Ալիևի բեմականացված ընտրական շոուն. ընտանիքով քվեարկել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 19:00-ին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղարության տեղեկատվական կենտրոնը քվեարկության ընթացքի և արդյունքների մասին նախնական տվյալներ կտրամադրի ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին: Ադրբեջանի իշխանությունները քվեարկություն են կազմակերպել նաև Արցախի տարածքում, և հաղորդվում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանակերտում իբրև թե քվեարկել է 2361 մարդ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 30,25 տոկոս, հայտնում է Ադրբեջանի ԿԸՀ-ն։
ԿԸՀ քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը հայտնել է, որ ժամը 10։00-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում քվեարկել է 1 259 371 մարդ, ընտրողների մասնակցությունը կազմել է 19,44%։ Իլհամ Ալիևն այս ընտրություններն առանձնահատուկ շոուի է վերածել և իր ընտանիքի քվեարկությունը կազմակերպել Ստեփանակերտում։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել՝ որպես ժողովրդավարական, սակայն տեղում դիտորդություն իրականացնում են միայն մի քանի հայտնի կազմակերպությունների դիտորդներ, օրինակ՝ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (TurkPA), ԱՊՀ, ԵԱՀԿ և ԵԽ դիտորդները։
Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ոչ Եվրախորհրդարանին, ոչ էլ ԵԽԽՎ-ին:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ֆրանկ Շվաբեն X-ի իր էջում անդրադարձել էր արտահերթ նախագահական ընտրություններին և դիտորդներին.
«Ադրբեջանում 512 միջազգային «դիտորդների» մեծ մասն «ընտրությունների կեղծ դիտորդներ» են։ Պատվիրել և վճարել է երկրի նախագահը։ Մինչ այժմ Եվրախորհրդի 30 դիտորդների երկիր չեն թողել։ Ֆարսին ԵԱՀԿ-ն չպետք է մասնակցի»,- գրել էր նա։
Meydan TV-ի հարցազրույցում նույնպես նա անդրադարձել է ընտրությունների թեմային։ «Գիտե՞ք, թե քանի կեղծ դիտորդական առաքելություն է հրավիրվել փետրվարի 7-ի ընտրություններին։ Դա կազմակերպված քարոզարշավ էր ադրբեջանական կողմից։ Հետո երկուշաբթի առավոտյան նրանց կարող եք տեսնել հեռուստացույցով, և նրանք կասեն, որ ընտրությունների հետ կապված ամեն ինչ կարգին է»,- նշել է Շվաբեն։ Նա հավելել է, որ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն երկու կազմակերպություններ՝ ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը։
Փետրվարի 5-ին էլ Շվեյցարիայում սկանդալ էր հասունացել, քանի որ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերի մուտքն Ադրբեջան արգելվել էր։ Գուգերն Ադրբեջան էր մեկնել՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ։ Բաքու վայրէջք կատարելուն պես դիվանագիտական մուտքի մոտ նրան կանգնեցրել էին ոստիկանության աշխատակիցները, առգրավել անձնագիրն ու մերժել մուտքը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին առանց որևէ խնդրի թույլ էին տվել անցնել, այդ թվում՝ շվեյցարական պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։
Գրանցումն անցել են նաև ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլաևը («Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիևը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան («Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն ու ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։