Մութ պատմություն՝ «Ադամանդե ձեռքը»․ նոր մոտիվներ, հին հաշիվներ․ ռուսական ԱԴԾ-ն հայտնում է, Բաղիկյանն ու Սուքիասյանը՝ հերքում

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ նախօրեին տարածած աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում դարձել է քննարկումների թոփ թեմաներից։

Ռուսական ФСБ-ն Հայաստանի Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը մեղադրում է ադամանդների հափշտակման հետ կապ ունենալու մեջ։ Ըստ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները «Алроса» ընկերությունից ադամանդների սիստեմատիկ հափշտակման դեպքեր են բացահայտել, որոնցում ներգրավված են եղել կոնցեռնի աշխատակիցներից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին և Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։

«Մոտ 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակի հափշտակման փորձի ժամանակ վերոնշյալ անձինք ձերբակալվել են»,-հաղորդել էր ФСБ-ն՝ նշելով, որ հանցագործության կազմակերպիչները Հայաստանի քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են, «որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ ադամանդի հումքի մաքսանենգության համար», իսկ «հափշտակված ադամանդներն առաքվում էին Հայաստանում գործող «Դայմոնդ» ընկերությանը, որի շահառուն է գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խ․Ա․ Սուքիասյանը»։

Սրան անմիջապես հաջորդեցին Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի և ADM Diamonds-ի հիմնադիր տնօրեն Արտակ Բաղիկյանի հերքումները։

Կարդացեք նաև

«Խաչատուր Սուքիասյանը որևէ կապ չունի և չի ունեցել ադամանդների բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության հետ»,- ասել էին ՔՊ-ական պատգամավորի գրասենյակից։ Արտակ Բաղիկյանն էլ նկատել էր, թե դեռ վաղուց՝ ADM Diamonds-ի բացման օրից են իրենց փորձում կապել քաղաքական խմբերի ու անհատների հետ, մինչդեռ իրենք որևէ առնչություն չունեն որևէ ուժի, խմբավորման հետ։

«Այս բոլոր տեսակի ստահոդ լուրերը խաթարում են մեր բնականոն գործունեությունը, դառնում անհարկի շահարկումների առիթ։ Ուստի, առաջին հերթին մենք ինքներս ենք շահագրգռված այս գործի բացահայտմամբ, և հենց ինքներս ենք հետամուտ լինելու, որպեսզի դա տեղի ունենա օր առաջ։ Մենք մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ու ազնիվ աշխատանքով։ Այսօր մենք Հայաստանում միակ խոշոր ադամանդագործական ընկերությունն ենք, որը հայկական ադամանդագործության ավանդույթների պահպանման, մեր երկրում այս կարևոր տնտեսական ուղղության զարգացման ջատագովն է։ Մենք, անկախ բոլոր տեսակի դժվարություններից ու ճգնաժամերից՝ փորձում ենք պահպանել արտադրությունը, քանի որ քաջ գիտակցում ենք դրա կարևորությունը Հայաստանի նման փոքր երկրների համար»,- ասել էր նա։

Իսկ հիմա՝ այն, ինչ կա այս հայտարարություններից զատ

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2017 թվականին գրանցված և 2019 թվականին նոր գործարանով հանրությանը ներկայացած «ԷՅ․ ԴԻ․ ԷՄ․ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերությունը մինչև 2024 թվականի մարտ ամսին իրական շահառուների վերաբերյալ ներկայացրած հայտարարագիրը՝ 50/50 տոկոս համամասնությամբ պատկանել է Արտակ Բաղիկյանի ծնողներին՝ Մարինե և Ասպարիկ Բաղիկյաններին, 2024 թվականի մարտից արդեն ընկերության 100 տոկոս բաժնեմասի իրական շահառու է նշվում Արթուր Օհանջանյանը, որը, մեր տեղեկություններով՝ Բաղիկյանների կնքահայրն է։

Արտակ Բաղիկյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, նաև 2022 թվականին Աբովյան քաղաքում գրանցված «ԷՅ ՎԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է, մյուս 50 տոկոսն էլ պատկանում է Վիտխալբխայ Ռամանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, բավականին կարևոր օղակ է եղել ալմաստների մատակարարման շղթայում։

Այսպես, օրինակ, ըստ տեղեկությունների` 2022-2023թթ. «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» ՍՊԸ-ի համար, «Ալռոսա»-ից զատ, եղել են նաև ռուսական այլ մատակարարներ՝ ինչպես, օրինակ, «Իմպերիալ Դայմոնդ» ՍՊԸ-ն, որն 99%-ով Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Գլոումոր ԴՄՍՍ» «Глоумор ДМСС» ընկերությանն է պատկանել, և 1%-ով՝ Ռուսաստանում ադամանդագործության և շինարարության ոլորտի գործարար, ՌԴ քաղաքացի Վիտխալբխայ Ռամանին (Рамани Витхалбхай Валлабхбхай)։

«ԷՅ․ԴԻ․ԷՄ․Դայմոնդսի» և Խաչատուր Սուքիասյանի առնչակցության մասին խոսակցությունները սկսել էին տարածվել դեռ տարիներ առաջ, և 2020 թվականին ընկերության ղեկավարությունն ասուլիսում անդրադառնալով՝ դարձյալ հերքել էր դրանք։

Ի դեպ, դեռ այդ օրերին էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսաուղերձով հանդես եկել և «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին» հերթական տեսանյութում մեղադրել իշխանություններին արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։ Միքայել Մինասյանն անուններ չէր տվել։

2021 թվականի հունվարի 29-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադամանդի ներմուծման ժամանակ առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներից խուսափելու դեպք է հայտնաբերել․ կեղծվել էր ադամանդի արժեքը և իրականից 6 անգամ ավելի քիչ ներկայացվել։ Արդյունքում, պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել «առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ»։

Ըստ Դատախազության՝ չէր վճարվել 17 մլն դրամի մաքսատուրք։ Ներմուծողը, ըստ հրապարակումների, «Էյ․Դի․ Էմ. Դայմոնդս» գործարանին փոխկապակցված ընկերությունն էր՝ «Կարաբրա» ՍՊԸ-ն։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նաև Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա էր ձերբակալվել։ Նույն օրը լրատվամիջոցները նույնականացրել էին, որ ձերբակալված պաշտոնյային կաշառք տալու մեջ մեղադրվում են գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները։ Նշել էին, թե վերջիններս մտերիմ հարաբերությունների մեջ են մեկ այլ գործարարի՝ Խաչատուր Սուքիասյանի հետ, ավելին՝ որ Սուքիասյանի միջնորդությամբ էին Բաղիկյան եղբայրները ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս հրավիրել Աբովյանում հիմնած ադամանդի գործարանի բացմանը։

«Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բրիլյանտի գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են Բաղիկյան եղբայրները, ովքեր ևս բերման էին ենթարկվել։ Նրանք ուշագրավ անուններ են հնչեցրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում։ Բացի այդ, տեղեկությունների համաձայն՝ խոսք է գնացել այն մասին, որ այս կերպ ինչ-որ անձինք փորձ են անում խլել իրենց բիզնեսը։ Տրվել են կոնկրետ անուններ։ Այս պահին մենք զերծ կմնանք այդ անունները հրապարակելուց և կհայտնենք լրացուցիչ ճշգրտումներ անելուց հետո։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ է հրավիրվել գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա հարցաքննվել է սույն գործի շրջանակներում։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել վերջինիս մամուլի խոսնակից։ Աննա Մկրտչյանը հարցը լսելուց հետո նախ ժամանակ խնդրեց այն ճշտելու համար, նշելով, թե մեզանից է այն առաջին անգամ լսում, որից հետո կտրուկ պատասխանեց, թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-2021 թվականի փետրվարին գրել էր ArmDay.am-ը՝ «Բիզնես խլելո՞ւ փորձ. Սուքիասյանը հրավիրվել է ԱԱԾ» հրապարակման մեջ։

Ի՞նչ կա այժմ Նախօրեից համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում 2019 թվականին գործարանի բացմանը ներկա հայտնի գործարար՝ համատեղությամբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասում էր․ «Ես կարծում եմ՝ մենք․․․ 2020 թվականին առաջին, երկրորդ եռամսյակից հետո կարելի է մտածել 2-րդ, 3-րդ հարթակներ ստեղծելու մասին»։ Ըստ լրատվամիջոցի՝ նա տեղեկացրել էր նաև, որ անմիջական առնչություն ունի գործարանի հետ։

Ավելին՝ գործարանի բացմանը ներկա այլ լրատվամիջոցները ևս գրել էին․ «Սուքիասյանն ասաց, որ ադամանդի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները, հետո, շարունակելով ՀՀ-ում ադամանդագործության զարգացման թեման` նշեց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բիզնեսն ազատ ու թափանցիկ գործելու հնարավորություն է ձեռք բերել»։

168.am-ն Արտակ Բաղիկյանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց լրատվամիջոցներում առկա տեղեկությունը, ըստ որոնց, Խաչատուր Սուքիասյանը «ԷՅ. ԴԻ. ԷՄ. Դայմոնդս» գործարանի բացման օրն ասել է, որ ինքն անմիջական կապ ունի գործարանի հետ, ապա շատ տեղեկացված ձևով ներկայացրել գործարանի անելիքները։

«Ինքը որևէ առնչություն չունի․շատ տվյալներ կան վիճակագրական, որին շատ մարդիկ են տիրապետում, կամ՝ կարող է բարի ցանկություն լինել, բայց Խաչատուր Սուքիասյանը երբևէ մեզ հետ կապ չի ունեցել և չունի,- Խաչատուր Սուքիասյանի ասածների մասին նշեց Արտակ Բաղիկյանը, ապա անդրադառնալով մեր դիտարկմանը մամուլում տարածվող այն տեղեկությունների մասին, թե Սուքիասյանն իրենց ընտանիքի բարեկամն է, արձագանքեց,-Ինձ հետ, «Էյ․ ԴԻ․ ԷՄ․ Դայմոնդսի» հետ որևէ բարեկամական ու գործնական կապ չունի։ Այդ ամենն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Դուք շուտով իմ պաշտպանի ելույթն էլ կլսեք, որտեղ հստակ ասվում  ՝ եթե իշխանական որևէ մեկի հետ կապ ունենայինք, այդքան քրեական գործեր մեզ վրա չէին կարվի՝ 2019-ից, 2020-ից սկսած»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց՝ ՀՀ անցյալ տարվա հունիս ամսից ռուսական հումք չի մտել․ դրանք պաշտոնական տվյալներ են։

Տեսանյութեր

Լրահոս