Նախկինների բանակի բարքերից և գեներալների վարքից խոսելու Փաշինյանի իշխանության բարոյական իրավունքը, կամ՝ Սուրեն Պապիկյանի՝ կուսակիցներին սաստելու ժամանակը
Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է՝ ոստիկան մոտենա։
«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս՝ ժամը 23:39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են»,- նշվում էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Գեներալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է, ի դեպ, լրատվամիջոցներում մինչ այդ ակտիվ շրջանառվում էր նրա՝ իբր փախուստի դիմելու փաստը:
Սակայն ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանական խումբը՝ ի դեմս Վարազդատ Հարությունյանի, հայտարարել էր, որ ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է իր հետ, միասին պատրաստվում էին դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին:
Կոնկրետ դեպքում էական չէ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Տեղի է ունեցել միջադեպ գեներալի և ԳՇ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ, որի հանգամանքներին ծանոթ չենք, և պաշտոնապես ապացուցված չեն այն փաստերը, որի մասին գրեց մամուլը և շեշտադրեց, մասնավորապես՝ փախուստը, որը, բնականաբար, իր տողատակն ունի և տեղավորվում է իշխանական քարոզչության տրամաբանության մեջ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զինվորականության փախուստների, նահանջների և դավաճանությունների մասին:
Այս համատեքստում նշենք, որ դեպքից ժամեր անց լրագրող Թաթուլ Հակոբյանը որոշեց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին առնչվող մի դրվագ գաղտնազերծել՝ 44-օրյայի ժամանակ եղած:
«Հոկտեմբերի 20-ի կամ 21-ի գիշերն էր: Հիմա լավ չեմ հիշում՝ ես էի մեսինջերով գրել Hayk Khanumyan-ին, թե ինքը: Հայկը այդ ժամանակ Խծաբերդ-Իշխանասար ուղղության վրա էր: Ես գիտեի, որ ադրբեջանցիները Հակարի գետի երկայնքով՝ հոսանքին հակառակ, շատ արագ գրավումներով մոտենում են Բերձորին: Այդ օրը կամ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվելու՝ նրանց քաջագործությունների համար: Ես գիտեի, որ Ազգային հերոսները հենց այն ուղղության վրա են, որտեղից ադրբեջացիները ուղղակի տասնյակ կիլոմետրերով են առաջ գալիս:
Հայկը զայրացած ասում էր՝ ադրբեջանցիները 80 կիլոմետր միանգամից առաջ են եկել, որ մերոնք այնպես արագ են նահանջել, որ կորցրել են հակառակորդի տեղը, որ Տիրան Խաչատրյանը իր ենթակայության տակ գտնվող զորքի տեղի չգիտի և շտաբը օրումեջ փոխում է:
Մեր խոսակցությունը հենց այն ֆոնին էր, որ Խաչատրյանն ու Փիլոյանը Ազգային հերոսի կոչման են արժանացել: Այսօր կարդացի հայտնի կրակոցի մասին ու հիշեցի 44-օրյա աղետի այս դրվագը:
Ես չգիտեմ՝ ի՞նչ կանեին ինձ, եթե հենց այդ օրը այս մասին գրեի, այն օրը, երբ Փաշինյանը Խաչատրյանին Ազգային հերոսի կոչման էր արժանացնում: Ես անգամ չգիտեմ, հիմա ճի՞շտ է այդ մասին գրելը»:
Թե ինչու է այս մասին այժմ խոսում, և ոչ թե 3 տարի առաջ, կարող ենք միայն ենթադրություններ անել: Մյուս կողմից, փաստ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողացել ենք չկորցնել Բերձորը, իսկ թե երբ հանձնվեց Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը, թերևս, բոլորը գիտեն:
Ավելին, օրերս Ալիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու «ազատագրել»:
Հարավային ուղղության հետ կապված, թերևս, կան բազմաթիվ հարցեր, որոնց հետ կապված ռազմական նախկին ղեկավարությունը քննչական մարմիններում պարզաբանումներ են տվել, այդ թվում՝ Տիրան Խաչատրյանը, ով հարավային ուղղությամբ պատասխանատու դերակատարում է ունեցել, որի մասին ժամանակ առ ժամանակ և ըստ քաղաքական նպատակահարմարության հիշում են իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ փորձագետները: Մասնավորապես, 2023 թվականի հունիսի 28-ին Արծրուն Հովհաննիսյանը 24TV-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.
«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇ-ն (Ջրական Ջաբրայիլ) էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված, և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»:
Իսկ 168.am-ի հետ հարցազրույցում էլ Սեյրան Օհանյանը նշել էր.
«Բայց այնտեղ, որտեղ մի քանի զորամիավորումներ են, իսկ զորամիավորումներ են և՛ ՊԲ-ն, և՛ մնացած կորպուսները, այդ մի քանի զորամիավորումների միջև համագործակցությունն ապահովողը, որոշում կայացնողը, պատասխանատուն ԳՇ-ն է, իսկ ԳՇ-ի որոշումը հաստատողը ՀՀ ղեկավարն է՝ Գերագույն հրամանատարը: Իսկ հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր»,- շեշտել էր նա:
Ավելին, 2023 թվականի հունիսին 168.am-ին տված հարցազրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հարավային ուղղության հետ կապված, մասնավորապես, ասել էր.
«Առաջին նահանջներն այդտեղ հոկտեմբերի 15-ից են սկսվել, իսկ վերահսկողությունը կորցնելը Խուդաֆերինի կամուրջի եղել է հոկտեմբերի 18-19-ին: Թող ամբողջությամբ ուսումնասիրեն, վերցնեն և նայեն այն տեսանյութերը, որտեղ վարձկանները նույնիսկ նստած լաց են լինում այն վիճակի համար, որում հայտնվել էին: Իսկ թե կոնկրետ որտեղ, ինչ, ցավոք սրտի, ես չեմ կարող մանրամասները ներկայացնել: Բայց որ հարավային ուղղությամբ շատ-շատ կորուստներ են նրանք ունեցել, դա փաստ է»:
Իսկ մայիսին տված հարցազրույցում գեներալը նշել էր, որ hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում էր Ալիևը հոկտեմբերի սկզբին համաձայնել զինադադարի: Ոչ միայն հարավային ուղղությամբ, այլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ կապված դեռ շատ հարցեր կան, որոնք պիտի պատասխան ստանան, շատ դրվագներ կան, որոնք պիտի բացահայտվեն, բայց արդար քննություն չի կարող լինել գործող իշխանության օրոք այն պարզ պատճառով, որ նա շահագրգիռ կողմ է, իսկ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար և պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար՝ պատասխանատվության մեծ չափաբաժին ունի, ինչը չի նշանակում, որ պատասխանատվության իր բաժինը չունի ռազմական նախկին ղեկավարությունը, այդ թվում՝ Տիրան Խաչատրյանը: Խնդիրն այն է, թե ով է որոշում այդ չափաբաժինը և որքան արդար:
Ի դեպ, մոտ 10 օր առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
«Այն է՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի (ինչի մասին վերևում խոսում էր Արծրուն Հովհաննիսյանը և նշում Տիրան Խաչատրյանի անունը), Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի խնդիրների հետ կապված առանձին ուղղություն և ևս մեկ ուղղություն: Սրանք են եղել հիմնական ուղղությունները, որոնցով մենք քննություն ենք կատարել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,– մանրամասնել էր Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով գաղտնազերծել այն ուղղությունը, որով հիմնական քննությունը չի ավարտվել:
Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում տալ-չտալուն, ապա այս թեման ևս ժամանակ առ ժամանակ շրջանառվել է: Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր.
«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է լավագույն կադրերի թողած ժառանգությունը բոլոր ուղղություններով՝ ԳՇ-ից սկսած, զորամիավորումների վերլուծությունների համադրմամբ վերջացրած: Լավագույն կադրերի դեպքում ինչո՞ւ չունեցանք լավագույն արդյունքը: Դեռ գլխատված չէին, բոլոր լավագույն կադրերը մասնակցել են 44-օրյա պատերազմին, հատկապես՝ հարավում և Տիրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ նախկին դաշնակցական, որ թողնում ես, էկրանի առաջ մեծ-մեծ խոսում է, և նույնիսկ հայտարարում է, թե քննիչ հանձնաժողով չի գալու, դրանք ով են: Բայց չէ՞ որ, պարոն Խաչատրյան, դուք էիք հարավի զորամիավորման ղեկավարը եղել, ո՞նց չեք գալու»։
Իշխանական պատգամավորը՝ ըստ էության, սլաքն ուղղել էր նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վրա, քանի որ, ինչպես մի առիթով արդարացել էր Նիկոլ Փաշինյանը, Օնիկ Գասպարյանի առաջարկով են Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչման արժանացրել: Իհարկե, սա Փաշինյանին, բնավ, չի արդարացնում, որովհետև շատ առաջարկներ կարող են արվել, բայց ինքը պարտավոր է հստակ ապացույցներ պահանջել:
Մյուս կողմից, չմոռանանք, որ Փաշինյանը նախկիններից տարբերվելու համար 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Ընդ որում, մեզ հասած տեղեկություններով, պարգևատրվել են նաև նրանք, որոնք մարտական գործողությունների ժամանակ, այսպես ասած, փախել են: Ավելի ուշ նույնիսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»:
Այս ամենը գեներալ Տիրան Խաչատրյանը պետք է հաշվի առներ, երբ խնջույքի ժամանակ վիճաբանությանը մասնակից էր դառնում: Առհասարակ պետք է կարողանալ կառավարել սեփական գործողությունները, սակայն մյուս կողմից, մենք չգիտենք, թե ինչն է դրդել այդ գործողությանը, որն ամեն դեպքում անընդունելի է, բայց սա չի նշանակում, որ մասնավոր միջադեպը պետք է օգտագործվեր նախկինների բանակը փնովելու համար, ինչն արեցին իշխանության ներկայացուցիչները և նրանց քարոզչամեքենան՝ գրելով, թե համոզվեցին՝ որտեղից են ՊՆ-ում տարիներ շարունակ տեղ գտած արատավոր բարքերը գալիս:
Եվ սա ասում է մի իշխանություն, որը իշխանափոխությունից հետո զինված ուժեր վերադարձրեց Ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ պաշտոնանկ արված զինվորականներին, և այսօր էլ նախկինների կադրերի շնորհիվ է ինչ-ինչ հաջողություններ գրանցում և սահման պահում: Բանակում արատավոր բարքերից խոսում է մի իշխանություն, երբ հենց ինքն է վերջին տարիներին խոստովանում, որ «շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ»։
Բայց իրավիճակն այնքան մտահոգիչ է, որ օրերս երկրի ղեկավարությունը մտածում էր զինծառայողներին զրկել խաղադրույք կատարելու հնարավորությունից: Էլ չենք խոսում բանակում արձանագրված ոչ մարտական կորուստների մասին, ինչը բոլոր ժամանակներում, իհարկե, եղել է՝ մի ժամանակ աճ է գրանցվել, հետո՝ նվազում, և 2018 թվականի հեղափոխությունից առաջ դրական դինամիկա կար այս առումով, իսկ բանակն էլ թաթախված չէր այն արատավոր երևույթների մեջ, որոնց մեջ անգամ իշխանություններն են խճճվել: Այսինքն՝ բանակին առնչվող հարցերին չպետք է մոտենալ քաղաքական, անձնական նախասիրությունների պրիզմայով՝ լինի դա նախկինների, թե ներկաների ժամանակ: Այլ բան է առողջ քննադատությունը՝ առանց անձնական որակումների: Օրինակ, նույնքան անընդունելի է, երբ իշխանությունների վարած քաղաքականության համատեքստում բանակի դեմ հիշեցվում է ՀՀ գործող նախարար Սուրեն Պապիկյանի՝ բանակային՝ իր վերադասի վրա ձեռք բարձրացնելու մասին միջադեպը: Ինքը՝ Պապիկյանը, ժամանակին այս տեղեկության արտահոսքից հետո պարզաբանում էր տարածել։
Հիմա էլ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է թույլ չտա, որ իր կուսակիցներն անցնեն այդ սահմանը՝ պաշտպանության համակարգ, զինված ուժեր, և փնովեն նախկինների ժամանակների բանակը, հատկապես, երբ անձամբ ինքը գոնե փորձում է զերծ մնալ նման գնահատականներից, եթե նույնիսկ՝ բանակում 5-րդ շարասյուն լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը չի հերքել:
Ի դեպ, գեներալ Տիրան Խաչատրյանի հետ այս իշխանությունը մոտ 3 տարի աշխատել է, այդ ժամանակ բարքերի և վարքի խնդիր չի՞ եղել: