբ, թե ոչ։
«Պարոն Դանիելյանը երեկ շատ ճիշտ տնտեսական հարց էր բարձրացնում։ Ասում ա՝ Վրաստանում չեն թողնում, որ բենզին մտնի։ Վրաստանի պետությունը լուրջ պետություն ա դառել, տեսել է, որ էդ բենզինը կամ դիզվառելիքը, որ մտցնում է Վրաստանի պետության տարածք, հարկեր չի վճարում, ակցիզ չի վճարում, արգելել ա։ Իհարկե, մեր հայկական վարորդներն էլ պետք է հարգեն էդ պետության օրենքը, հարգեն էդ պետության բյուջեն, էդ պետության քաղաքացիներին։ Ընենց դուրս եկավ, որ Հայաստանի պետությունն ա մեղավոր, որ մի քանի հոգի ուզում են բենզին ներկրեն՝ առանց ակցիզը, առանց ավելացված արժեքի հարկը վճարելու Վրաստանի պետությանը։ Վրաստանի պետությունն էլ ասում է՝ մի րոպե, արդեն մեծ քանակ ա կազմում մեր ընդհանուր ծավալի մեջ։ Էս որ դուք մի-մի տոննա, հազար մեքենա է օրական մտնում, հազար տոննա՝ առանց հարկ վճարելու։
Դուք սա ընենց ներկայացրեցիք, հասարակությունը մտածեց, էս ո՞վ են էս Հայաստանի իշխանությունները, որ չեն կարողանում գնան մի հատ էդ Վրաստանի իշխանություններին…։
Վրաստանի իշխանությունն իրա խնդիրն ա լուծում, իրա երկիրն ա ուժեղացնում»,- Ազգային ժողովի ամբիոնից, դոշ ծեծելով, հայտարարում էր Խաչատուր Սուքիասյանը, Հայաստանի բեռնափոխադրողների շահերը պաշտպանելու փոխարեն՝ պաշտպանելով Վրաստան պետության շահերը։
Վրաստան պետությունը հաստատ շատ ավելի լավ գիտի իր շահերը, և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խնդիրը պետք է լինի ոչ թե Վրաստան պետության, այլ Հայաստանի քաղաքացու ու բեռնափոխադրողների շահերը պաշտպանելը։
Հիշեցնենք, որ Վրաստանը արգելել է, որ բեռնափոխադրողները, ովքեր մեքենաների վրա վառելիքի երկու բաք ունեն տեղադրած, ընդ որում՝ նույնիսկ գործարանային արտադրության, երկուսն էլ վառելիքով լիցքավորված անցնեն սահման։ Ստիպում են դատարկել կամ վճարել դրա համար։
Ու Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի բեռնափոխադրողների շահերը պաշտպանելու փոխարեն, պաշտպանում է Վրաստան պետության շահերը։
Հարց է առաջանում, ինչո՞ւ։
Գուցե նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանն այստեղ սեփական բիզնես շահերն ունի՞։
Ինչպես հայտնի է, նա կամ իր ընտանիքի անդամները բիզնես հետաքրքրություններ ունեն Հայաստանի վառելիքի շուկայում։ Իշխանափոխությունից շատ չանցած նրանք հաջողությամբ տեղավորվեցին այս շուկայում՝ ձեռք բերելով «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում հայտնի դարձավ, որ «Ռան-Օյլ» ընկերությունը պատկանում է «Մեգա Թրեյդին», վերջինս էլ՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Գործարքից հետո այս ընկերությունն աստիճանաբար ամրապնդեց իր դիրքերը վառելանյութի շուկայում՝ սկզբնական շրջանում դա անելով նաև ավելի ցածր գներ առաջարկելով։ Կա՞ր դրանում դեմպինգ, թե՞ ոչ, այդպես էլ պարզ չդարձավ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որևէ կերպ չարձագանքեց նման գնային քաղաքականությանը։
Մտնելով վառելիքի շուկա, Խաչատուր Սուքիասյանը կարճ ժամանակում բավական ամուր դիրքեր զբաղեցրեց։
Ինչքանո՞վ դա արվեց իշխանական լծակներն օգտագործելու միջոցով, հայտնի չէ, բայց փաստ է, որ շուկա մտնելուց հետո Սուքիասյանների ընտանիքին պատկանող այս ընկերությունը վառելիքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքեց, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության հետ։
Միայն պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի գինը 5,5 մլրդ դրամ էր՝ ավելի քան 11 մլն դոլար, որի շրջանակներում ընկերությունը պիտի ՊՆ-ին մատակարարեր բենզին և դիզելային վառելիք։
Հետո այլ պետական մարմինների հետ ևս «Մեգա Թրեյդը» մատակարարման պայմանագրեր կնքեց, ընդլայնեց նաև մասնակցությունը վառելիքի շուկայում։
Բոլորովին վերջերս էլ տեղեկատվություն եղավ, որ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող և վառելիքի շուկայում հանդես եկող «Մեգա Թրեյդը», գործարք է կնքել վրացական մեկ այլ՝ «Անիս Փետրոլեում» ընկերության հետո։ Երկու ընկերությունները միավորվել են և վառելիքի շուկայում պատրաստվում են հանդես գալ նոր ապրանքանիշի ներքո։
Այս ամենը վկայում է, որ Խաչատուր Սուքիասյանն ակնհայտ հետաքրքրություններ ունի վառելիքի շուկայում, անկախ նրանից՝ ուղղակիորեն մասնակցո՞ւմ է այս ոլորտում գործող՝ իրեն կամ իր ընտանիքին պատկանող բիզնեսի կառավարմանը, թե՞ ոչ։ Ու երբ նա Ազգային ժողովի ամբիոնից արդարացնում է Վրաստանի իշխանությունների այն քայլերը, որոնք ի վնաս Հայաստանի բեռնափոխադրողների են, մի՞թե իրականում չի պաշտպանում իր սեփական բիզնեսի շահերը։
Այն, որ բեռնափոխադրողները Ռուսաստանում են լիցքավորում իրենց մեքենաները, ավելի էժան վառելիքով, որպեսզի հետադարձի համար ևս վառելիք ունենան, չի բխում Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի շահերից։ Նա, բնականաբար, շատ կուզենար, որ Հայաստանում լիցքավորեին, այն էլ՝ հավանաբար իր ընկերության լիցքավորման կետերից։ Ոչինչ, որ Հայաստանում վառելիքն անհամեմատ ավելի թանկ է։
Սա է պատճառը, որ Խաչատուր Սուքիասյանն արդարացնում է Վրաստանի իշխանությունների սահմանած նոր կարգավորումները, որից տուժում են հայաստանյան բեռնափոխադրողները։ Եվ ինչո՞ւ միայն բեռնափոխադրողները. Որքան բեռների տեղափոխման ծախսերն ավելանում են, այնքան բեռնափոխադրումներն ու ապրանքներն ավելի են թանկանում։ Դա ոչ միայն ներմուծողների, այլև արտահանողների շահերից չի բխում։ Բայց Խաչատուր Սուքիասյանին այդ հանգամանքը հավանաբար այնքան էլ չի անհանգստացնում, որքան էլ խնդիրն ակնհայտ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ