«Ղալաթ են անում». «Գոյ» թատրոնի գեղավերստական ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու վերաբերյալ հարցին, ինչին դեմ են «Գոյ» թատրոնում։ Ժաննա Անդրեասյանը հստակ նշեց, որ «Գոյ» թատրոնի գոյությունը՝ որպես առանձին ՊՈԱԿ, չեն պատկերացնում, հետևաբար՝ այն պետք է միավորվի Սունդուկյանի թատրոնին՝ որպես առանձին միավոր։
Նա նաև ընդգծեց, որ այս հարցի վերաբերյալ դեռևս գարնանից են խոսում, և կա Կառավարության որոշումը, որը պետք է կատարվի։
168.am–ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն արձագանքելով ԿԳՄՍ նախարարի այս հայտարարությանը՝ նկատեց.
«Ղալաթ են անում։ Երեկ մեզ հետ հանդիպմանը ԿԳՄՍ փոխնախարարն ասում էր, թե՝ ես անում եմ այն, ինչ մինչև ինձ եղել է։ Ինքը հա ասում էր, որ այս ամենը քննարկման ենթակա չէ։ Եթե այդպես է՝ մտեք դատարան ու ապացուցեք, որ դուք ճիշտ եք, ինչո՞ւ եք խոչընդոտում դատարան մտնելուն։ Թատրոնի նախկին տնօրենին հանեցին, որպեսզի նրա հայցը չընդունվի դատարան։ Իրենք ուզում են, որ դատարանը հայցը չընդունի»։
Արթուր Սահակյանի խոսքով՝ եթե դատարանն անաչառ լինի, ապա կբավարարի թատրոնի հայցը՝ ընդդեմ Կառավարության որոշման։
Ինչ վերաբերում է Ժաննա Անդրեասյանի այն հայտարարությանը, որ իրենք ոչ թե թատրոն են փակում, այլ հակառակը՝ մշակութային կենտրոններին ավելի լայն ինքնավարություն են տալիս, Արթուր Սահակյանն ասաց, որ այդ ամենը բլեֆ է, ինչպես ներկայիս Կառավարության ցանկացած խոսք ու քայլ։
«Այդ մարդը նյութից, որի մասին խոսում է՝ չի հասկանում, կոմպետենտ չէ։ Նրանք պետք է լինեն մեր նորմալ աշխատանքների ապահովողը, ոչ թե խանգարողը։ Իրենք պետք է թատրոններին ծառայեն այնպես, ինչպես մենք ենք ծառայում, բայց իրենք եկել-դարձել են «մինիստր»։ Ժաննա Անդրեասյանը ոչ կոմպետենտ կին է, և հիմա մենք, մեղմ ասած, պետք է պահանջենք նրա հրաժարականը»,- նշեց Արթուր Սահակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև վերջ իրենց պայքարը շարունակելու են, հասնելու են ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մեր թատրոնը միավորելը կամայական որշում է, ինչպես կամայական որոշեցին ու Արցախը տվեցին, այնպես էլ կամայական որոշմամբ ուզում են թատրոնը միավորել։ Այս ամենը Սահմանադրությանը հակասում է, հետևաբար՝ չի կարող կամայական որոշում լինել»,- եզրափակեց Արթուր Սահակյանը։
Հիշեցնենք՝ այս տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել են միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։