ՎԱՃԱՌՔ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՇԱՀՈՒՅԹ. ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ անվտանգություն, ի՜նչ ավանդույթ, ի՜նչ մշակույթ, ի՜նչ գիտություն, ի՜նչ կրթություն և վերջապես՝ ի՜նչ պատմություն
Շատերը վրդովված են՝ տեղեկանալով, որ որպես գերակա շահ են ճանաչվել և քանդվելու են Պետական համալսարանի դիմացի այգում գտնվող թենիսի խաղահրապարակները։
Օրինակներ են բերում տարբեր եվրոպական երկրների մայրաքաղաքներից, որոնցում, հենց քաղաքի կենտրոնում պահպանված են թենիսի խաղահրապարակները։ Հիշում եմ իմ ուսանողական տարիները։ Համալսարանի դիմացի խաղահրապարակներում, ֆակուլտետների միջև ձեռքի գնդակի մրցումների էինք մասնակցում, իսկ թենիսի խաղահրապարակներում վայելում էինք ԽՍՀՄ առաջնությունը, այն ժամանակվա աստղեր Օլգա Մորոզովայի և Ալեքսանդր Մետրևելիի մասնակցությամբ։
Այնպես որ, շատերի զայրույթն ինձ հասկանալի է։ Նրանք այն մարդիկ են, ում համար թանկ են քաղաքային ավանդույթներն ու ուրույն մշակույթը։ Բայց արդյո՞ք միայն թենիսի խաղահրապարակները…
Իսկ ինչպիսի՞ն է լինելու հենց Երևանի Պետական համալսարանի ճակատագիրը։ Չէ՞ որ, երբ կառուցվի, այսպես կոչված, ակադեմիական քաղաքը, Համալսարանի շենքը վաճառվելու է։ Այնպես որ, թենիսի խաղահրապարակների քանդելը Համալսարանի շենքի վաճառքի բաղկացուցիչ մասն է։ Եվ ոչ միայն Համալսարանը։ Այդ նույն՝ ակադեմիական կոչվող քաղաք են տեղափոխվելու բոլոր միավորված, այն է՝ ջախջախված գիտական հաստատություններն ու բուհերը։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Դեմքի խրոխտ արտահայտությամբ, ինքնավստահ արդարադատության նախարարը հայտարարեց, այսպես կոչված, կառավարական թաղամասի կառուցման մասին։ Ի՞նչ է դա նշանակում։ Կարելի է ենթադրել, որ բոլոր պետական հաստատությունները պետք է տեղափոխվեն այդ թաղամաս։ Դրանով իսկ կլուծվի նաև իշխանության տարբեր թևերի միավորման հարցը, բոլորը՝ Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն, դատարաններ, կլինեն վարչապետ կոչեցյալի ուղղակիորեն ուշադրության կենտրոնում։ Իսկ շենքե՞րը․․․ Հզոր նախարարը բացատրում է․ «Ե՛վ կենտրոնը կբեռնաթափվի, և՛ այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պետական չինովնիկները, կտրվեն բիզնեսին․ վարձակալություն, վաճառք, այսինքն՝ շահույթ կգեներացվի»։
Ինչպես ասում են, ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ»։
Բնականաբար, այս միտքն ամենազոր արդարադատության նախարարինը չէ։ Նա ընդամենը կրկնում է իր տիրակալի՝ վարչապետ կոչեցյալի խոսքերը։
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են Պետական համալսարանի, Պոլիտեխնիկի, Բժշկականի, Գիտությունների Ակադեմիայի, Մատենադարանի և բոլոր գիտական ինստիտուտների, ինչպես նաև նախագահական, կառավարության, Ազգային ժողովի, բոլոր նախարարությունների, դատարանների շենքերը հանվում վաճառքի։
Հաջորդը կլինի մշակութային թաղամասի կառուցումը և Երևանի կենտրոնից կտեղափոխվեն Օպերայի և Բալետի, Սունդուկյանի անվան, Դրամատիկական թատրոնները, բոլոր թանգարանները, ցուցասրահներն ու համերգասրահները։ Իսկ ազատված շենքե՞րը՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ»։ Պատկերացրեք, թե մտքում ինչպիսի հաշվարկներ է անում և հրճվում վարչապետ կոչեցյալը, Օպերայի և Բալետի, Ակադեմիայի, Մատենադարանի, Ազգային ժողովի, նախագահի նստավայրի շենքերի վաճառքից ակնկալվող շահույթների մասին՝ միլիոններ։ Հաջորդը կլինի առողջապահական թաղամասի կառուցումը և Երևանի կենտրոնից կտեղափոխվեն բոլոր հիվանդանոցները։ Իսկ ազատված շենքե՞րը՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ»։ Եվ այսպես շարունակ։ Այս ամենն իրագործելուն զուգահեռ՝ կփոխվեն նաև Հայաստանի զինանշանն ու օրհներգը։ Այս մասին էլ, իբր որպես սեփական կարծիք, հայտարարեց վարչապետ կոչեցյալից անբաժան, նրան սարսափահար, միաժամանակ՝ քծնողական դեմքով ուղեկցող ԿԳՄՍ նախարարուհին։ Նորից հարց է առաջանում՝ ինչո՞ւ․․․ Սա նույնպես, նույն վաճառականի հոգեբանությամբ է արվում։ Այս անգամ՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ» գործարքում՝ գնորդը Թուրքիան է։
Եվ այսպես շարունակ։ Մենք ունենք երկրի ղեկավար, որի ուշքն ու միտքը, վաճառականի հոգեբանությամբ, միայն շահույթն է՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ»։ Ի՜նչ Արցախ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ անվտանգություն, ի՜նչ ավանդույթ, ի՜նչ մշակույթ, ի՜նչ գիտություն, ի՜նչ կրթություն և վերջապես՝ ի՜նչ պատմություն, այլ միայն ու միայն շահույթ։
Եթե հաշվի առնենք նաև, որ դպրոցական ծրագրերից հանվել է հայոց թիվ մեկ վիպասան Րաֆֆին, ապա կարելի է հաստատաբար պնդել, որ վարչապետ կոչեցյալն իր գործողություններով միաժամանակ լուծում է չորս խնդիր։ Առաջինը, ինչպես նշեցինք, շահույթն է։ Երկրորդ խնդիրը սերտորեն կապված է առաջինի հետ, այն է՝ մոռանալ անցյալը, ազգությունը, ազգային արժանապատվությունը, մշակույթը և, ինչպես Չինգիզ Այթմատովն է նկարագրել իր «Եվ դարից երկար ձգվում է օրը» անմահ վեպում, ողջ ժողովրդին դարձնել ստրուկ-մանկուրտներ, ինչպիսիք են իրեն հավատարմորեն ծառայող քպ-ականները։ Անցյալն ուրացած մանկուրտը պատրաստ է սպանել հարազատ մորը, ուստի նաև հայրենիքը՝ հանուն շահույթի։ Օրինակնե՞ր, խնդրեմ՝ նույն խրոխտ արդարադատության նախարարը, որը հանուն պաշտոնի և փողի՝ ուրացավ իր ընտանիքը, «գետնի վրա» սողացող անվտանգության խորհրդի քարտուղարը, որն էլ ուրացավ իր ծննդավայր-հայրենիք Արցախը։ Երրորդն անձնական վրեժն է, բոլոր գիտնականներից, կրթված մարդկանցից, իր խոսքերով՝ էլիտայից, քանի որ ինքն անձամբ կիսագրագետ է և ողջ կյանքում ոչ թե հարգել է և փորձել անձամբ դառնալ գրագետ, այլ նախանձով ու չարությամբ է վերաբերվել կրթված, գրագետ մարդկանց։ Եվ վերջապես՝ չորրորդը, ներեցեք՝ նրա ատելությունն է Երևանի՝ որպես քաղաքի հանդեպ։ Սրանով բացարձակապես նկատի չունեմ նրա երևանցի չլինելու հանգամանքը։ Բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ունեմ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից։ Նրանց մեջ չեմ նկատել որևէ բարդույթ, որ բնիկ երևանցի չեն։ Տվյալ դեպքում գործ ունենք տիպիկ մարտնչող կիսագրագետ գեղցու հետ։
Հիշենք նաև՝ վարչապետ կոչեցյալի խմբագիր եղած ժամանակ, թե որտեղից էին գոյանում թերթի շահույթները, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նաև հիշենք նույն թերթում 2001 թվականին հրապարակված «Մենք ու մեր շահերը» հոդվածը, որտեղ հանուն նույն շահույթի՝ հոդվածագիր-խմբագիրը պատրաստ էր միջանցք տրամադրել թյուրքական աշխարհին, միավորվելու համար։
Հարց․ «ի՞նչն էր խանգարում այդ միջանցքը տրամադրելուն»։ Պատասխան, «Առաջին հերթին Արցախը, ապա Սյունիքը»։ Նպատակին հասնելու համար, ի՞նչ էր պետք անել։ Այո՛, վաճառել Արցախը՝ «վաճառք, այսինքն՝ շահույթ» սկզբունքով։ Պատերազմով մինչև վերջ չստացվե՞ց, ոչինչ, ինչպես տեղափոխում է տարբեր հաստատությունների աշխատողներին ակադեմիական կամ կառավարման թաղամասեր, այնպես էլ արցախցիներին տեղափոխեց Հայաստան՝ վերջնականորեն վաճառելով Արցախը։
Հասել ենք վերջին՝ Հայաստանի՝ որպես խաչմերուկ, վաճառքի և շահույթ ստանալու փուլին։
Եթե իրականացվի այդ խաչմերուկ կոչված նախագիծը, ապա կարճ ժամանակ անց Հայաստանը կմնա որպես պատմական հուշ, ինչպես Ասորեստանը։ Բավական է, որ այդ «խաչմերուկի» երթուղիներից մեկում տեղի ունենա մի «պատահական» պայթյուն, և թուրք-ադրբեջանական զորքերը, ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ, եվրոդիտորդների աչքի առաջ կգրավեն Հայաստանը։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրություն կոչվածը։ Ֆրանսիան՝ որպես բարեկամ երկիր, կհրավիրի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որը խստորեն կդատապարտի Հայաստանի օկուպացիան՝ պահանջելով դուրս բերել զորքերը Հայաստանից։ Եվ․․․ Եվ վերջ․․․ Ինչպես Կիպրոսից, Իրաքից, Սիրիայից, թուրքական զորքերը Հայաստանից նույնպես դուրս չեն գա։ Հա՜, մոռացա՝ ողջ քաղաքակիրթ աշխարհը, հատկապես ԱՄՆ-ը և ԵՄ-ն, մարդասիրական օգնություն կտրամադրեն Հայաստանից փախստականներին։
Հ․Գ․ Ցավալին այն է, որ այս ամենի դեմ լուրջ դիմադրություն, ընդվզում, պայքար չկա։ Չեն ընդվզում գիտնականները, մշակույթի գործիչները, ուսանողությունը և, վերջապես, ներեցեք՝ ընդդիմությունը։
ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ