Ադրբեջանը ձգտում է ՀՀ զինված ուժերը վերահսկելի դարձնել, պահել մաքսիմալ կանխատեսելիության դաշտում. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող անվտանգային տարին, և առաջին ցավալի փաստը, որ արձանագրվեց, դա Արցախի հայաթափումն է:

«Այսինքն, Ադրբեջանը հասավ իր նպատակին, և լիովին կազմաքանդեց Արցախի պաշտպանության բանակը, և հենց սա հանգեցրեց Արցախի լիակատար հայաթափմանը: Մենք կորցրեցինք հայկական զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը: Տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ձեզ հետ զրույցում նշել եմ, որ Ադրբեջանը ցանկանում է կազմաքանդել ՊԲ-ն, ինչը, ցավոք, նրանց հաջողվեց»,- նշեց ռազմական փորձագետը:

Վիտալի Մանգասարյանի խոսքով, Ադրբեջանի հաջորդ նպատակը, խնդիրը միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ կտրվածքով, չի բացառվում, որ լինի նմանատիպ սցենարի մշակումը՝ ՀՀ զինված ուժերի հետ կապված:

«Այսինքն, փորձելու են հնարավորինս թուլացնել, տարբեր ձևերով վնասել ՀՀ զինված ուժերին: Ադրբեջանը ձգտում է ՀՀ զինված ուժերը, նրա գործողությունները վերահսկելի դարձնել իրենց կողմից, մաքսիմալ կանխատեսելիության դաշտում պահել, տեսնել: Ըստ էության, սրան Ադրբեջանը փորձում է հասնել կարևոր ենթակառուցվածքները վերահսկողության տակ պահելով, գումարած՝ այնպիսի պայմաններ առաջ քաշելով, որ ՀՀ-ն նորմալ զորավարժություններ չպետք է անի, ինչը 2020 թվականից այս կողմ տեղի է ունենում, և լուրջ զորախաղեր չեն եղել: Ադրբեջանի ղեկավարությունը, Ալիևը տարբեր առիթներով հայտարարել է, որ իրեն երաշխիքներ է պետք, որ Երևանում «ռևանշի փորձեր» չեն լինի: Սա հնչել է՝ որպես պայման»,- ասաց ռազմական վերլուծաբանը՝ հավելելով, որ լուրջ և սթափ պետք է գնահատել իրավիճակը:

Կարդացեք նաև

«Չպետք է պատրանքների տրվել խաղաղության պայմանագրերով և խաղաղության խաչմերուկներով: Պետք է պատրաստ լինել նմանօրինակ սցենարների: Իսկ դրա համար, կրկնում եմ, մեր զինված ուժերը պետք է տարբեր զորավարժությունների մասնակցեն, նաև հանրությանը չպետք է բթացնել, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, ինչի մասին է վկայում սպառազինության ձեռքբերումները, պարբերաբար անցկացվող հարձակողական զորավարժությունները, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական: Սրա մասին է հուշում նաև ադրբեջանական փորձագիտական դաշտի խոսույթն ու առաջ քաշվող թեզերը»,- ամփոփեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ զորավարժության անցկացումը ՀՀ-ում ոչ նպատակահարմար համարելը պատճառաբանել էր, թե ՀԱՊԿ-ը կգար, սպառնալիք կստեղծեր և կգնար:

«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիման»,– շարունակել էր Փաշինյանը:

168.amանդրադարձել էր այս թեմային և հիշեցրել, որ, օրինակ, 2020-ի հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ են անցկացվել: Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ուներ այդ ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ՝ այլ զորավարժարաններում, ՀՀ Զինված ուժերից բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար, ուժեր էին ներգրավվել՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:

Ադրբեջանական կողմն անհանգստություն էր հայտնել: Այդ մտավախություններին ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ էր պահել ռուսական զորքերն անակնկալ մարտական բարձր աստիճանի բերելու մասին և վստահեցրել.

«Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:

Այսինքն, այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծելը չէ՞ր մտահոգում Փաշինյանին:

Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ակնարկել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքը նույն տրամաբանությամբ է Հայաստան առաքելության հրավիրել:

«Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ:

Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի՝ ՀՀ բանակի վերաբերյալ պահանջներին, նրա վերազինմանը, ապա դրանք մեկ անգամ չէ, որ դրվել են ՀՀ իշխանությունների առջև: Դեռ 2021 թվականի փետրվարին Ալիևը հայտարարել էր՝ տեղեկություններ են ի հայտ եկել այն մասին, որ Հայաստանի դաշնակիցները կրկին ցանկանում են արդիականացնել հայկական բանակը:

«Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ: Պատերազմն ավարտված է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական գաղափարներով, ապա կտեսնի այս բռունցքը։ Թող չփորձարկեն մեր համբերությունը: Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- սպառնացել էր Ալիևը:

Ի դեպ, դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս թեմային: Մասնավորապես, հարցին՝ «Դուք ասում եք, որ մեկ այլ երկրից այդ պրոցեսներին զուգահեռ՝ մեզ անընդհատ ասել են, թե ձեզ բանակ պետք չէ, ձեր անվտանգությունն ապահովում ենք, էլ ինչի՞ է պետք ձեզ ամրացնել ձեր կարողությունները, Ձեր կարծիքով` դա միտումնավո՞ր է արվում», Փաշինյանը պատասխանել էր. «Մենք սովորաբար կամ ելույթների մեջ բարձրաձայնում ենք եզրակացությունների հատվածները, իսկ թե ինչ պրոցեսներ կան, ինչեր կան, որ բերել են այդ եզրակացությունների, իհարկե, դրանց մի մասը գաղտնի է, մի մասը հույժ գաղտնի է, մի մասը հատուկ կարևորության է: Երբեմն տեղեկատվության հատվածներ կան, որ առաջիկա 50 տարում չի հրապարակվելու»:

Գուցե Պետրոս Ղազարյանը նկատի չուներ Ադրբեջանին, Թուրքիային, բայց նաև փաստ է՝ Փաշինյանը չհերքեց առհասարակ, որ նման պահանջ դրվել է Հայաստանի առջև, որը նույնիսկ կարող է իրենից գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություն ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս