Ռաիսին չմոռացավ ՀՀ տարածքային ամբողջականության հարցի մասին․ Անկարայում կայացան Ռաիսի-Էրդողան բանակցությունները
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին և օրերս Իրաքում, Սիրիայում և Պակիստանում Իրանի իրականացրած հատուկ ռազմական օպերացիաներից հետո՝ նախօրեին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին Անկարայում ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Թեև բանակցությունների առանցքում իրավիճակն էր Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Գազայի հատվածում աճող հակամարտությունը, երկու հարևան երկրների միջև էներգետիկ համագործակցությունը, Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի համար ևս այս այցն ուշագրավ նրբերանգներ էր պարունակում։
Այցը, որն այս օրերին արևմտյան հեղինակավոր մամուլի դիտակետում է, երկու անգամ հետաձգվել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում ահաբեկչությունների և Ռաիսիի խիտ ժամանակացույցի պատճառով։
Մի քանի ամիս ուշացմամբ, սակայն այցը կայացավ․ երեկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մեկնեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի էին ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ բանակցությունները, նրանց երկկողմ հանդիպումը տևել էր մոտավորապես երկու ժամ։ Երկկողմ հանդիպմանը հաջորդել էր նախագահների մասնակցությամբ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։
Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին հաջորդել էր մամուլի ասուլիս նախագահական համալիրում, որի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել էր, որ Թուրքիան և Իրանը համերաշխ են Պաղեստինին աջակցելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարցում։
Նա մասնավորապես ասել էր, որ թուրք ժողովրդի և կառավարության վերաբերմունքը Գազայի դեմ իսրայելական հարձակումների նկատմամբ հիացմունքի արժանի է։ Իր հերթին՝ Թուրքիայի նախագահն ասել է, թե Թուրքիան և Իրանը աջակցում են Գազայի հատվածում ճգնաժամի շուտափույթ լուծմանը խաղաղ միջոցներով։
«Բանակցություններում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային հարցեր, առաջին հերթին՝ Գազայում տիրող իրավիճակը: Մենք պայմանավորվել ենք, որ կարևոր է խուսափել քայլերից, որոնք հետագայում կվտանգեն մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք քննարկեցինք Իսրայելի անմարդկային հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Էրդողանը։
Ռաիսին ասել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում ահաբեկչության խնդրի միակ լուծումն է։ «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- հավելել է Ռաիսին։
Նա ասել է, որ Իրանը Թուրքիայի և տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությունը դիտարկում է՝ որպես իր անվտանգություն։ Նրա խոսքով, այսօր մենք ականատես ենք լինում աշխարհում անարդար կարգի. «Թուրքիայի, մահմեդական երկրների և այլ երկրների, ինչպես նաև աշխարհի ազատ մարդկանց հետ միասին, մենք պետք է ձգտենք հասնել արդար և նոր աշխարհակարգի»,- ընդգծել է Ռաիսին։
Սակայն մեզ համար ուշագրավն այն է, որ համատեղ հայտարարություն է ստորագրվել հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման արդյունքներով, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։
IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստում ասվում է, որ ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են՝ որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ։
Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում գոհացնող որակեց հանդիպման արդյունքները։ Նա նշեց, որ այս այցի գլխավոր թեման, իհարկե, իրավիճակն էր Գազայում և Իսրայելի գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Կարմիր ծովի ավազանում։
Ըստ նրա, սակայն, իր կարևորությամբ իր տեղը քիչ էին զիջում այս թեմաներին հարավկովկասյան հարցերը, որոնք մի քանի ուղղություն ունեին։ Վերլուծաբանն այն կարծիքին է, որ կողմերի համար Հարավային Կովկասում ներկայումս կարևոր է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի և ռեգիոնում արտատարածաշրջանային ուժերի աճող ներկայության հարցը։
«Թուրքիան ձգտել է տևական ժամանակ մեղմել Իրանի դիրքորոշումն այս հարցում, սակայն Իրանը, ինչպես հայտնի է, նախընտրեց Ադրբեջանին ու Թուրքիային ճանապարհ առաջարկել իր տարածքով։ Եվ կարծում եմ՝ այս հարցով գոնե արձանագրվել է Իրանի դիրքորոշումը թուրք-իրանական նախագահական հայտարարությունում, որ տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը խախտման ենթակա չէ։ Սա փաստորեն ֆիքսվեց Թուրքիայի նախագահի մակարդակով, ինչը, ըստ իս, կարևոր ձեռքբերում և իրադարձություն էր, քանի որ այս ձևաչափով երբեք հարավկովկասյան երկրների, այսինքն, այդ թվում՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը Թուրքիան երբեք չէր ընդունել՝ թեկուզ հայտարարության տեքստով։ Ուստի սա իրանական կողմի ձեռքբերումն է, կարծում եմ, որը տեղի ունեցավ ընդհանուր բանակցությունների լավ ընթացքի շնորհիվ»,- նկատեց վերլուծաբանը։
Նա հիշեցրեց, որ ընդհանուր հայտարարությունում Հարավային Կովկասի մասով եղավ անդրադարձ նաև 3+3 ձևաչափին, նշվեց այս մեխանիզմի կարևորությունը։ «Սրանով ֆիքսվեց կոնսենսուս, որ տարածաշրջանի երկրները բոլոր հարցերը պետք է խորհրդակցեն, կարգավորեն այս ձևաչափի շրջանակում ։ Իրանի ու Թուրքիայի այս արձանագրումն էլ բավականին առանցքային է։
Իրանի մտահոգությունն իր հարևանությամբ Արևմուտքի աճող ներկայությունն է, կարծում եմ՝ ՀՀ-ում սա նորություն չէ որևէ մեկի համար, քանի որ այդ մասին խոսվում է թե բարձր մակարդակի երկկողմ հեռախոսազրույցների ժամանակ, թե նաև արձանագրվեց դեկտեմբերի վերջին ԻԻՀ ԱԳ նախարարի ՀՀ կատարած այցի ընթացքում։ Իրանը հետևողականորեն աշխատում է իր դիրքորոշումները, շահերն առաջ մղելու և իր հարևան ռեգիոններում կայունության համար։
Ընդհանուր առմամբ, այդ շահերը համընկնում են ՀՀ շահերի հետ, և կարծում եմ՝ այս արձանագրումներում կան դրական կետեր ՀՀ-ի համար, քանի որ իրանական դիվանագիտությունը ոչ միայն խոսում է անվտանգության անհրաժեշտության մասին, այլև փորձում արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ, իրական անվտանգություն ստեղծել Հարավային Կովկասում»,- ասաց նա։