Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Ռուսաստանից. Ի՞նչ սպասել ՀՀ-ՆԱՏՕ «մերձեցումից»

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ոգևորված է ՀՀ իշխանությունների կայացրած արտաքին քաղաքական որոշումներից և ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ցանկությունից։ Օրերս «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Կոլոմինան նշել է, որ իր վերջերս կատարած այցը Երևան «լավ ու շատ էական» էր՝ շեշտելով՝ շատ գոհ է Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից.

«Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը»,- ասել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների այս միտումներին, նշելով, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձենալ ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է հասկանալ, թե որքանով է այն անվտանգ ու ինչպիսի հետևանքների այն կարող է հանգեցնել: «Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի և շատ երկրների մտերմությունը՝ հակամարտություններ, անկախության և ինքնիշխանության կորուստ, սեփական ազգային շահերի իրացման հնարավորության բացակայություն»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հռետորական հարց ուղղեց, թե ինչպիսի՞ն են ՀՀ ազգային շահերը։ «Գուցե դա է պետք վերլուծել։ Երևի թե պետք է բացել քարտեզը, նայել, թե որ տարածաշրջանում, ինչ հարևանների շրջանում է գտնվում տվյալ երկիրը, պետք է կարդան պատմության դասագրքերը հատկապես նրանք, ովքեր արտահայտվում են այդ մտերմության օգտին, թեև խոսքն ինքնիշխան երկրների մասին է, իրենք կարող են որոշել, բայց այդ մտերմությունը ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների, հարևանների հետ։ Սա պետք է հասկանալ և այն, թե որն է հենց Հայաստանի ազգային շահը, ինչն է շահավետ, ինչն է բերում՝ կարճաժամկետ, ինչը՝ միջնաժամկետ, և ինչը՝ երկարաժամկետ օգուտ։ Սրանից է պետք ելնել, այլ ոչ թե խոստումներից»,- ասաց Զախարովան՝ հավելելով, որ Արևմուտքում բոլորին են խոստանում։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, մեկնաբանելով Զախարովայի դիտարկումները և հարցը, թե արդյո՞ք դա պետք է դիտարկել՝ որպես սպառնալիք ՌԴ-ի կողմից, ասաց, որ ՌԴ դիվանագիտության ներկայացուցիչը պարզապես անկեղծորեն ներկայացրել է ՌԴ կարծիքը և այն, թե ինչին կարող են ուշադրություն դարձնել Հայաստանում։

Ըստ նրա՝ այդ անդրադարձը սպառնալիք սխալ է դիտարկել, քանի որ ՌԴ-ն ապացուցել է վերջին տարիներին, որ չի միջամտում ներքին գործերին և արտաքին քաղաքական որոշումներին, հետևաբար՝ ՀՀ-ն, լինելով ինքնիշխան պետություն, իր որոշումներն է կայացնում, այլ հարց է, թե դրանք որքանով են ընդունելի համարվում ՌԴ-ի և ՀՀ այլ դաշնակիցների կողմից.

«Սա չափազանց խնդրահարույց թեմա է։ Արտաքին քաղաքական ցանկացած որոշում պետք է լուրջ վերլուծության առարկա դառնա երկրի ներսում։ Ընդհանրապես երկրների արտաքին քաղաքական ռազմավարությունները բոլոր որոշումներով գրվում են երկարաժամկետ ապագայի համար, սա մանրամասն, ծանր, սակայն անհրաժեշտ աշխատանք է, որը չկա ՀՀ-ում։ Այո, նման որոշումներ կայացնելիս պետք է դիտարկել ոչ միայն աշխարհագրությունը, ռեգիոնը, երկրի պատմությունը, շահերը, աշխարհի ներկայիս վիճակը, ՆԱՏՕ-ի պատմությունը, հնարավորությունները, ցանկությունը մերձենալ և գլխավորը՝ ՆԱՏՕ-ի հետ մերձենալ ցանկացող երկրների անցած «ճանապարհը»»,- նշեց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ ՆԱՏՕ-ի նպատակն էր՝ փոխել ՌԴ ազդեցության գոտին, կտրելով ՌԴ դաշնակիցներին ՌԴ-ից, ՆԱՏՕ-ն քայլ առ քայլ մոտեցավ ՌԴ սահմաններին, ինչը կարմիր գիծ էր, և որի պատճառով ՌԴ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսվեց․

«Սակայն երբ բանը հասավ հետսովետական տարածքի երկրների՝ ՆԱՏՕ անդամակցությանը, ՆԱՏՕ-ն պատրաստ չեղավ արագ կազմակերպել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի անդամակցությունը, տասնամյակներով ձգվում է այդ երկրների ու ՆԱՏՕ-ի երկխոսությունը, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ավելի մեծ պատասխանատվության, որը ենթադրվում է անդամակցությամբ։

Գլխավոր խնդիրը ՌԴ-ից կտրելն է։ Հայաստանի դեպքում ևս դա է նպատակը, Հայաստանը դառնալու է ՆԱՏՕ անդա՞մ։ Խիստ կասկածում եմ, բայց ՆԱՏՕ-ի հետ Երևանի սերտ համագործակցությունը խնդիր է լինելու Մոսկվայի և Թեհրանի համար, այսինքն՝ ՀՀ-ն քաղաքական խնդիրներ է ունենալու, քանի որ կա աշխարհաքաղաքական լուրջ խնդիր այստեղ ՆԱՏՕ-ի և այս երկրների միջև, ու սա նորություն չէ։ ՀՀ-ն ի՞նչ է ստանալու ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից։

Այս հարցին Երևանում պատասխանո՞ւմ են, թե՞ սա արվում է, քանի որ Արևմուտքի հետ հարաբերությունների անբաժան մասը նաև ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունն է։ Վստահաբար այս հարցին հստակ որևէ մեկը Երևանում չի կարող պատասխանել, քանի որ սկսվելու է անվերջ ու մանր քայլերով, սակայն խնդրահարույց, բազմաթիվ ցնցումներով ուղեկցվող գործընթաց, որը չունի որևէ հստակություն, օրակարգ, ժամկետներ։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյան նշում է, որ սա երկարատև գործընթաց է, քանի որ իրենք Արևմուտքում չեն պատրաստվում ՀՀ-ին ինտեգրել, այլ պարզապես այդ գործընթացի ներքո ցանկանում են ՀՀ արևմտամետությունն անշրջելի դարձնել»,- մեկնաբանեց Տարասովը։

Ուստի, նրա կարծիքով, ՌԴ արձագանքը պետք է որ հայտնի լինի, այն չի կարող դրական լինել: «Կարծում եմ՝ այլ արձագանք ՌԴ-ից չի լինի, ինչպես նկատել եք, ՀՀ-ի հետ կապված հարցերին ՌԴ-ն շատ հանգիստ է վերաբերվում, քանի որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները, դրանց ապագան ավելի լայն զարգացումների մի մասն են լինելու, իսկ գլխավոր ուղղությամբ ՌԴ-ն աշխատում է։ ՀՀ-ի հետ հարաբերությունները, ՀՀ կայացրած որոշումներն առաջնահերթություն չեն Ռուսաստանի համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս