Ի՞նչ ուշագրավ փաստեր է առանձնացրել Հաշվեքննիչ պալատն Առողջապահության նախարարության 9 ամիսների հաշվեքննության արդյունքներում

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Առողջապահության նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները:

Հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2023 թվականի հունվարի 1-ից 2023 թվականի սեպտեմբերի 30-ն է, իսկ հաշվեքննությունը կատարվել է  2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Հաշվեքննության ամփոփագրում տեղ գտած մի քանի ուշագրավ փաստ.

Այսպիսով, պարզվում է, նախարարությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները ձեռք է բերել իրավական-մեթոդաբանական հիմնավորումներ չունեցող գներով:

Կարդացեք նաև

Այս առնչությամբ ԱՆ-ն պարզաբանել է, թե  առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների շրջանակներում իրականացվում են բժշկական ծառայությունների ծախսերի ակտուարական հաշվարկների և ծավալների գնահատման և դրանց հիման վրա հաստատված մեթոդաբանությամբ գների հաշվարկման աշխատանքներ, որի ավարտից հետո դրանք սահմանված կարգով կհաստատվեն և կներդրվեն:

Մեկ այլ դրվագով էլ տեղեկանում ենք՝ նախարարությունը  չի պահպանել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, համաձայն որի՝ «Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով»:

Հաշվեքննողն անհամապատասխանություններ է արձանագրել նաև Առողջապահության և Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետություններում.

«Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կողմից հաստատված հաշվետվությունները գումարային արտահայտությամբ կազմել են 21 միլիարդ 450 միլիոն 477 հազար 4 դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 21 միլիարդ 420 միլիոն 282 հազար 9 դրամ,

«Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման դեպքում ՊԱԳ կողմից հաստատված հաշվետվությունները գումարային արտահայտությամբ կազմել են  3 միլիարդ 685 միլիոն 225 հազար 98 դրամ, իսկ ֆինանսների նախարարություն ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 3 միլիարդ 715 միլիոն 756 հազար 46  դրամ:

Նշվում է, որ ԱՆ-ում առանձին դեպքերում կատարողականներն ընդունվել են բժշկական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերը կնքված չլինելու, կամ կատարողականի ընդունման՝ սահմանված համամասնություները գերազանցելու պարագայում, և, որ «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում որոշ ԲԿ-ներ ներկայացրել են հաշվետվություններ (որոնք ՊԱԳ-ի կողմից ընդունվել են), որոնց կատարողականները գերազանցել են Նախարարի հրամանով սահմանված կատարողականի ընդունման ամսական համամասնությունը:

Տեսանյութեր

Լրահոս