Այդուհանդերձ, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Այս օրերին, գուցե հենց այս պահին կառավարության շենքի բազմաթիվ աշխատասենյակներից մեկում Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, հնարավոր է՝ գրագիրների օգնությամբ, գրում է իր ամանորյա ուղերձը։ Դա հեշտ լուծելի խնդիր չէ անգամ հարյուրավոր տեքստեր գրած ու հազարավոր խորամանկություններ հեղինակած Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև նա պետք է փորձի հազարամյակների կտրվածքով հայ ժողովրդի կրած մեծագույն աղետի՝ Արցախի կորստի տարին ներկայացնել՝ որպես ձեռքբերումների տարի։ Իսկ դա բարդ խնդիր է անգամ մեծ մանիպուլյատորի համար։
Բնականաբար, նա, սովորության հանգույն, բոլոր կորուստները, ողբերգությունները, պարտությունները վերագրելու է, իրենից բացի, բոլորին՝ նախկիններին, ավանդական մտածողությանը, սխալ հաշվարկին, ռուսներին, մասոններին, աստղերի վատ դասավորվածությանը և այդպես շարունակ։ Բայց մեծ հավանականությամբ, Փաշինյանը չի սահմանափակվելու սոսկ վերագրումներով։
Նա փորձելու է իրերի դասավորվածությունը ներկայացնել այնպես, որ եթե չլիներ ինքը, իր իմաստնությունը, ապա Հայաստանը չէր կարողանա այդ բոլորի մեղքով ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալ այնքան հաղթական, որքան հաջողվել է իրեն։ Իսկ ողբերգությունը որպես հաղթանակ ներկայացնելու գործում Նիկոլ Փաշինյանը մրցակիցներ չունի։
Եվ այդ հարցում նրան օգնության է հասնելու «այդուհանդերձ» մակբայը։
Թվարկելով բոլոր աղետներն ու կորուստները, Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ասելու է․․․ այդուհանդերձ, 2023 թվականին մեզ հաջողվել է փռել այսքան կիլոմետր ասֆալտ, կառուցել այնքան կիլոմետր բորդյուր, վերանորոգել ավելի քան այդքան կիլոմետր տանիքի ծածկ, ստեղծել նույնքան հազար աշխատատեղ, և այդպես շարունակ… Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում փորձելու է Արցախի կորուստը, արցախահայերի էթնիկ զտումը, Հայաստանի տարածքային կորուստները վաճառել հայ հասարակությանը՝ դրան հակադրելով առավելապես իր իշխանության գործունեության հետ չկապված գործոններով պայմանավորված ֆինանսական միջոցների ծախսմամբ ստեղծված նյութական արժեքները։
Որևէ նորմալ պետությունում ու քիչ թե շատ դիմադրողունակ հասարակությունում նման իրավիճակն ուղղակի անհնար կլիներ, քանի որ իշխանության ղեկավարը, ում օրոք հասարակությունն այդպիսի աղետներ է ապրել, Ամանորին ոչ թե շնորհավորական ուղերձ, այլ լավագույն դեպքում՝ մեղայական ճառ կկարդար և միանգամայն այլ վայրից։
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ՝ 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո, երկրորդ անգամ՝ արդեն Արցախի կորստին հաջորդած ժամանակահատվածում համոզվել է, որ իր իշխանությունը Հայաստանում ամրանում է հասարակությանը պատճառած արհավիրքների խորությանը հակադարձ համեմատական կարգով, նա հիմա, գուցե հենց այս պահին, զբաղված է ոչ թե մեղայական ճառ, այլ ամանորյա ուղերձ գրելու գործով։ Որովհետև նա Հայաստանի ղեկավարի պաշտոնը շարունակում է զբաղեցնել նույն՝ մակբայի սկզբունքով․ չնայած Արցախին ու Հայաստանին պատճառած բոլոր աղետներին, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Եվ անկեղծ լինելու դեպքում այս տարվա իր ամանորյա ուղերձը նա պետք է ավարտի ոչ թե «և ուրեմն» շաղկապով, այլ հենց այդ մակբայով՝ ասելով, որ՝ չնայած դեռևս ես եմ Հայաստանի վարչապետը, այդուհանդերձ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Հարություն Ավետիսյան