Բաժիններ՝

«Սիրենք իրար, նեցուկ լինենք, որովհետև մեկ տապանի մեջ ենք». Կամերայինի «Պինգվիններ» ինտերակտիվ նոր ներկայացումը

Երևանի Կամերային թատրոնն ամանորյա մեծ նվեր է պատրաստել փոքրիկների և նրանց ծնողների համար։ «Պինգվիններ» ինտերակտիվ նոր ներկայացումը կատակերգություն է փոքրիկների ու մեծերի համար։ Թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Ամանորին ընդառաջ։

Կատակերգության հիմքում երեք պինգվինների արկածներն են։ Պինգվին ընկերներն իրենց գործողություններով սովորեցնում են սիրել, վստահել ու հավատարիմ լինել ընկերներին։ Հենց այդ հավատարմությունն էլ երեք պինգվիններին փրկում է մեծ ջրհեղեղից։ Պիգվինները ջրհեղեղից փրկվելու համար Նոյան տապանի ընդամենը երկու տոմս ունեին, բայց չէին կարող վտանգի մեջ թողնել երրորդ ընկերոջը, բայց նրանց հավատարմությունն ու միմյանց նկատմամբ սերը հնարավորություն են տալիս տարբեր հնարքներով երրորդ ընկերոջը տապան տեղափոխել ու միասին փրկվել ջրհեղեղից։

Ներկայացման ռեժիսորը Կամերային թատրոնի երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանն է։ 168.am հետ զրույցում նա պատմեց, որ այնքան էլ հեշտ չէ բեմադրել մանկական ներկայացում, որ նրանց համար հետաքրքիր ու գրավիչ լինի. Փոքրերին համոզելը շատ դժվար է, կեղծն ու սուտն արագ նկատում են։

Կարդացեք նաև

«Ներկայացման մեջ շատ անկեղծ ենք, խաղում ենք երեխաների լեզվով, սա ոչ թե միայն մանկական ներկայացում է, այլ ներկայացում է ամբողջ ընտանիքի համար։ Այսինքն՝ այնպես ենք արել, որ այն հավասարապես հետաքրքրի և՛ մեծին, և՛ փոքրին։ Թեման մի քիչ բարդ է, բայց երկրորդ ներկայացումից հետո հասկացա, որ դարը զարգացել է, և երեխաները շատ արագ են ամեն ինչ ընկալում։ Հավատացեք, հենց առաջին ներկայացման ժամանակ երեխաները շատ ուշադիր հետևում էին, նույնիսկ պահեր էին լինում, որ վախենում էինք, թե ինչու են երեխաներն այդքան լուռ, հետո հասկացանք, որ ուշադիր մեզ են լսում։ Թեման կարևոր է, և պինգվինների տեսանկյունից է այն ներկայացվում, արծարծում ենք թեմաներ, որոնց շուրջ մարդիկ մշտապես ունենում են մտորումներ։ Այստեղ ասելիքը, որն ուզում ենք հասցնել երեխաներին, այն է, որ պետք է միշտ լինեն իրենց ընկերների կողքին, չնեղացնեն իրենցից թույլերին, իսկ ամենակարևոր ասելիքը՝ վճռական պահերին չկորցնես ինքդ քեզ, ազնիվ լինես»,- նշեց Դավիթ Աբրահամյանը։

Նրա բնորոշմամբ, ներկայացման թեման արդիական է, քանի որ այսօր հայաստանյան իրականության մեջ մարդկանց միջև շատ կոնֆլիկտներ կան, եթե կարողանան ներկայացման միջոցով երեխաներին փոխանցեն, որ նրանք բոլորն ընկերներ են, ապա կկարողանան մեկ քայլ առաջ անել մթնոլորտը դրական առումով փոխելու համար։

«Ներկայացման ընթացքում շատ ենք տեսել, որ անծանոթ երեխաները միմյանց հետ ծանոթացել են, սկսել են շփվել։ Երկար տարիներ Կամերային թատրոնում մանկական ներկայացում չէր եղել, երեխաների ձայները, որոնք լսվում էին դահլիճից, մեզ համար մեծ ոգևորություն էր։ Այդ ներկայացումը բեմադրելը Լուսինե Երնջակյանի առաջարկն էր, հիմա մենք թատրոնում գրեթե բոլոր ժանրերի ներկայացումներ ունենք»,- շեշտեց նա։

Երիտասարդ ռեժիսորի և դերասանի համար տարին բարդ էր բոլոր առումներով, և այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում ու երկրում, չի կարող չանդրադառնալ նաև թատրոնի վրա։

«Ամեն մի վատ իրադարձություն ու լուր մենք փորձեցինք նոր ստեղծագործական որոնումներով հաղթահարել, որովհետև երբ մարդը ձեռքերը ծալած նստում է ու ասում՝ չէ, ամեն ինչ վատ է, դրանից ոչինչ չի փոխվում։ Թատրոնում ունեցել ենք բազմաթիվ պրեմիերաներ և յուրաքանչյուր պրեմիերայից հետո դու հասկանում ես, որ թատրոնի, քո գործի մեջ մեկ կարևոր բան արել ես։

Խնայենք ու սիրենք իրար, մեկս մյուսին նեցուկ լինենք, որովհետև մեկ տապանի մեջ ենք, աջ ու ձախ այլևս հնարավոր չէ, ուրիշ բան չի մնացել, պիտի սիրենք իրար ու կարևորենք մարդուն»,- նշեց մեր զրուցակիցը։

Պինգվիններին փրկելու, Ջրհեղեղի մեկնարկն ու ավարտն ազդարարող աղավնու դերը կատարում է դերասանուհի Վիկտորիա Սահակյանը։ Մի քանի ներկայացում խաղալուց հետո տեսնելով փոքրիկների արձագանքը, կարող է ասել, որ ներկայացումը ստացված է։ Էներգիան ու ներուժը, որը դրել են ներկայացումը կյանքի կոչելու համար, չէր կարող վատ արդյունք ունենալ։

«Շատ հավեսով ենք խաղում երեխաների համար, նրանք և՛ ազնիվ, և՛ ամենաբարդ հանդիսատեսն են, թվում է, թե դուրս եկար բեմ, ձեռքերդ վերև բարձրացրեցիր, երեխաները կսկսեն ծիծաղել, բայց այդպես չէ։ Երեխաները գոհ են հեռանում, հատկապես, երբ ներկայացումից դուրս են գալիս ու տեսնում Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին։

Հենց փոքր տարիքից երեխաների հետ պետք է խոսել Աստծո գոյության մասին, որովհետև դրանից չես փախչի, մենք էլ քրիստոնյա ազգ ենք։ Բացի այս թեմայից, ներկայացման մեջ շատ կարևոր բաներ են խոսվում նաև ընկերության մասին, ինչը կարևոր է։ Կամերայինը միշտ է տարբերվել, հետևաբար՝ մենք միշտ ուզում ենք այս թատրոնից բոլորին մատուցել լավագույնը՝ լավագույն հանդիսատեսի համար։ Գուցե այս ներկայացումը տեսնելուց հետո երեխաների մոտ հարցեր առաջանան, և տուն գնալուց երեխաների և ծնողների միջև ծավալվի երկխոսություն, ինչը գլոբալ առումով մեր հասարակության մեջ շատ է պակասում։ Ծնողները երեխաների հետ պետք է շատ խոսեն, արժեքներ կան, որոնց մասին միշտ պետք է խոսեն»,- նշեց դերասանուհին։

Վիկտորիա Սահակյանը կատակով ասում է՝ հավանաբար Կամերայինի բեմը «շոկի» մեջ է, քանի որ ամբողջ բեմի վրա հավաքված է մեծ տապան, այն պտտվում է այս ու այն կողմ։

«Մենք տարիներ առաջ ունեցել ենք մանկական ներկայացում, կարծում եմ՝ այս ներկայացումն էլ է պետք, սա պակասում էր թատրոնում, որը լրացվեց»,- նշեց նա։

Դերասանուհու գնահատմամբ էլ, անցնող տարին բավականին ծանր էր, սակայն թատրոնում պրեմիերաների պակաս չի եղել, ինչի համար ուրախ է։

«Մաղթում եմ, որ մեր էներգիան երբեք չպակասի, որպեսզի կարողանանք ներկայացումների միջոցով փոխանցել մեր սիրելի հանդիսատեսին։ Այնպես որ, եկեք ու այդ էներգիան վերցրեք ու փոխանցեք, միշտ թող սեր լինի»,- եզրափակեց Վիկտորիա Սահակյանը։

Դերասան Սարգիս Շողունցը երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունի արդեն, աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ «Պինգվիններ» ներկայացման մեջ կատարում է պինգվիններից մեկի դերը։ Չնայած փորձին, վստահեցնում է՝ երեխաների հետ աշխատելը բարդ է, նրանց երբեք չես կարող բեմից ստել։

«Եթե իրենց ներկայացումը հետաքրքիր չէ, անմիջապես հենց դահլիճից ցույց են տալիս, եթե հետաքրքիր է՝ կրկին ցույց են տալիս։ Կոնկրետ այս ներկայացման ժամանակ մեկ դեպք է եղել, երբ երեխաները հանգիստ նստած էին, բայց քանի որ ներկայացումն ինտերակտիվ է, անդադար մասնակցում են ներկայացմանը։ Երեխաներն անկեղծորեն իրենց էմոցիաները ցույց են տալիս, մեծերը միշտ չէ, որ այդպես են։

Այս ներկայացման ասելիքը շատ է՝ հիմնականը ընկերասիրությունն է, որ ոչ մի դեպքում չի կարելի ընկերոջը խաբել, դավաճանել։ Սրանք նուրբ բաներ են, որոնք պետք է մանկուց սովորեցնել։ Կա աստվածաշնչյան թեմա, որը փոքրիկների համար որոշ հարցականներ է ստեղծում, որի շուրջ նրանք ցուցաբերում են հետաքրքրություն, հարցերի պատասխանները հավանաբար նրանք իրենց ընտանիքներում կարող են գտնել՝ ծնողների հետ զրուցելու ընթացքում»,- նշեց դերասանը։

Ինչ վերաբերում է անցնող տարվան, Սարգիս Շողունցի գնահատմամբ՝ ստեղծագործական առումով տարին բուռն էր՝ 7 պրեմիերա, որից 3-ը սեփական բեմադրությունն է եղել։

«Մաղթում եմ, որպեսզի մենք ապրենք այնպիսի երկրում, որտեղ կկարողանանք մտածել միայն ստեղծագործական կյանքի մասին։ Երկրում ունենանք այն ներդաշնակությունը, որպեսզի միշտ կարողանանք ստեղծագործել և ստեղծագործենք լավ»,- եզրափակեց Սարգիս Շողունցը։

Տեսանյութեր

Լրահոս