Բաժիններ՝

Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ- ներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հունվարի 14-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքայի նահանգի Ալ Ղամիշլի քաղաքի շրջակայքին, որի հետևանքով 3 սիրիացի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդել են Al Hadath հեռուստաալիքը և Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման է ենթարկվել Ալ Ղամիշլիից հարավ գտնվող Զիբանա գյուղում գտնվող ուղեփակոցը։

Ըստ հրապարակումների՝ ավելի վաղ թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Հասաքայի տնտեսական օբյեկտներին՝ շարքից հանելով մի քանի էլեկտրակայաններ։ Իսկ Սեյնջակ գյուղում երկու ավիահարվածների հետևանքով երեխա է վիրավորվել։

Բացի այդ, խոշոր հրդեհ է բռնկվել Ռումեյլանի նավթային բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշում է, որ վերջին օրերին թուրքական ԱԹՍ-ներն ավելացրել են ավիահարվածները Սիրիայի հյուսիսում և արևելքում։ Հունվարի 14-ին հարձակման են ենթարկվել նաև Հալեպի նահանգում գտնվող մի քանի օբյեկտներ։

2023 թվականին թուրքական օդուժը 108 անգամ գրոհել է ցամաքային թիրախները Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքում։ Դրա հետևանքով զոհվել է 86 մարդ, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» քրդական դաշինքի 65 մարտիկ, ինքնավար վարչակազմի 3 աշխատակից և 18 խաղաղ բնակիչ, ևս 97 մարդ վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս