Վստահ եմ՝ Փաշինյանի թիմի մեծ մասն երեկ իրար սմս է գրել՝ «Էլի գցեց». Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում անդրադարձավ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Մինչև երեկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, թե անիմաստ է մասնակցել ՌԴ կողմից անցկացվող ցանկացած միջոցառման այն դեպքում, երբ ՌԴ-ն տարբեր իրավիճակներում ՀՀ-ի նկատմամբ ոչ ճիշտ քաղաքականություն է իրականացրել։ Երեկ, սակայն, հակառակ գործողությանն ականատես եղանք. ռուսական հարթակները մերժող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մասնակցեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԵԱՏՄ նիստին։ Սա կարո՞ղ ենք համարել արևմտյան հարթակի տապալում»,- քաղաքական գործչից հետաքրքրվեց 168.am-ը:
Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանը նախ վստահեցրեց՝ չկա որևէ հարթակ, որտեղ Փաշինյանը չի տապալվել՝ արևմտյան, մերձարևադարձային, տրոպիկական, ապա անդրադառնալով թիմում առկա խնդիրներին՝ նկատեց. «Ես գաղտնալսումներ չեմ անում, բայց վստահ եմ, որ Փաշինյանի թիմի մեծ մասը 8-9-ի կողմերն իրար երեկ sms են գրել՝ «էլի գցեց»:
Թող սա դաս լինի, որ Փաշինյանը, բացի իր աթոռից, ոչ մի բան երկրագնդի վրա չի կարևորում՝ ո՛չ իր թիմակիցներին, ո՛չ էլ… պարզ է՝ հայրենիքն իր համար որևէ արժեք չունի… Որերորդ անգամ գցվելուց հետո կարող է հասկանան, որ դավաճանի հետ ճանապարհ չեն անցնում»:
Անդրադառնալով առհասարակ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ Հայկ Մամիջանյանն արձանագրեց, որ Փաշինյանն արտաքին քաղաքականություն չունի:
«Դա չարչիություն է. գնալ Բրյուսելում բողոքել Մոսկվայից, գնալ Վաշինգտոն՝ բողոքել Բրյուսելից, հետո գնալ Մոսկվա՝ բողոքել Բրյուսելից ու Վաշինգտոնից: Չարչիությամբ երկրի արտաքին քաղաքականություն չեն վարում:
Առհասարակ, ծախու լրագրողը երկրի արտաքին քաղաքականություն չի վարում. դա աքսիոմա է, որը, ցավոք սրտի, մեր երկրում, արդեն կլինի 6 տարի՝ չի գործում»,- հավելեց Հայկ Մամիջանյանը: