Նախկինում Middle power պետություն էինք, ազդեցություն ունեինք աշխարհաքաղաքական գործընթացների վրա, իսկ այսօր դարձել ենք մանրադրամ. Վարուժան Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Տարածաշրջանի տարբեր բևեռների միջև պայքարի փորձեր են ընթանում, և ՀՀ դե ֆակտո իշխանությունները փորձում են իրենց գտնել այդ բևեռների արանքում։
- Սյունիքը բռնակցելու գաղափարից Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել, բայց դրա համար Ադրբեջանը դեռևս չունի բավարար քաղաքական կամ ռազմական կապիտալ կամ երկուսը միասին։
- Ռուսաստանը շարունակում է փորձ անել Հարավային Կովկասում մեծացնել իր ազդեցությունը։ Նրա արած հրապարակային հայտարարությունները դրան են միտված, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունները։
- Այս պահին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից առաջ քաշված, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկը» ոչ մի կերպ չի տարբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից առաջ քաշված Զանգեզուրի միջանցքի կամ Թուրանական ճանապարհի գաղափարից։ Այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ փաթեթավորման միջոցով կատարել հերթական զիջումները։ Այս հարցում Թուրքիայի և Ադրբեջանի թիրախները ՌԴ-ն ու Իրանն են։
- Գաղտնիք չէ, որ ռուսական քաղաքական վերնախավում կան Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գործակալներ։
- Իրավիճակը շատ նման է նրան, որ Ուկրաինան հայտնվել է շատ վատ վիճակում, ռուսական կողմը հասցրել է վերաարդիականացնել բանակը և առավելություն ստանալ ճակատում, իսկ ռուսական գերակայությունը նշանակում է կենտրոնանալ Հարավային Կովկասում։ Իսկ որպեսզի ՌԴ դիրքորոշումը Հարավային Կովկասում լինի պրոհայկական, շատ կարևոր է հիմիկվանից և հետևողական աշխատել այդ ուղղությամբ։
- ԱՄՆ-ի ու հավաքական Արևմուտքի համար շատ կարևոր է, որ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը Հայաստանին կարողանա պոկել Ռուսաստանից։ Մինչև փետրվար ամիսն ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի «Խաղաղության պայմանագիր»։ Իսկ այդ պայմանագրում կարող է լինել կետ, օրինակ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, իսկ Ադրբեջանն ուղղակի ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առանց թիվ նշելու։
- Արևմուտքի համար կարևոր չէ, թե ինչ կլինի Հայաստանի հետ այն պարագայում, երբ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս այստեղ չլինի։ Արևմուտքի համար Հայաստանը կշիռ ունի այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ կա ռուսական ազդեցություն։
- Ոչ ոք Հայաստան զորք չի բերելու տեղակայի, հետևաբար՝ Արևմուտքը մտածեց Հայաստան ուղարկել գրիչներով ու ապարատներով զինված 200, 300 կամ 500 դիտորդներ ու տեղակայել սահմանին։ Ծիծաղելի է պատկերացնել, որ փողկապներով այդ մարդիկ՝ ԵՄ անզեն այդ դիտորդները, կարող են դիմագրավել մինչև ատամները զինված թշնամուն։ Շատերը չեն էլ հասկանում՝ ինչ է նշանակում դիտորդական առաքելություն։ Նրանց համար կարևորն այն է, որ սահմանին կան եվրոպացիներ։ Ստեղծվում է քաղաքական պատրանք, որ կա այլընտրանք, ու այդ պատրանքով փորձ է արվում փոխել Հայաստանի հասարակության տրամադրությունները։
- Հետևողական աշխատանք է տարվում, որ մեր հասարակության մեջ նվազեցվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի ընկալումը։ Սրա նպատակն այն է, որ հասարակությանը համոզեն՝ Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չկա, հետևաբար՝ պետք չէ Իրանի և Ռուսաստանի ներկայությունը՝ որպես պաշտպանների։
- Ժոզեպ Բորելի հայտարարությունը նախկին ընդդիմություն՝ այսօրվա իշխանության կողմից այնքան թմբկահարված «ռուսական ֆորպոստի» շատ ավելի վատ ու քամահրական տարբերակն է։ Արևմուտքը մեզ դիտարկում է՝ որպես բուֆերային գոտի։
- Նախկին իշխանությունների օրոք, մինչև 2018թ․Հայաստանը՝ որպես պետություն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, այս տարածաշրջանի եզակի ինքնուրույն խաղացողներից մեկն էր։ ՀՀ Զինված ուժերը վերահսկում էին 42000 քկմ տարածք, ՀՀ նախկին իշխանությունները ստիպում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հանդիպեին Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։ Մենք այդ ժամանակ Middle power պետություն (Middle power պետությունների շարքում) էինք, որը ոչ միայն կարողանում էր պաշտպանել իր սահմանները, այլև կարողանում էր ազդեցություն ունենալ տարածաշրջանի խաղացողների քաղաքականության վրա, աշխահաքաղաքական գործընթացների վրա: Բոլորն էլ ուզում էին, որ Հայաստանը լինի ազդեցությունից զուրկ երկիր: Որևէ երկրի ձեռնտու չէր, որ Հայաստանը լինի Middle power պետություն, ուժ: Իսկ հիմա մենք դարձել ենք մանրադրամ։
- «Խաղաղության խաչմերուկը» Զանգեզուրի միջանցքի վերաբրենդավորումն է։
- Միակ արժեքը սեփական պետության ազգային շահն է։ Խոշոր խաղացողների համար այլ արժեք չկա։ Այս հարցում ԱՄՆ-ը աշխարհի առաջատար երկրներից մեկն է, հետևաբար՝ պետք չէ զարմանալ, թե ինչու է ԱՄՆ-ը մեզ մղում Թուրքիայի գիրկը։ Դա նրա ազգային շահն է պահանջում։ Այս մասին բոլորը գիտեն, չգիտի միայն պայմանական Տիգրան Խզմալյանը։
- Այսօր վառվել են Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը․ շքեղ բան է, բայց դա չի կարող փոխարինել նրան, ինչն ավելի կարևոր է, օրինակ՝ անվտանգային մարտահրավերներին։
- Թուրքիայի Հանրապետությանը երկու իմաստով պետք չէ Հայաստանի հետ բաց սահման․ ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական իմաստով դա նրան պետք չէ։ Բացի դրանից, Թուրքիան Հայաստանի հետ փակ սահմաններից ավելի շատ բան է շահում, քան, եթե դրանք բացվեն։ Այդպես Թուրքիայի հետ բաց սահմանի պատրանքը շարունակում է աշխատել իր օգտին։ Թուրքերն անդադար օգտագործելու են բաց սահմանի խայծը, բայց այն երբեք չի բացվելու։
- Ալիևը և Փաշինյանը պատրաստվում են արտահերթ ընտրությունների. եթե, այնուամենայնիվ ՀՀ դե ֆակտո իշխանությունները գնան ԱԺ արտահերթ ընտրությունների, ապա ունենալու ենք միաժամանակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ և Սահմանադրության հանրաքվե։ Սեղանին դրվելու է Անկախության հռչակագրի փոփոխության թեման։
Մանրամասները՝ տեսանյութում։