Հարավային Կովկասում առանցքային տարի է սպասվում․ Հալբախ
«Անցած աշխարհաքաղաքական տարին բավականին բարդ էր, քանի որ շարունակվեց Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում և այս տարի էլ ավելի խորացավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև բևեռացումը՝ էլ ավելի տարածելով իր աշխարհագրությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ գնահատելով 2023 թվականն աշխարհաքաղաքական և հարավկովկասյան զարգացումների տեսանկյունից։
Նա նշեց, որ ըստ էության 2023թ. գլոբալ նոր բան միջազգային հարաբերություններում չի արձանագրվել, այլ շարունակվել են այն միտումները, որոնք կան Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։
«2023թ. Արևմուտքը շարունակեց իր աննախադեպ ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցությունն Ուկրաինային։ Պատերազմի գոտում տարվա ընթացքում ռազմական գործողությունների, փոփոխությունների ականատեսն ենք եղել, գլոբալ առումով դա երևի թե կշարունակվի նաև այս տարի, եթե Ռուսաստանը որոշում չկայացնի կանգ առնել և բանակցել։ Այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններն այլևս նախկինի նման չեն լինի։ Ուկրաինայում պատերազմը փոխեց Արևմուտքին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։ Անցած տարի հատկապես տեսանք Միացյալ Նահանգների բարձրաստիճան «ներկայություն» Հարավային Կովկասում, նկատի ունեմ, որ ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով եղավ մասնակցություն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, նախարարական հանդիպում նախաձեռնվեց Վաշինգտոնում, բանակցային ռաունդներ տեղի ունեցան Խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով։
Նույնպիսի ներգրավվածություն տեսանք Ֆրանսիայի կողմից, հանդիպում տեղի ունեցավ նաև Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։
ԵՄ-ն երկարաժամկետ դարձրեց իր դիտորդական ներկայությունը Հայաստանում։ Այս ամենը դեռ առարկայական արդյունք չի տվել, սակայն Արևմուտքի ռազմավարությունը պարզ է՝ մեծացնել ազդեցությունը Ռուսաստանի ազդեցության գոտիներում՝ զրկելով նրան ազդեցության լծակներից, որոնք, ըստ Արևմուտքի, հակամարտություններն են։ Հարավային Կովկասում ևս այս միտումները կշարունակվեն»,- ասաց Հալբախը։
Ըստ նրա, հատուկ ուշադրության են արժանի լինելու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, քանի որ կողմերը գտնվում են Խաղաղության համաձայնագրի բանակցման եզրափակիչ փուլում և մոտ են համաձայնագրի ստորագրմանը։
«Շատ կարևոր է լինելու, թե առանցքային բոլոր հարցերում, ի վերջո, կողմերը համաձայնագրում ինչ են ամրագրելու, հակասությունների որքան մասն են կարողանալու չեզոքացնել այդ համաձայնագրով, և, ի վերջո, դա իսկապես ծառայելո՞ւ է ռեգիոնալ խաղաղությանը, թե՞ ոչ։ Դրանից ենթադրելով՝ կարելի է ասել, որ Հարավային Կովկասում առանցքային տարի է սպասվում, Խաղաղության համաձայնագրի ստորագրումը և դրան հաջորդող ժամանակահատվածը թույլ կտա ասել, թե արդյոք դա կդառնա՞ խաղաղություն ապահովող համաձայնագիր, թե՞ ոչ։
Իսկ կասկածներ կան, որ դա այդպես չի լինի, քանի որ գլոբալ անկայունության պարագայում բարդ է որևէ ռեգիոնում հաստատել կայուն և երկարատև խաղաղություն մի պարագայում, երբ Ռուսաստանն ակնհայտորեն չի պատրաստվում «լքել» ռեգիոնը»,- ասաց Հալբախը։