«Սահմանադրություն փոխելով՝ սրանք քարշ են տալու իրենց ողորմելի իշխանության գոյությունը». Մեխակ Մխիթարյան
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ «Սահմանադրությունը պետք է բխի Հայաստանի այսօրվա իրավիճակից, լուծի մարտահրավերները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին»։
Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «խաղաղությունն անհնարին կլինի, եթե Անկախության հռչակագրում մնա Արցախը Հայաստանին վերամիավորելու որոշումը»։
ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանի գնահատմամբ՝ Անկախության հռչակագիր փոխելը պարզապես հայոց երազանքը, գաղափարները ոչնչացնել է։
«Անկախության հռչակագիրը մեզ համար խորհրդանիշ է, մեր բոլորիս իղձերը, ապագան ու երկրի հետագան ճակատագիրը կողմնորոշող ամենակարևորագույն փաստաթուղթը։ Երբ մենք ընդունեցինք Անկախության հռչակագիրը, մեզ հետ էին նաև Արցախից ընտրված պատգամավորներ՝ 12 հոգի, այդ թվում՝ Իգոր Մուրադյանը, նրանց մեծ մասն այսօր, ցավոք, ողջ չէ։
Անկախության հռչակագիր փոխելն անհեթեթություն է, կարծում եմ՝ սրանք դրան չեն կարող հասնել։ Այս բանը մենք չպետք է թույլ տանք, նկատի ունեմ այն մարդկանց, որոնք դրա ակունքներում կանգնած են եղել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեխակ Մխիթարյանը։
Թե ի՞նչ քայլերով է պետք կանխել այս ամենը՝ հարցին, Մեխակ Մխիթարյանը պատասխանեց, որ ինչ անելու անելանելիությունն է, որ բոլորին համակել է, ու չգիտի՝ ինչպես պետք է իշխանության ու նրա հակահայ քայլերի դեմ պայքարել։ Բայց մեկ բան հստակ գիտի՝ ժողովրդի հետ պետք է պայքարեն՝ համազգային համախմբման միջոցով։
«Ցավոք, հիմա համազգային համախմբումից մնացել են միայն բառեր, որովհետև այսօր չկա այն ազգային գաղափարը, որի շուրջ կմիավորվի ազգը, ժողովուրդը։ Եթե 1988 թվականին այս գաղափարն Արցախն էր, հիմա Արցախի գաղափարն այնպես դեգրադացրեցին, որ մեր ժողովուրդն իր անտարբերությամբ, վերաբերմունքով ուղղակի ինձ զարմանք է պատճառում, ես չգիտեմ էլ՝ ինչ պետք է լինի, որ ժողովուրդն ըմբոստանա։ Ցավոք, ես չեմ տեսնում այդ գաղափարը։ Եթե նախկինում կար ինչ-որ գաղափար, այդ գաղափարը մարմնավորում էին ինչ-որ մարդ, մարդիկ, որի շուրջ համախմբվում էին, օրինակ, Վազգեն վեհափառը, Վիկտոր Համաբարձումյանը, Սոս Սարգսյանը և այլք, այսօր չկան ո՛չ այդ մարդիկ, ո՛չ գաղափարները։ Պիտի լինեն լուրջ հեղինակություններ, հայամետ մարդիկ, որոնք դուրս կգան, ու մարդիկ գոնե նրանց հետևից կգնան»,- նշեց մեր զրուցակիցը։
ԳԽ նախկին պատգամավորը միաժամանակ վստահ է՝ հայ ժողովուրդը դեռևս չի կորցրել իր արժեքներն այնքան, որպեսզի գնա ու կողմ քվեարկի Անկախության հռչակագրի փոփոխությանը, քանի որ ժողովրդի հանրաքվեով պետք է տեղի ունենան այդ փոփոխությունները։ Ժողովուրդը զիջել է իշխանություններին գրեթե ամեն ինչ, հույս ունի, որ գոնե Անկախության հռչակագրում եղած սկզբունքները չի զիջի։
«Իշխանության այս քայլը, անշուշտ, նշանակում է՝ ջուր լցնել թշնամու ջրաղացին, բայց իշխանության ամբողջ նպատակն իր աթոռն ու իշխանությունը պահելն է, ցանկանում են մի քանի տարով ևս պահել իրենց ողորմելի իշխանությունը։ Եթե Սահմանադրությունը փոխվում է, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսում է իր ասած՝ զրո կետից, և չի բացառվում, որ կրկին անցնեն կիսանախագահական կառավարման, և նա դառնա երկրի նախագահ։
Եթե այս ամենը Նիկոլին հաջողվի, ինչին կասկածում եմ, քանի որ այս ամենն իր ատամները կոտրելու է, ապա նա դեռ մի քանի տարի լինելու է իշխանության՝ պահպանելու է իր ողորմելի գոյությունը։ Եթե մեկ նախադասությամբ ասեմ, ապա Սահմանադրություն փոխելով՝ սրանք քարշ են տալու իրենց ողորմելի իշխանության գոյությունը, թշնամին էլ է ցանկանում, որ սրանք երկար մնան իշխանության ղեկին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր Թուրքիայում ու Ադրբեջանում ավելի են շահագրգռված, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քան Փաշինյանի թիմակիցները։ Ժողովրդի մեծ մասն էլ չի խոսում, քանի որ տարբեր հարցումների արդյունքում Փաշինյանի վարկանիշն իջել է շրիշակի մակարդակի։
Միաժամանակ նա ասաց, որ ժամանակին Հայաստանը չպետք է նախագահական կառավարման մոդելից անցում կատարեր խորհրդարանական կառավարման մոդելի, որի կողմնակից է եղել իր կողմից շատ հարգված ավանդական կուսակցությունը, որտեղ իր շատ լավ ընկերներն են։