Մհեր Գրիգորյա՛ն, քարտեզով բանակցելը հավասար է Հայաստանից Ադրբեջանին ամեն ինչ հանձնելուն. Խոսրով Հարությունյան

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում ավարտվեց սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հունվարի 31-ի նիստը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս հանդիպմանն ընդառաջ հայտնել էր, որ երկու երկրների փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի, քանի որ կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն անընդունելի համարեց հայկական կողմի հղումը 1975 թվականի քարտեզներին, որտեղ նշված է, որ Տիգրանաշենը Քյարքի է, իսկ Տավուշի գյուղերն Ադրբեջանինն են։

«Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ինչո՞ւ ենք այդ թվականի քարտեզներն առաջարկում, երբ չենք էլ կարողանում Ադրբեջանին ստիպել, որ ադրբեջանական զորքը դուրս հանի Հայաստանի տարածքից։ Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ավելին է պահանջում ու կշարունակեն պահանջել, որ իրենց գրաված դիրքերը, որոնք ռազմավարական կարևորություն ունեն, արձանագրվեն՝ որպես Ադրբեջանի տարածք, ինչից հետո նոր կխոսեն սահմանագծում և սահմանազատում անելու մասին, որովհետև Ադրբեջանն առաջնորդվում է հետևյալով՝ ինչ տնօրինում եմ, այն էլ իմն է, հետևապես պնդում եմ՝ քարտեզի մասին բանակցելը նշանակում է Հայաստանից ամեն ինչ զիջել Ադրբեջանին»,- ասաց Խոսրով Հարությունյանը և հայկական կողմից սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին կոչ անեց առաջնորդվել ոչ թե քարտեզներով, որոնք շահեկան են Ադրբեջանի համար, այլ միջազգային երաշխիք ունեցող փաստաթղթով։

Կարդացեք նաև

«Մյուս կողմից՝ այդ ինչպե՞ս եք չափելու և հաշվելու՝ Հայաստանը 29 800 է՞, թե՞ ոչ, հետևապես, սահմանազատման նպատակը ոչ թե պետության տարածքը քառակուսի կմ-ով ապահովելն է, այլ սահմանների անվտանգությունը երաշխավորելը, իսկ դա նշանակում է, որ սահմանազատում պետք է արվի միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա, այն է՝ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված «Պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, հրատապ հարցեր և լուծումներ» վերնագրով փաստաթղթով, որը մշակվել և ընդունվել է հատուկ հետխորհրդային երկրների սահմանագծման և սահմանազատման համար»,- մանրամասնեց Հայաստանի նախկին վարչապետը՝ շեշտելով, որ հենց այս փաստաթուղթը պետք է դնել սեղանին, հակառակ պարագայում՝ Հայաստանի իշխանությունը զբաղված է զիջելով, որ աղմուկ չլինի։

«Զիջեմ, միայն ինձ չխփեն. սա է մոտեցումը, իսկ դա ինքնասպանություն է։ Դա նշանակում է Ադրբեջանին թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի ռազմավարական բարձունքներն իր ձեռքում պահելով՝ Հայաստանի պետականությունը դնի սպառնալիքի տակ անընդհատ։ Ադրբեջանի նպատակը հայոց պետականությունը վերացնելն է։ Էլ ի՞նչ լեզվով Ալիևն ասի, որ իր նպատակը Հայաստանն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Ալիևը հավակնում է գրել Հարավային Կովկասի պատմություն, որում Հայաստան չի լինի, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչպե՞ս ենք դրան դիմագրավում. իսկ դիմագրավելու ռեսուրս՝ ինչպես իրավական, այնպես էլ՝ ռազմական, Հայաստանն ունի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Լրահոս