Երբ Նիկոլը չլինի, արդար դատավճիռ կլինի. դատարանն ազատ է արձակել փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտվածին

Այսօր դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով միակ դատապարտված Հարություն Գրիգորյանին:

Հուլիսի 27-ին դաժան ծեծի ենթարկված և շուրջ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել էր, իսկ նրա գործով հարազատներն արձանագրում էին՝ դատական գործընթացը սառեցվում է իշխանությունների ջանքերով: Ավելին՝ ուղղորդմամբ Արա Մխիթարյանի դաժան ծեծի գործով վկաների նկատմամբ գործեր էին հարուցվել ենթադրյալ սուտ մատնության վերաբերյալ:

«Առավոտյան էր դատավարությունը, դատը երկու օր առաջ էր եղել, բայց որոշումն այսօր էր կայացրել: Մենք մինչև գնացինք՝ իրենք որոշումը կայացրած դուրս էին եկել»,- պատմեց Արա Մխիթարյանի եղբայր Կարեն Մխիթարյանը:

Փոխգնդապետի եղբորը վրդովվեցրել է դատարանի որոշումը:

Կարդացեք նաև

«Պարզ է, որ բոլորը ծախված են՝ դատախազ, դատավոր, ով պաշտոն ունի, իր ուզածին կհասնի: Երբ Նիկոլը չլինի, նոր արդար դատավճիռ կլինի, որովհետև ամեն ինչ Նիկոլիկից է կախված: Ես այսօր եմ իմացել, որ Տրդատիկի եղբայրն էլ է դատավոր. դա էլ ինքնըստինքյան պարզ է: Տրդատ Սարգսյանը Հարությունին արանքից կհանի, որ գործը նորից չբացվի»,- նշեց նա:

Կարեն Մխիթարյանը հավելեց, որ բողոքելու են դատարանի որոշման դեմ, բայց մինչ այդ՝ նոր փաստաբան է փնտրելու:

Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Տեսանյութեր

Լրահոս