Ռազմատուգանք են նշանակել Հայաստանին. դա է «Խաղաղության խաչմերուկ» պարտադրված օրակարգը. Դավիթ Անանյան

Այս Կառավարությունը հակված չէ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք երկարաժամկետ արդյունքներ կապահովեն, հակառակը, փորձում է կարճաժամկետում արդյունքներ ստանալուն միտված ծրագրերով առաջնորդվել, քանզի ունի վերարտադրվելու ցանկություն։

Դրանով է պայմանավորված, որ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհի 4-րդ և 5-րդ տրանշի կառուցման ուղղությամբ, մինչդեռ խոսում է խաղաղության խաչմերուկների մասին, որն իրականում 5 կետով Ադրբեջանին և 2 կետով Թուրքիային իրար միացնող ճանապարհներ են, որոնք հորիզոնական են. այստեղ խաչմերուկ չկա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը: Նա նաև շեշտեց՝ Հայաստանը չունի տնտեսության այնպիսի ծավալ, որ կարողանա օգտվել այդ ճանապարհներից, բեռներ տեղափոխել, հետևապես, սխալ է ասել, թե Հայաստանն այդ հորիզոնական ճանապարհների կարիքն ունի։

Կարդացեք նաև

«Խաչմերուկը ենթադրում է ճանապարհների հատում, իրենց ներկայացրածը հորիզոնական ճանապարհներ են՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Դա թուրքական աշխարհի կողմից Հայաստանին պարտադրված ռազմական տուգանք է։ Այսինքն՝ պարտված կողմին պարտադրել են այդպիսի ճանապարհներ բացել, կամ պարտված կողմն իբրև իր օրակարգ է դա ներկայացնում։ Կրկնում եմ՝ այդ ծրագիրը նշանակում է, որ թուրքական աշխարհների միջև գտնվող Հայաստանը, որը որպես սեպ են նրանք ընկալում, մասնատվում է՝ մաղի տրամաբանությամբ, այլևս սեպ չէ. դառնում է ոչինչ՝ սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Հայաստանը դարձել է թատերաբեմ, որտեղ աշխարհի հզորները փնտրում են իրենց շահերը. օրինակ՝ մենք մեր քաղաքականությամբ հեշտացնում ենք Ռուսաստանի սիրախաղը թուրքական աշխարհի հետ»,- ասաց Անանյանը՝ ընդգծելով, որ չնայած ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ունենք բազմաթիվ հարցեր, այդուհանդերձ Հայաստանի իշխանությունն իրեն պետք է պահի ոչ թե նեղացող երեխայի պես, այլ գնա և իր օրակարգային հարցերը բարձրաձայնի այդ բոլոր հարթակներում։

«Գնալով ԵԱՏՄ նիստին, Փաշինյանն Արևմուտքին ասում է՝ Ռուսաստանը որպես տնտեսական հարթակ է, իմ գալով ոչինչ չի փոխվել, իմ անվտանգային ճարտարապետությունը դիտարկում եմ Արևմուտքի հետ։ Մինչդեռ հնարավոր չէ այդպես, որովհետև ցանկացած տնտեսական համագործակցություն ունի քաղաքական բաղադրիչ։ Տնտեսությունն ու քաղաքականությունն իրար հետ շաղկապված են, ավելին՝ շատ դեպքերում ասում են՝ տնտեսությունն է թելադրում քաղաքականություն»,- ասաց Անանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս