Արտահերթի ծուղակը. նոր քաղաքականություն՝ նոր ընտրությունների փոխարեն
Նախորդ տարվա աշնանից քաղաքական օրակարգում հայտնվեցին հնարավոր արտահերթ ընտրությունների մասին քննարկումները։
Ոմանք արտահերթ ընտրությունները համարում են՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլք՝ որպես սեփական ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոց, երրորդները կարծում են, որ դրանց միջոցով հնարավոր կլինի փոխել քաղաքական ստատուս-քվոն և այդպիսով կանգնեցնել պետության կործանման ընթացքը, և այդպես շարունակ։
Թե առաջարկողներից ու քննարկողներից ովքե՞ր են ամբողջությամբ ազնիվ, ովքե՞ր՝ ըստ իրենց ակնկալիքների ու պատվերի, դժվար է ասել, հատկապես, որ արտահերթ ընտրությունը միշտ իշխանության համար համարվում է ֆորսմաժորային տարբերակ՝ ստեղծված պայթյունավտանգ մթնոլորտը լիցքաթափելու, վարչական ռեսուրսի միջոցով վերարտադրվելու և ավելի ամրանալու իմաստով։
Խնդիրը, սակայն, արտահերթ ընտրությունների առաջարկով հանդես եկողների անաղարտությունը չէ։
Ավելի կարևոր է հասկանալ՝ ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրությունները որքանո՞վ կարող են հիմնարար լուծում համարվել քաղաքական իրականության փոփոխության առումով։
Ենթադրենք, պայմանականորեն 40 օր հետո նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դրանց, բնականաբար, մասնակցում են քաղաքական դաշտում այսօր քիչ թե շատ ներկայացված ուժերը, ի՞նչ որակական փոփոխություն դա կարող է բերել երկրում։
Ամենայն հավանականությամբ, դրական որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ, շատ ավելի հավանական է, որ կլինի ավելի վատ։
Խնդիրն այն է, որ Հայաստանի այսօրվա ճգնաժամը շատ ավելի հիմնարար, խորքային պատճառներ ունի, քան այն գործոնները, որոնցով սովորաբար բնութագրվում են քաղաքական ճգնաժամերը։
Արտահերթ ընտրությունները, որպես կանոն, անցկացվում են այն դեպքերում, երբ ի թիվս այլ գործոնների, կա էլեկտորալ խզվածություն, այսինքն՝ խորհրդարանը չի արտահայտում հասարակության քաղաքական հիմնական նախընտրությունները։ Այդ առումով, այո, Հայաստանի այսօրվա Ազգային ժողովում ներկայացված չեն հասարակության բոլոր շերտերի կարծիքներն ու մտահոգությունները, և իշխող ուժը միանշանակ մեծամասնություն չի վայելում։ Այդ մասին են վկայում նաև ամենատարբեր սոցիոլոգիական հարցումները, որոնք, ի դեպ, վկայաբերվում են հենց արտահերթ ընտրություններ առաջարկողների կողմից։ Բայց այդ առաջարկողները համեստորեն լռում են այն մասին, որ բոլոր այդ հարցումները՝ վկայելով իշխանության վարկանիշի սարսափելի անկման մասին, միևնույն ժամանակ ցույց են տալիս նաև քաղաքական մյուս բոլոր ուժերի վարկանիշի բացակայությունը։ Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունի, պայմանականորեն ասած, «քաղաքականությունը մերժողների կուսակցությունը», ինչի արտահայտությունն էին, ի դեպ, նաև անցած տարվա Երևանի ավագանու ընտրությունները։
Հետևաբար՝ իրականում Հայաստանի քաղաքական ճգնաժամը ոչ թե էլեկտորալ կամ ներկայացուցչական ճգնաժամ է, այլ ավելի խորքային, հիմնարար ճգնաժամ է, ոչ թե քաղաքական, այլ քաղաքականության ճգնաժամ է՝ բառի ամենալայն իմաստով։
Իսկ այդ ճգնաժամը չի կարող հաղթահարվել արտահերթ ընտրությամբ, որը սոսկ մեխանիկական ակտ է։ Քաղաքականության ճգնաժամի հաղթահարման համար պետք է վերափոխվի քաղաքական համակարգը՝ ընդհանրության մեջ և առանձին ներկայացուցիչներով, ու այդ վերափոխումը կրկին պետք է լինի ոչ թե մեխանիկական, անվանական, այլ բովանդակային։
Հայաստանը, հայ հասարակությունն ունի քաղաքական գաղափարների, քաղաքական իմաստների, քաղաքական մտքի ու ասելիքի կարիք, որոնց առկայության դեպքում արտահերթ կամ հերթական ընտրություններով դրանք կրողները՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ դրանից դուրս, կարող են ապահովել այն հիմնարար փոփոխությունը, որը որպես առաջին քայլ՝ երկիրը կմաքրի պոպուլիստական աղբից և կփոխի զարգացման ընթացքը։
Այլապես, առանց քաղաքականության, քաղաքական համակարգի բովանդակ վերափոխման, արտահերթ ընտրությունը ցանկացած պարագայում նվեր է լինելու իշխանության համար, որն անգաղափար իրականությունում՝ վարչական և մնացած ռեսուրսներով, նաև «քաղաքականությունը մերժողների» անգիտակից աջակցությամբ, միշտ կարողանալու է ապահովել այնքան տոկոսներ, որքան անհրաժեշտ է իշխանությունը երկարաձգելու համար։
Հարություն Ավետիսյան