Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե
Այսօր առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոց է հնչել:
Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։
«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: