Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղից 8 ամիս անց Քարկոփ բնակավայրի կրած վնասները դեռ հայտնի չեն, հաշվարկ են անում
Նախորդ տարի, մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ամենաշատ վնասներ կրած Քարկոփ գյուղում առ այսօր շարունակում են մաքրել ջրհեղեղի թողած հետքերը։
Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանի խոսքով՝ չնայած բնակիչները վերադարձել են գյուղ, սակայն մինչև այս պահը դեռ հաշվարկված չէ, թե ջրհեղեղը որքան վնաս է հասցրել Քարկոփին։
«Կրած վնասի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, քանի որ աշխատանքներ են կատարվում, կրած վնասները դեռևս գնահատվում են։ Մեր գյուղում մոտ 49 բնակարան էր տուժել, բոլոր բնակիչները հետ են վերադարձել՝ համատեղ և՛ բնակվում են բնակարաններում, և՛ վերանորոգումներ են կատարում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քարկոփի վարչական ղեկավարը։
Նա նաև ընդգծեց՝ Քարկոփ բնակավայրը փոքր է և ամբողջովին տուժել էր, պետությունը գյուղատնտեսության, վնասված մեքենաների ու բնակարանների համար արդեն փոխհատուցումը տվել է բնակիչներին։
«Մեզ մոտ խոշոր եղջերավոր անասուններ չկան, միայն խոզեր ու թռչուններ են։ Դրանց համար բնակիչները փոխհատուցում են ստացել և նորից գնում են։
Ուրախությամբ պետք է ասեմ, որ ջրհեղեղից հետո բոլորն են վերադարձել գյուղ, չի եղել մի բնակիչ, որ չվերադառնա։ Կոյուղու խնդիր ունեինք, նոր գիծ կառուցեցինք, արդեն շահագործում ենք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է բնակավայրի դպրոցին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ դպրոցը վերանորոգվում է, բայց ջեռուցման խնդիր ունի, մոտ 15 օրից հետո հավանաբար երեխանները կկարողանան գնալ դպրոց, թեպետ արդեն երկրորդ կիսամյակն է։
«Մենք սպասում ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ չափի վնասներ է կրել մեր բնակավայրը»,- ընդգծեց Հերմինե Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել էր աղետալի իրավիճակ։ Հեղեղումների հետևանքով, պաշտոնական տվյալներով՝ գրանցվեց 4 զոհ։ Բազմաթիվ բնակավայրերում մասամբ կամ ամբողջովին վնասվել էին ճանապարհները, կամուրջները։ Հեղեղը քշել-տարել էր բազմաթիվ այգիներ։ Քարկոփ բնակավայրն այդ հեղեղումների պատճառով ամբողջովին վնասվել էր։