«Այս ամենը թամաշայի համար է, մի քիչ էլ՝ կոնկրետ մարդկանց համար փող աշխատելու հնարավորություն». Սարհատ Պետրոսյան
Քաղաքային իշխանությունն օրերս հայտարարեց Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին:
«Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել, և ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա, երբ նայում ենք Օղակաձև այգու տրամաբանությունը՝ այդտեղ թենիսի կորտեր չպետք է լինեին, և այդ այգին պետք է լիներ այգի»,- ասել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով առավել արագացնել կառավարության որոշման նախագծի պատրաստումը։
Ի դեպ, ի լրումն ասվածի, իշխանամերձ շրջանակներն էլ նշում են՝ պարտադիր չէ կենտրոնի թանկ հողերի հաշվին մարզվել. կարող են նաև ծայրամասերում մարզվել, դա նաև քաղաքի համաչափ զարգացման տեսանկյունից է ճիշտ:
Սա, սակայն, ամենը չէ: Հաջորդիվ տեղեկացանք նաև, որ Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի. մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են՝ հավանաբար իշխանական հենց նույն տրամաբանությամբ:
Այս տրամաբանությունը, սակայն, չի դիմանում մասնագիտական քննադատությանն ու միջազգային փորձին. ճարտարապետներն ու քաղաքաշինարարները հիշեցնում են՝ ամբողջ աշխարհում թենիսի դաշտերն այգիների անբաժանելի մասն են, և ոչ միայն թենիսի՝ բասկետբոլի, ֆուտբոլի:
«Եթե արվարձաններում չկան թենիսի դաշտեր, ապա պետք է քանդել կետրոնի՞նը։ Որտե՞ղ պետք է թենիս խաղա կենտրոնի բնակչությունը, որը Երևան քաղաքի բնակչության մոտ 15 տոկոսն է կազմում, էլ չեմ ասում, որ մարզական հրապարակները պետք է լինեն հանրային կանաչ տարածքների բաղկացուցիչ մասը բոլոր քաղաքներում,- 168.am-ի հետ զրույցում վերջին իրողություններին այսպես է արձագանքում Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը և հավելում,- Երևանում, Օղակաձև և Թումոյի այգիներից և միգուցե Ծիծեռնակաբերդի անտառից բացի, չկա որևէ հանրային կանաչ հատված, որտեղ լինեն մարզադաշտեր։
Իրականում սա չմտածված մի գաղափար է, որով շատ արագ ինչ-որ արդյունք ցույց տալու ցանկություն է եղել, բայց գրեթե բոլորը, այդ թվում՝ դրա հեղինակները, արդեն հասկացել են դրա թերմտածվածությունը»:
Առհասարակ, մասնագետի կարծիքով, այս դրվագը լիովին տեղավորվում է կառավարման համակարգի անկարողության համատեքստում:
«Վերջին շրջանում մեր բնագավառում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց իրադարձությունները, օրինակ, երբ երկրի վարչապետի մակարդակով շինարարական որակի հսկողություն է իրականացվում, ապա աշխատանքից հեռացվում են մարդիկ, որոնք չունեն առաջնային մեղավորություն, «Արարատ» ակումբի թենիսի դաշտերի ու նախկին «Սպարտակ» մարզադաշտի վաճառքը հանդիսանում են քաղաքական և կառավարչական անկարողության վառ ապացույցներ: Դրանք շատ լավ տեղավորվում են մեկ՝ ակադեմիական, մեկ՝ կառավարական քաղաքների կառուցման, Երևանի վայրագ բնակելի կառուցապատման, Ֆիրդուսի և Կոնդի պատմական թաղամասերի վերջնական ավերման շրջանակում։
Ուղղակի ցնցուղի խնդիր լուծելու կարողություն չունեցող կառավարման համակարգի մեծ-մեծ գաղափարները գալիս են ապացուցելու, որ չկա կառավարման կարողություն՝ ինչպես քաղաքաշինության բնագավառում, այնպես էլ՝ բոլոր բնագավառներում, և այս ամենը զուտ թամաշայի համար է, մի քիչ էլ՝ կոնկրետ մարդկանց համար փող աշխատելու հնարավորություն»,- ամփոփեց Սարհատ Պետրոսյանը: