Այսօր առավել պետք է սիրենք մեր ազգային երգն ու պարը, այն մեր ազգի պատմությունն է. Ռուբեն Սասունցի

Մեզ հիմա ոգի է պետք, իսկ դրա համար մեծ է հայրենասիրական, ազգագրական երգերի դերը, ինչի մասին էլ զրուցել ենք ազգագրական երգերի կատարող Ռուբեն Սասունցու հետ:

Տարիներ առաջ ասում էին, որ քիչ է պրոպագանդվում հայրենասիրական երգը, իսկ հիմա, հիասթափության այս մեծ ֆոնին, ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք, ու մեծ բեռ է դրված ձեր ուսերին: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ «բեռը» կրելու ընթացքը:

– Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց:

– Իսկ որքանո՞վ են մարդիկ հետաքրքրված ազգային, հայրենասիրական երգերով:

Կարդացեք նաև

– Մոտ 20 տարի առաջ, երբ երգում էինք այդ երգերը, համերգներ ունենում աշխարհի տարբեր երկրներում, իսկ Հայաստանում այդ ընթացքում այդքան երևի չէր հնչում ազգային երգը, բայց երբ մենք՝ երիտասարդներս, սկսեցինք կատարել այդ երգերը, արդեն հուրախություն մեզ՝ մեր երիտասարդների մոտ սերը է՛լ ավելի մեծացավ դեպի ազգային երգը: Այսօր, կարելի է ասել, երիտասարդների մի մեծ բանակ կա, որ սիրում, գնահատում է մեր ազգային երգը: Համերգների ընթացքում, երբ հնչում է ազգային երգը, փոքր երեխայից մինչև տարիքով մարդիկ պարում են մեր ազգային պարերը, երգում մեզ հետ միասին:

– Մենք չունենք դպրոցներ, որտեղ կսովորեցնեն ազգային երգ ու պար. կարևորությունը տեսնո՞ւմ եք:

– Իհարկե: Կարող են լինել ազգագրական խմբակներ: Հիշում եմ, 6-7 տարեկան էի, ազգագրական տարբեր երգի, պարի համույթներ շատ կային, ինքս հաճախել եմ, ու սերը դեպի երգը սկսվել է այդտեղից: Այսօր առավել կարևոր է, որ նման խմբեր շատ լինեն: Մեր վարպետների երգի, պարի համույթներն այսօր ուշադրության չեն արժանանում պետության կողմից, իսկ դրանք մեր ազգի հարստությունն են, պետք է պատվով ու սիրով պահենք: Հորեղբայրս «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարն է, սակայն չունի պետական աջակցություն, իսկ դա ցավալի է: Այսօր առավել քան պետք է սիրենք ու գնահատենք մեր ազգային երգն ու պարը, որովհետև դա մեր ազգի պատմությունն է: Յուրաքանչյուր հայրենասիրական երգի մեջ կա մի պատմություն: Այդ երգի մեջ ներկայացված է մեր ազգային հերոսը, պատերազմի դաշտը, մեր ավանդույթները: Այսինքն, ազգային երգ ու պարին պետք է պետական մեծ աջակցություն լինի, դա շատ կարևոր է:

Վերջերս Աշտարակի Ոսկեվազ գյուղում հրավիրված էի դպրոցներից մեկի միջոցառմանը: Բոլոր երեխաները գիտեին մեր ազգային պարերը՝ դա ինձ համար մեծ ուրախություն էր: Ինձ հետ հավասար երգում էին: Ամեն ինչ գալիս է ղեկավարներից, պետությունից: Պետական ուշադրություն, աջակցություն պետք է լինի այդ ամենին:

– Դուք հաճախ եք նշում, որ կարևոր է հասկանալ՝ մեզ համար մեծ նշանակություն ունեն դրոշը, գերբը… Կա՞ այդ հասկացողությունը մեզ մոտ:

– Դարերից եկող ավանդույթը շարունակողը մենք ենք՝ երիտասարդներս: Պետք է միշտ սիրենք մեր երգը, պարը, գերբը, դրոշը, հավատը: Այդ ամենը պետք է սիրենք ոչ թե խոսքով, այլ հոգով: Ինձ համար ցավալի է, որ գնում եմ թշնամու երկիր ու տեսնում եմ, որ փողոցները ողողված են իրենց դրոշով: Շատ կուզեմ, որ մեր եռագույնը ծածանվի յուրաքանչյուրիս պատշգամբում, պետական կառույցի կտուրին, ոչ թե պատերազմ լինի՝ եռագույնը նոր հանենք: Այն պետք է մեզ միշտ ուղեկցի, քանի որ մեր ազգի պատմությունն է, մեր պարծանքը:

Ես ծնվել, մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ գերիշխել է ազգային, հայրենասիրական երգն ու պարը: Սասունցիների ընտանիքում, երբ ծնվում է երեխան, ուզես թե չուզես՝ նրա մեջ արդեն սերմանված է սերը դեպի ազգային երգն ու պարը: Մինչ օրս էլ, երբ որևէ միջոցառում է լինում, պարտադիր տոհմի մեծը բաժակ է բարձրացնում, խմում են մեր ֆիդայիների, հերոսների կենացը: Միշտ հնչում է ազգային երգն ու պարը: Ու այս ամենը պետք է դառնա համատարած: Միշտ ասել եմ՝ եկեք լսենք տարբեր ոճի երաժշտություն, բայց առաջնայինը պետք է լինի մեր ազգայինը: Այն մեր հարստությունն է: Եթե չսիրենք տարազը, օտարը հաստատ չի սիրի:

– Հաճախ եք ֆեյսբուքյան էջում կիսվում Արցախյան պատերազմի հերոսների մտքերով: Մեջբերեմ Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի խոսքը. «Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի»: Ի՞նչ անենք, որ մեծամասնությունը մնա հայրենիքում, քարը քարին դնեն, ունենանք մեր երազած Հայաստանը:

– Նորից եկանք դեպի հայրենասիրությունը: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում ուղին, ոչ ոքի չեմ քննադատում, սակայն ինքս, ունենալով հնարավորություն՝ օտար երկրներում ապրելու, նախընտրում եմ մնալ իմ երկրում, որովհետև սիրում եմ իմ երկիրը, այստեղ իմ տանն եմ, ամուր կանգնած եմ իմ հողին: Շատ եմ սիրում իմ հողն ու ջուրը: Երբ համերգներով այլ երկիր եմ գնում, օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու Հայաստան: Դու պետք է ամեն ինչ սիրես քո հայրենիքում՝ սկսած թերություններից:

Բոլոր հերոսներն են մեզ համար թանկ ու սիրելի, իսկ Ձեզ համար ո՞վ է այդ մարդը:

– Ինձ համար, որպես ազգային հերոս, որպես ճիշտ, ազնիվ տղայի կերպար՝ եղել է ու կա Մոնթեն: Ուրախ եմ, որ ունեցել ենք նրա նման հայրենասեր տղա, ով այդ ծանր տարիներին թողել է իր պայծառ կյանքը, վերադարձել հայրենիք, որպեսզի մարտնչի իր երկրի համար: Այնքան ազնիվ է եղել, որ պատերազմի դաշտում էլ երբեք կոպիտ բառ չի ասել դիմացինին. ամենակոպիտ բառը եղել է «իշու տղան»: Նա իմ ազգի Ազգային հերոսն է:

Իսկ ինչպիսի՞ն է այսօրվա երիտասարդը, ով ապրում է դրսում. արդյո՞ք նրանց մեջ կա հայրենասիրությունը:

– Համերգների ժամանակ հանդիպում ենք այնպիսի երիտասարդների, որոնց մեջ իրականում այնքան մեծ է սերը դեպի ազգային երգն ու պարը, հայը, սակայն, իհարկե, հանդիպում ենք նաև երիտասարդների, ովքեր ծնվել, մեծացել են այլ երկրում, իրականում չեն ընդունում մեր երգը: Երեխան կարող է օտար հողում ծնվել, բայց հայի տեսակը երբեք չկորցնել: Դրա համար պետք է իմանանք մեր պատմությունը, սիրենք մեր երգը, պարը, մշակույթը:

Ասում եք՝ մենք նաև խղճով ազգ ենք, բայց դարերով ու վերջին տարիներին մեր տեսածը չի՞ ստիպի դառնալ անխիղճ:

– Մենք չենք կարող համեմատվել թշնամու՝ այդ վայրագների հետ: Մեր ազգը խղճով է, չենք կարող թշնամու երեխային տեսնել ու նրան վատություն անել, իսկ թշնամին այդպիսին չէ: Մենք քրիստոնյա ազգ ենք:

Հիմա խոսում են «Խաղաղության դարաշրջանի» մասին: Հավատո՞ւմ եք հայի, թուրքի կամ ադրբեջանցու միջև ինչ-որ խաղաղության:

– Կարևոր է յուրաքանչյուրիս համար, որպեսզի խաղաղություն լինի, պատերազմն իրականում լավ բան չէ, բայց, ցավոք, ես չեմ հավատում այդ խաղաղությանը, որ կարող եմ թուրքի, ադրբեջանցու հետ խաղաղ ապրել:

– Ձեր՝ «Երգիս ճամփեն» երգում խոսում եք հույսի ու կարոտի մասին: Ինչի՞ մասին է երազում Ռուբեն Սասունցին:

– Երազում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր արժեք գնահատված կլինի: Յուրաքանչյուր Ազգային հերոսի սխրանք պետք է փառաբանվի, տարածվի, որ եկող սերունդը ճանաչի: Երազում եմ ապրել խաղաղ երկնքի տակ:

Տեսանյութեր

Լրահոս