«ՀՀ գործող վարչախումբը և Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում գործում են համատեղ. սա երևի այդ հարցերից մեկն է». Արթուր Մոսիյան
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, Արցախի ԱԺ ներկայիս նախագահը և հարյուրավոր հայեր շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։
Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերից 32-ը վերադարձվեցին Հայաստան, փոխարենը՝ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց երկու ադրբեջանցի զինվորների, որոնցից մեկը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ ՀՀ ղեկավարությունը միջազգային կառույցներից չի բարձրաձայնում՝ որևէ խոսք չի ասում, փոխարենը՝ միջազգային հարթակներն օգտագործում են՝ խոսելու ՀՀ ժողովրդավարության, իրենց մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Միայն իրավապաշտպանները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն են, որ պարբերաբար իրազեկող հաղորդագրություններ են տարածում, այցելում Բաքվում պահվող հայերին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը խոսելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաներին հայրենիք վերադարձնելու քայլերի մասին, նկատեց՝ բոլորը պետք է աշխատանքներ տանեն՝ պետական կառույցներից սկսած՝ մինչև միջազգային կառույցներ։
«Կարծում եմ՝ բոլոր միջոցներով, և՛ պետական մակարդակով, և՛ միջազգային ճնշումներ գործադրելով՝ պետք է ամեն ինչ անել, որ այդ գերեվարված, պատանդառու մարդիկ վերադարձվեն հայրենիք։ Այն, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, պարզ երևում է։ Ամեն ինչ է պետք անել, անգամ միջազգային ճնշում գործադրելով պետք է կարողանանք պատանդառու մեր ընկերներին վերադարձնենք հայրենիք»,- շեշտեց Արթուր Մոսիյանը։
Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում, ապա պետական մակարդակով ինչպե՞ս է պատկերացնում քայլերի իրականացնում, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ գործող վարչախումբը և Ադրբեջանի իշխանություններն Արցախի հարցում գործում են համատեղ, սա էլ երևի այդ հարցերից մեկն է»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը և ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ եթե Հայաստանում գործեն Արցախի պետական ինստիտուտները, դրանք կվտանգեն Հայաստանի անվտանգությունը, Արցախի ԱԺ պատգամավորն ասաց, որ Արցախի պետական ինստիտուտները, անշուշտ, պետք է գործեն Հայաստանում, որևէ մեկը չի կարող ասել, թե դա ինչով է վտանգում ՀՀ ազգային անվտանգությունը։
«Արցախահայության շահերի պաշտպանության, վերադարձի, գույքային իրավունքները, ինչպես նաև իրենց երկրում ապրելու իրավունքը պետք է երաշխավորված լինի։ Եթե ՀՀ իշխանությունն այդ առումով ոչինչ չի անում, պետք է Արցախի պետական ինստիտուտները մնան ու պայքարեն Արցախի ու արցախահայության իրավունքների համար։
Ես գիտեմ, որ Արցախի ԱԺ-ն պետք է աշխատի՝ խոչընդոտներով, թե առանց խոչընդոտների, թեպետ լավ կլինի, որ առանց խոչընդոտների աշխատի»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։