
Դատավորը երեկ լալիս էր, իսկ ի՞նչ էր անում «երեկ չէ առաջին օրը»

Երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության հերթական նիստն էր: Դատավորը հերթական անգամ մեղադրվում է դատական ակտը կողմին չափազանց ուշ տրամադրելու մեջ, տվյալ դեպքում՝ 1.5 տարի, ինչը կողմի համար հետևանք է առաջացրել:
Վարույթ հարուցելու՝ լիազոր մարմնի՝ Արդարադատության նախարարության համար առիթը փաստաբանի հաղորդումն էր դատական ակտը 1.5 տարի ուշ տրամադրելու մասին: Հաղորդումից, ի դեպ, ինչպես պարզվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից հրապարակված նիստի տեսագրությունից, դիմող կողմը հրաժարվել էր, սակայն, ինչպես ասաց Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, դա չի նշանակում, որ վարույթ հարուցելու պատճառը վերացել է:
Նաիրա Հովսեփյանը նախարարության ներկայացուցչին շատ հարցեր ուներ՝ սկսած այն բանից՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ, որովհետև դա իր համար ծանր մեղադրանք է, այնքան ծանր, որ հավասարազոր է Հայաստանի Հանրապետությունը չսիրելու մեջ մեղադրելուն, ավարտած՝ ինչո՞ւ միջնորդության մեջ անգլերեն ձևակերպումներ կան, ինչո՞ւ օրենքով նախատեսված ակտը ուշացնելու 15-օրյա ժամկետի վերաձևակերպում չեն արել՝ կախված իրավիճակից, անգամ միջնորդությունը թղթային ու էլեկտրոնային տարբերակով ստանալու խնդրով:
Նաիրա Հովսեփյանն այդ ընթացքում չմոռացավ նշել, որ ինքը Հայաստանի Հանրապետության, հայոց լեզվի ու ՀՀ Սահմանադրության պաշտպանն է:
ԱՆ ներկայացուցիչ Զեյնալյանն ասաց, որ եթե 15 օրվա փոխարեն անգամ 1-2 ամիս դատավորն ուշացրած լիներ դատական ակտի տրամադրումը, դա կարող էր համարվել ողջամիտ խախտում, բայց տվյալ իրավիճակն այլ է:
«Ես կարող էի ոչ թե 15 օր հիվանդ լինել, այլ, օրինակ՝ մեկ ամիս»,- ասաց Նաիրա Հովսեփյանը:
Հետաքրքիր է, որ Նաիրա Հովսեփյանը դրա մասին հիշում է միայն հիմա, երբ վարույթն իր վերաբերյալ է հարուցված, բայց օրենսդրական այդ բացը, ինչպես ինքը նշեց, ոչ մի անգամ կարծես թե չհիշեց, երբ ինքը ԲԴԽ անդամ էր ու քննում էր այլ դատավորների վերաբերյալ նույնանման վարույթներ:
Միջնորդության տեքստն ընթերցելիս Նաիրա Հովսեփյանը արտասվեց, խնդրեց ընդմիջել նիստը, ապա նիստը վերսկսվեց:
«Նրանով տխուր չի, որ ես ԲԴԽ-ում եմ, ցանկացած դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ և ուղարկվել Բարձրագույն դատական խորհուրդ։ Բայց տխուր է ինձ այնքանով, որ ինձ մեղադրում են, որ ես դատական իշխանությունը հեղինակազրկում եմ, ոչ թե նրա համար, որ ես 29,5 տարվա դատավոր եմ, այլ, որ ես Գևորգի մայրն եմ, ու Գևորգն այստեղ է, տանջվում է Գևորգս։
Հետաքրքիր է, ի՞նչ պիտի անեի, էլ ո՞նց պիտի բարձր պահեի դատական իշխանության հեղինակությունը։ Ինձ ճանաչում են մարդիկ և ասում են՝ եթե դու ասում ես, որ Հայաստանը լավ վիճակում է լինելու, որ դատական իշխանությունը հաղթահարելու է դժվարությունները, մենք հավատում ենք քեզ։
Ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում՝ ոչ միայն որպես 29,5 տարվա դատավորի, այլև որպես Գևորգի մոր։ Պաշտոնը անցողիկ է, բայց ես հավերժական պաշտոն ունեմ, ես Գևորգի մայրն եմ, և ամեն մի բառ, ինչ որ կապված է մեր երկրի հետ, ես շատ զգուշությամբ եմ արտասանում, ամեն մի քայլ, որ գցում եմ, ես հասկանում եմ, որ ես Գևորգի մայրն եմ, ուշադրության մեջ եմ, և ես շատ ուշադիր պիտի լինեմ, որպեսզի պակասեցնեմ թերացումները։ Անսխալական մարդ գոյություն չունի։ Ուրիշ բան է, որ մեկի թերացումները կարող են շատ ուժեղ բարձրաձայնել, մյուսի կոպիտ սխալների մասին լռել»,- եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Նաիրա Հովսեփյանը:
Վերջինս նկատեց՝ ԲԴԽ-ն 2024-ի հունիսի 13-ին, 10 ձայնով միաձայն որոշում է կայացրել, որ 2020-ից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը, պատերազմից հետո իր աշխատանքը կատարվել է թերացումներով, սա հաստատված փաստ է։
«Ճիշտ է, ես այդ ընթացքում բազմաթիվ գործեր եմ լսել և ԱԺ-ի կողմից ընտրվել եմ Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այսինքն՝ պետությունը գտել է, որ ես արժանի եմ գտնվելու Վճռաբեկ դատարանում, ոչ միայն գիտելիքներով, այլև իմ բարոյական կերպարով։ Ճիշտ է, դատավորը միակ պաշտոնն է, որ առանձին անձ է և իրականացնում է իշխանություն, բայց Գևորգի մայր լինելը, հերոսի մայր լինելը, դա սովորական ֆիզիկական անձ չի, դա ինստիտուտ է, դա հավաքական կերպար է, և եթե այսօր Գևորգի մորը մեղադրում են, որ ինքը դատական իշխանությունն է հեղինակազրկում, մեղադրանք է ինստիտուտին։
Այդ թերացումները որ ունեցել եմ, պայմանավորված է եղել մեղքի բացակայությամբ, ես չէի կարող այդ թերացումները չունենալ, և հավասարության նշան դնել, ասել, որ ԲԴԽ-ն նման նախադեպեր է ունեցել, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող փաստ է։ Խորհուրդը արձանագրել է՝ ինչո՞ւ է բացակայել իմ մեղքը, և չի ասել մի գործով, չի ասել գործերի քանակը, չի ասել բնույթը, ասել է՝ կատարվել է թերացումներով։
Նույն ժամանակահատվածում է ակտը ուշ հրապարակվել և ակտը ուշ տրվել կողմերին։ Խորհուրդը դրա մասին արդեն բարձրաձայնել է, հաստատված է համարել: Ի սկզբանե վարույթը պիտի կարճվեր սահմանադրական դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա»,- հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունը, շնորհակալության, խոնարհումի փոխարեն՝ իրեն մեղադրել, նման մեղադրանք է առաջադրել:
«Փոխանակ ասելու՝ ինչ լավ է, որ, տիկին Հովսեփյան, Դուք հաղթահարել եք, Դուք աշխատում եք, Դուք պայքարում եք, որ մեր երկիրն ուժեղանա, ինձ մեղադրել այդ մեծ մեղքի մեջ, նպատակը ո՞րն է։ Որ ես գնամ Եռաբլուրում իմ տղայի կողքը պառկե՞մ, որ ես ընկնեմ դեպրեսիայի մեջ և չկարողանամ աշխատել…
Չգիտեմ, ես չեմ կասկածում խորհրդի անաչառությանը և խնդրում եմ, որ խորհուրդը վարույթը կարճի, որովհետև արդեն դրա մասին խորհուրդը կայացրել է որոշում, և այս գործը նույնպես այդ ժամանակահատվածում է եղել»,- ասաց Նաիրա Հովսեփյանը։
Նաիրա Հովսեփյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է, ում հետ ընկերությունը սկսվել է իր լուսավոր որդու՝ Շուշիում անմահացած Գևորգ Արշակյանի ողբերգական դեպքից հետո:
Եվ երբ Նաիրա Հովսեփյանն ասում է, որ պետությունն արժանի է գտել իրեն, ու ԱԺ-ն իրեն ընտրել է որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, մի ճշտում՝ Աննա Հակոբյանը պետությունը չէ, որովհետև ըստ էության այն բոլոր պաշտոնները, որոնք Նաիրա Հովսեփյանը ստացել է 44-օրյա պատերազմից հետո, ստացել է բացառապես մի բանի համար… որ ինքը Աննա Հակոբյանի ընկերուհին է, որովհետև Գևորգ Արշակյանի մայրն է:
Իր եզրափակիչ ելույթում շուրջ մեկ տասնյակ անգամ իր բացառիկ որդու անունը տվող Նաիրա Հովսեփյանն ասում է, որ իր թերացումները պայմանավորված են մեղքի բացակայությամբ, բայց չի հիշում, որ մեկ այլ դատավորի վերաբերյալ երբ կարգապահական վարույթ էր քննվում, որովհետև վերջինս նույնպես ուշացրել էր դատական ակտի տրամադրումը, ընդ որում, ոչ այն քանակի, ինչ ինքը, գեթ ակնարկ չի եղել այն մասին, որ միգուցե պայմանավորված իր հոգեբանական վիճակով՝ ինքը չկարողանա արդարացի որոշում կայացնել դատավորի ճակատագրի վերաբերյալ:
Ընդհակառակը, հաճույքով կողմ է քվեարկել իր գործընկերուհու՝ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը:
Երբ Նաիրա Հովսեփյանն ասում է՝ հերոսի մայրը ինստիտուտ է, ճիշտ է ասում, միայն ինչպես ինքն է ինստիտուտ, նույնպես և այն հերոսների մայրերը, որոնց Եռաբլուրի աստիճաններով քարշ էին տալիս իր ընկերուհու ու նրա ամուսնու իշխանությունը սրբորեն պաշտպանող բերետավոր ոստիկանները:
Գևորգ Արշակյանն այս պետության խիղճն էր, Գևորգ Արշակյանն ապրում էր Արցախով ու Արցախի համար, Գևորգ Արշակյանն անմահացավ, որ Արցախը լինի, բայց այսօր Արցախն ուրանում են և ուրանում են նրանք, ովքեր իր մոր հետ թևանցուկ զբոսնում են, և ում հետ իր մայրը մասնակցում է տարբեր միջոցառումների:
Գևորգ Արշակյանի օրինակով դեռ սերունդներ պիտի դաստիարակվեն ու կդաստիարակվեն, երբ պետությունը վերականգնվի ու նրա ճակատագիրը չորոշեն Նաիրա Հովսեփյանի ընկերուհին, նրա ամուսինն ու նրանց նմանները…
Բայց Գևորգ Արշակյանի պայծառ կերպարը ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, ինչ երեկ տեղի էր ունենում ԲԴԽ-ում: