3 կողմից շրջափակված սահմանային Ներքին Հանդում մինչև օրս խմելու ջուր չկա, չկան նաև հանդեր և գերեզմանատուն
Վերջին տարիներին Հայաստանի՝ ավելի մեծացած սահմանային գոտում գտնվող սահմանապահ գյուղերում խնդիրները ո՛չ միայն չեն լուծվում, այլև շատանում են:
Սյունիքի մարզի սահմանային Ներքին Հանդ գյուղում էլ որևէ բան չի փոխվել: Համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև արդեն մեկ ամիս է, որ գյուղի դիրքային հատվածում կրակոցներ չեն հնչել, 3 կողմից շրջափակված բնակավայրում ապրուստի որևէ միջոց չկա:
Զրկված են իրենց բոլոր հանդերից: Գյուղն անգամ գերեզմանոց չունի՝ հանգուցյալներին հուղարկավորելու համար: Ստիպված են լինում նրանց տեղափոխել մեկ այլ բնակավայր կամ Կապան:
«Մենակ բնակավայրն է, էլի, ուրիշ ոչ մի բան չմնաց: Ո՛չ արոտավայր ունենք, ո՛չ անասուն: Ո՞նց պետք է վաստակենք մեր ապրուստը: Մի կերպ ապրում ենք, էլի։ Ի՞նչ անեն, իրենց հողը, տունը թողնեն-գնա՞ն։ Ոչ մի տեղից ոչ մի միջոց չեն տալիս։ Մեկն աշխատում է, մյուսն իր տնամերձով է ապրուստը վաստակում։ Մի փոքր հողամաս են մշակում, ձմռան պահուստ հավաքում: Ամեն մեկն իր ձևով շարունակում է պայքարել»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։
Սահմանամերձ գյուղում առկա խմելու ջրի խնդրի մասին էլ մեկ անգամ չէ, որ ահազանգել են: Արդեն տարիներ շարունակ բարձրաձայնվող այդ հարցին նույնպես տևական ժամանակ լուծում տրված չէ: Երկարատև բողոքներից հետո միայն այս տարեվերջին է հայտնի դարձել, որ խմելու ջրի անցկացման տենդերը կայացել է: Գյուղացիները հույն ունեն, որ հաջորդ տարի կարող են խմելու ջուր ունենալ:
«Նախկինում ջուրը որտեղից գալիս էր՝ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ է: Չեն թողնում, որ ջուրը հասնի մեզ։ Գետի ջրից, արդեն երկար ժամանակ է, տեխնիկական ջուր ենք հավաքում ու կիրառում առօրյայում: Աղբյուրի ջուր չունենք: Երևի 2024 թվականին կկառուցեն ջրագծերը: Աշխատանքները երևի հունվարից կսկսեն: Տեսնենք: Հույսով սպասում ենք»,- հույս հայտնեց Բաղդասարյանը:
Իսկ 3 կողմից շրջափակված սահմանային գյուղի բնակիչների խնդիրներով գրեթե հետաքրքրվող չկա: Միայն 2022թ. դեկտեմբերին են մի փոքր օգնություն տրամադրել բնակիչներին ու դրանով առաքելությունն ավարտված համարել:
«Անցած դեկտեմբերին մարզպետարանից եկան, հավեր տվեցին ու մինչև այսօր որևէ այլ օգնություն չեն տրամադրել: Չենք տեսել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գյուղում այլևս անասուն էլ չեն պահում: Որոշ ընտանիքներ միայն մեկ կով են պահում, որին արածեցնում են իրենց բակում:
Նազելի Ստեփանյան