«Դիրքային առավելությունն այստեղ պահպանվում է, փոփոխություն չի եղել, և օր օրի ամրանում են». Այց հյուսիսարևելյան սահմանագոտի
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված լրագրողական խումբն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի՝ սահմանապահ զորամաս, մարտական հենակետեր:
Սովորության համաձայն՝ զորամաս մտնելիս նախ ֆիքսում եմ՝ ովքեր են տարբեր ժամանակներում ղեկավարել այն: Այն զորամասը, ուր այցելել էինք, 10-ից ավելի հրամանատար է ունեցել, շարքը «բացում» է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ Ֆելիքս Գզողյանը ևս ժամանակին այստեղ հրամանատարություն է արել, բոլոր հրամանատարների անունները հիմա չենք թվարկի…
Ինչևէ, արագ ծանոթանում եմ զինծառայողների առօրյային, ծառայության պայմաններին և շտապում մարտական դիրքեր: Այսօր ավելի քան երբևէ ինձ՝ որպես ռազմական վերլուծաբան-լրագրողի, հետաքրքրում է դիրքերի կահավորման հարցը և այնտեղ ստեղծված անվտանգային պայմանները, իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները: Թեպետ Տավուշի կամ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի պահպանմանը հանձնված հատվածում հայկական կողմը դիրքային լուրջ առավելություններ ունի հակառակորդի նկատմամբ, և սա՝ շնորհիվ առաջին հերթին զորամիավորումը ղեկավարած նախկին հրամանատարների՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի:
Այսօր հայկական կողմի դիրքային առավելությունն ադրբեջանական կողմի նկատմամբ գոնե ներկա դրությամբ պահպանվում է, ի լրումն դրան՝ իրականացվել են նաև անվտանգային այլ միջոցառումներ: Այսինքն, մարտական բոլոր դիրքերն անձնակազմի և՛ կեցության, և՛ մարտական խնդրի կատարման, և՛ անվտանգությունն ապահովելու համար կահավորված են լիարժեք: Իհարկե, դեռ անելիքներ կան, սակայն ներկա դրությամբ, ինչպես նշեցինք, մարտական խնդրի կատարման և մարտի վարման համար կան բավարար պայմաններ:
ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը գնացել էի այս հատվածի անվտանգությունն ապահովող զորամիավորման հրամանատարի՝ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ: Շրջայցի ընթացքում արձանագրեցի, որ մարտական դիրքերի կրակակետերը, խրամուղիներն ապահովագրված են օդային դիտարկումից և հակառակորդի թիրախավորումից:
Մենք անվտանգային նկատառումներից և գաղտնիության սկզբունքից ելնելով՝ մանրամասներ չենք ներկայացնի, այսինքն՝ կոնկրետ դեպքում չենք կարող ներկայացնել ամբողջապես, թե ինչ անվտանգային պայմաններ են ստեղծված դիրքերում անձնակազմի անվտանգ տեղաշարժն ու շարժունակությունն ապահովելու համար: Միայն կարող ենք ասել, որ կախված տեղանքի ռելիեֆից, նշված անվտանգային պայմանների ապահովումը տարբեր մեթոդներով և նյութերով է իրականացվել: Իսկ մեր այցելած մարտական դիրքի դիմաց ադրբեջանական Հաջալի և Ալիբեյլի գյուղերն էին:
Ադրբեջանական և հայկական առաջնագծերի միջև հեռավորությունն այս հատվածում, ինչպես պարզեցինք, տարբեր տեղերում տարբեր է՝ 180, 200, 450 մետր:
Փոխգնդապետ Չոբանյանը մանրամասնեց. «Այստեղ մոտիկ ենք, իրենց գյուղերն են, իրենց մարտական դիրքերը, մեր գյուղերն են, մեր դիրքերը: Այս տարածքում մենք ավելի բարձր ենք, քան իրենք»: Ի դեպ, նկատեցի, որ մեր դիրքերի դասավորությունը ժամանակին այնքան հմուտ է արվել, որ հայկական մի դիրքը կարծես պահում է մյուսի թիկունքը:
Իսկ հերթապահություն այստեղ իրականացնում են պայմանագրային զինծառայողները: Վաշտի հրամանատար կապիտան Խուրշուդյանը պատմեց, որ հերթապահություն իրականացնում են 14 օրը մեկ, հակառակորդի կողմից դեռ հրադադարի խախտումներ չեն գրանցվել, իսկ գրանցվելու դեպքում դրանք զեկուցվում են հրամանատարությանը և իրականացվում են համապատասխան միջոցառումներ:
«Դիրքային առավելությունն այստեղ պահպանվում է, փոփոխություն չի եղել, և օր օրի ամրանում են: Մենք գտնվում ենք բարենպաստ տեղերում»,- շեշտեց կապիտանը, ով հպարտությամբ նշեց, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ 3-րդ բանակային կորպուսի տղաներն ի պատասխան հակառակորդի սադրիչ քայլերի՝ պատժիչ գործողություններ իրականացրեցին:
«Եվ մեր «Անվախը» ամուր ձեռքերում պահեցին: Մենք էդ ժամանակ ձախ թևում էինք գտնվում, մեզ էս թևն էր վստահված: Այստեղ ևս կրակոցներ լինում էին, բայց ոչ այն կարգի, ինչպես այլ տեղերում, ինչպես «Անվախ» դիրքի ուղղությամբ»,- շեշտեց կապիտանը, ով մասնակցել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին:
«5-րդ պաշտպանականում եմ եղել իմ մարտկոցով՝ 82 միլիմետրանոց, այնտեղ ևս մեր առջև դրված խնդիրը լավ կատարել ենք: Կոնկրետ մեր եղած տեղը հակառակորդը ոչ մի քայլ առաջ չի եկել»,- հավելեց վաշտի հրամանատարը:
Հաջորդ զրուցակիցս՝ սերժանտ Աբգարյանը, ծնունդով Բերդից է, ավելի քան 10 տարի հյուսիսարևելյան սահմանագոտում է ծառայություն իրականացնում, քչախոս է:
«Միշտ սահմանը ձգել է, ցանկացել եմ սահմանին լինեմ, որովհետև հետևում մեր ընտանիքներն են, մեր հարազատներն են: Ինձ ուրիշ տեղ ծառայությունը չի հետաքրքրել, միայն սահմանը: Ինչ հրամանատար էլ որ ունեցել ենք, լավն են եղել, իսկ դիրքային առավելությունը, այո, մեր կողմում է»,– ասաց նա:
Վերադարձանք զորամաս, այստեղ ևս մարտական և պատերազմական գործողությունների մասնակիցներ կան, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Քարվաճառը պահած: Բայց նրանք հրաժարվեցին խոսել, ասում են՝ խոսելն իրենցը չէ, զինվորականը պիտի քիչ խոսի և ճշգրիտ խոսի: Սպաների հետ զրույցներից պարզեցի, որ զինված ուժերում կան լավ սպաներ, որ 44-օրյա պատերազմին բազմաթիվ հերոսական դրվագներ են եղել, որոնց մասին, իհարկե, ոչ ոք չցանկացավ խոսել, ինչպես նշեցի, բայց որոնց մասին պիտի խոսել: Եվ թեպետ հարց տվողի դերում հիմնականում ես էի, բայց նաև ինձ հարց տվեց սպաներից մեկը՝ 44 օր անհավասար պատերազմում կռիվ տված բանակին, երբ հակառակորդը միայն Ադրբեջանը չէր, կարելի՞ է պարտված համարել, բանակը պարտվե՞լ է, երբ ասացի՝ ոչ, բանակը չի պարտվել, զգացի ինձ հարց տվող սպայի աչքերում առաջացած ուրախությունը: Սա նշանակում է, որ սպան հանրության կողմից բարոյահոգեբանական այս աջակցության կարիքն ունի, հատկապես, երբ 44-օրյա պատերազմից հետո զինվորականության հանդեպ հանրության վերաբերմունքը փոխվել է, վստահությունը պակասել: Սա, թերևս, առանձին քննարկման խորքային թեմա է, և նման բազմաթիվ թեմաներ կան, որովհետև հանրությունը շատ հաճախ տարբեր երևույթներ գնահատում է ոչ մասնագիտական տեսանկյունից:
Իսկ Տավուշի ուղղությամբ այս տարի ՊՆ նախաձեռնությամբ սա միակ այցը չէր, եղել են այցեր նաև հայ-ադրբեջանական սահմանի այլ ուղղություններ: