«Եղել են դեպքեր, երբ արցախցի հաշմանդամություն ունեցող անձինք դժվարացել են տեղանքում տեղաշարժվել սայլակով, նույնիսկ բնակարան չունեին». Արմեն Ալավերդյան

Պաշտոնական տվյալներով, Արցախի Հանրապետությունում բնակվում էր հաշմանդամություն ունեցող 9000 անձ։ Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ նրանք նույնպես բռնի տեղահանվել ու տեղափոխվել են Հայաստան։ Ինչպես բռնի տեղահանված մյուս արցախահայերը, հաշմանդամություն ունեցող այս անձինք ևս Հայաստանում բախվում են տարբեր խնդիրների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ տեղաշարժի հետ կապված։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը 168.am հետ զրույցում խոսելով արցախցի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, նշեց, որ պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող 9000 անձանց հետ, իհարկե, չի հաջողվել կապ հաստատել Հայաստանում, բայց մի քանի հարյուր մարդու կամ ընտանիքի հետ կապ հաստատել են։ Նրանք ունեն տարբեր խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են՝ սկսած նրանից, որ չէին կարողանում ստանալ իրենց հասանելիք աջակցությունները՝ 100.000 դրամները, և այլն։

«Այդ մարդկանց մեծ մասն ուներ սոցիալական աջակցության խնդիր, ինչպես նաև՝ հատուկ պարագաների, օրինակ, հաշմանդամության սայլակի։ Կարողացանք 200 ընտանիքի օգնել, մեծամասամբ տրամադրել ենք սննդի և հիգիենայի փաթեթներ, ձմեռային վերմակներ և անկողնային այլ պարագաներ, տաք հագուստ, դեղեր, սայլակ։ Որոշ դեպքերում, երբ մարդկանց ուղիղ հնարավոր չէր օգնել, քանի որ մարզում էին ապրում և չէին կարող գալ, մենք ուղղակի նրանց ֆինանսական աջակցություն ենք տրամադրել»,- նշեց Արմեն Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ արցախցի հաշմանդամություն ունեցող անձինք, տարիներ շարունակ ապրելով Արցախում, արդեն սովորել էին իրենց միջավայրին, հետևաբար՝ տեղաշարժի առումով այնտեղ ավելի հեշտ է եղել, քան Հայաստանում։

Կարդացեք նաև

«Եղել են դեպքեր, երբ մարդիկ դժվարացել են տեղանքում տեղաշարժվել սայլակով, նրանք նույնիսկ բնակարան չունեին։ Բարեբախտաբար, այդ անձանց բարեկամները կացարան տրամադրեցին, որը, սակայն, ֆիզիկապես դժվարամատչելի էր։ Ենթակառուցվածքային այսպիսի շատ խնդիրների են նրանք բախվում։ Սայլակ օգտագործող մարդու համար գոնե պետք է հարմարեցված սանհանգույց լինի։ Հաշմանդամություն ունեցող անձինք Արցախում ժամանակի ընթացքում ամեն ինչ հարմարեցրել էին իրենց, չէին դժվարանում, բայց այստեղ հանկարծ գտել են մի կիսաքանդ շենք, վարձակալել են ու բախվում են ենթակառուցվածքային լուրջ խնդիրների։ Եվ չեմ կարող ասել, որ այս հարցերում մեր պետությունը նրանց օգնում է, ցավոք, նման պնդում չեմ կարող անել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե 2023 թվականին ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների առումով ի՞նչ խնդիրներ են լուծվել, Արմեն Ալավերդյանը նախ պատասխանեց՝ Արցախի ամբողջական օկուպացիան Ադրբեջանի կողմից ստվերել է մնացած բոլոր խնդիրները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց անհատական ծառայությունը փորձարկվել է, ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, հունվարին այդ ամենը պետք է կրկին փորձարկվի։ Չնայած կան բազմաթիվ սխալներ այդ ծառայության որոշման մեջ։ Այնտեղ կա պահանջ, որ անձնական օգնականը պետք է պարտադիր դասընթացի մասնակցի, որը շատ դեպքերում անհարկի քաշքշուկի տեղ է տալիս։

Հաշմանդամություն ունեցող անձի լավագույն օգնականը շատ դեպքերում հենց հաշմանդամություն ունեցող անձն է։ Բայց լավ է, այդ փոփոխությունը կատարվել է»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս