«Գոյ» թատրոնի գործունեությունը՝ որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում, պետք է միավորվի Սունդուկյան թատրոնին. ԿԳՄՍ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու վերաբերյալ հարցին, ինչին դեմ են «Գոյ» թատրոնում։
«Գոյ» թատրոնի անձնակազմը երեկ բողոքի ակցիա էր իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ, սակայն նրանց ընդունել էր փոխնախարարը։
«Ես, բնականաբար, տեղյակ եմ, որ երեկ այստեղ են եղել «Գոյ» թատրոնի աշխատակիցները, նրանք հանդիպել են ոլորտը համակարգող փոխնախարարին և բավականին երկար խոսել են։
Այդ գործընթացում որևէ նորություն չկա։ Կարծում եմ՝ մենք գարնանից խոսում ենք այն մասին, որ մենք «Գոյ» թատրոնի գործունեությունը՝ որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք որպես առանձին ստեղծագործող միավոր՝ Սունդուկյան թատրոնի կազմում։ Կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են։
Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարը որևէ բան հետին ամսաթվով չպիտի ստորագրեր։ Սա նույնպես տարրական իրավական իմացության կամ չիմացության հետևանք է, քանի որ այդ փաստաթղթերի պարտադիր փաթեթում է նաև, այսպես կոչված, փոխանցման ակտը, որը ստորագրվում է կոնկրետ ամսաթվով և կոնկրետ ժամկետում, խոսքը վերաբերում է ակտի ստորագրմանը, որն ընթացակարգերով կարգավորված է, թե ինչպես է տեղի ունենում։
Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարը փոխվել է, քանի որ չի իրականացրել որոշմամբ սահմանված պահանջները, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ այս պահին չի իրականացրել իր պարտականությունները, հետևաբար՝ մեզ պետք էր այնտեղ ունենալ մարդ, ով ավարտին կհասցներ աշխատանքները»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Ըստ ԿԳՄՍ նախարարի, երեկ հանդիպման ժամանակ թատրոնի ստեղծագործական թիմին հիմնականում հետաքրքրել է իրենց մասնագիտական ու ստեղծագործական աշխատանքի շարունակությունը։ ԿԳՄՍ փոխնախարարն էլ նրանց փոխանցել է, որ ի սկզբանե նրանց ստեղծագործական աշխատանքի հետ կապված հարց դրված չի եղել՝ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը։
«Արդեն ասացի, որ մենք, հակառակը՝ գնում ենք մշակութային հաստատությունների ինքնավարության մեծացման։ Իրենք իրենց խաղացանկը պահպանելու են և խաղալու են Սունդուկյան թատրոնի բեմում»,- եզրափակեց Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ այս տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել են միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։