Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պատրաստում էր մի հրեշավոր պայմանագրի. Սուրեն Սուրենյանց

«Մեզ մեղադրում են մի բանում, որում մենք մեղավոր չենք», «Հայաստանի Հանրապետության ռեսուրսների 70-80 տոկոսը կամ, հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա», «մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված» և այլն՝ ահա այս հին ու նոր բացահայտումներով էր այս անգամ Պետրոս Ղազարյանի հետ զրույցին ներկայացել Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նորություն չի համարում տարբեր հարցերում մեղքեր բաշխելու Փաշինյանի պրակտիկան. ըստ նրա՝ հետպատերազմյան փուլում Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել պատասխանատվությունը։

«Սկզբում դա պատերազմի պարտության հետևանքների համար պատասխանատվությունն էր, իսկ այս սեպտեմբերից՝ ավելացավ նաև Ղարաբաղի կործանման համար պատասխանատվությունը: Նա բոլոր ասուլիսները, հարցազրույցներն ու հայտարարությունները նվիրում է ընդամենն այդ խնդրին:

Նրա մոտ չկա ոչ մի կոնցեպցիա, պատկերացում, նա չի խոսում երկրի զարգացման մասին, անգամ չի խոսում կարմիր գծերի, կամ՝ հայկական օրակարգերի մասին, նրա միակ դարդուցավն իր վրայից պարտության խարանը, Արցախը կործանողի խարանը մաքրելն է,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը, ապա նկատեց, որ այս հարցազրույցն այդ առումով բացառություն չէր, բայց ուշագրավ էր այլ տեսանկյունից,- Երեկ նա, ըստ էության, խոստովանեց, որ Ալիևի բոլոր պահանջներն ընդունել է՝ բացառությամբ մեկի: Այնպիսի տպավորություն էր, որ նա Ալիևին խնդրում էր՝ գոնե ադրբեջանցի փախստականների վերադարձի կետն իրեն չպարտադրել (այդ կոնտեքստում նա սկսեց ասել, թե եթե ղարաբաղցիների վերադարձի հարց բարձրացնենք, նրանք այդ հարցը կպնդեն, և այլն):

Կարդացեք նաև

Այսինքն՝ չգիտեմ. ամենաանհաջող իր հարցազրույցն էր, նա ժողովրդին պատրաստում էր մի հրեշավոր պայմանագրի, որը, ես վախենամ՝ հիմք դառնա, որպեսզի վերանայենք մեր Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը: Այսինքն՝ նա խոսում էր Երրորդ Հանրապետության ապալեգիտիմացման մասին»:

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ հարցազրույցը վտանգավոր շեշտադրումներ ու հեռուն գնացող տողատակեր ուներ:

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետությունն ու ԼՂ հայկականությունն այնպիսի ցինիկ կոնտրաստով ներկայացրեց, որպիսին չէին արել անգամ հայր և որդի Ալիևները»,- հավելեց նա:

Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ունի՝ ասելով, որ այդկերպ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում էր «պետության լուծարմա՞ն»-ը, այն, որ հենց նույն հարցազրույցում մեղադրում էր օտարների՞ն, քաղաքագետը պարզաբանեց՝ նախ վստահեցնելով, որ օտարներին մեղադրելը ձախողված, լուզեր ղեկավարի վարքագիծ է:

«Ընդհանրապես, նման խոսույթն է արհեստական, որովհետև դու ձախողել ես քո քաղաքականությունը, հիմա դրսում մեղավորներ ես փնտրում,- ասաց Սուրենյանցը, ապա հիշեցրեց,- Երբ երեկ նա խոսում էր մեր պետականության սխալ հիմքերի մասին, երբ պետության հիմնադիր հայրերին խոսույթ էր վերագրում, որի կրողը նրանք երբեք չեն եղել, երբ ասում էր՝ ԼՂ խնդիրն անլուծելի է, հարվածում էր պետության հիմքերին, այսինքն՝ հող էր նախապատրաստում Երրորդ Հանրապետության ապալեգիտիմացման համար:

Այո, կա վտանգ, եթե Երրորդ Հանրապետությունն ապալեգիտիմացվի, մենք կարող ենք առնվազն պետության ֆունկցիոնալ նշանակության կամ տարածքային կորուստների վտանգ ունենալ»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրին և արձագանքելով մեր դիտարկմանը, թե օբյեկտիվ չէ՞ արդյոք Փաշինյանի պատասխանը, որ հայկական կողմը չի խուսափել պարտականություններից, ու հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ պետք է «ջրված համարել» պայմանագիրը՝ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Իհարկե, նոյեմբերի 9-ի պայմանագիրը մեծ մասով չի կատարվել Ադրբեջանի և ՌԴ կողմից. սա հայտնի ճշտմարտություն է, բայց արդյո՞ք հայկական կողմն իր պարտականությունները կատարել է: Նա համառորեն խուսափեց 9-րդ կետի մասին խոսելուց»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ՌԴ կողմից դաշնակցային հարաբերությունները չկատարելը, խաղաղապահ առաքելության ձախողումը ոչ ոք չի վիճարկում, սակայն Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, հետևաբար, ՀՀ հասարակությանը պետք է պարզաբանում տա, թե ինչու է ստորագրել եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորման տակ, ու հետո որոշել է դա չկատարել:

Օբյեկտիվորեն, Արցախի հայաթափումից հետո նոյեմբերի 9-ի պայմանագիրը պե՞տք է համարել գոյություն ունեցող փաստաթուղթ, թե՞ ոչ՝ մեր վերջին հստակեցում պահանջող հարցին ի պատասխան՝ Սուրեն Սուրենյանցը շեշտեց. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը փաստացի չի գործում, բայց դա հրադադար հաստատող միակ իրավական փաստաթուղթն է. որ պահին ՀՀ-ն դրանից հրաժարվի, ըստ էության, լեգիտիմացվելու է պատերազմի վերսկսումը»:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է, բայց հիմա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ մեկը կարդացե՞լ է, այնտեղ գրած որևէ բան այսօր իրականության մեջ կա՞:

Եթե մեզնից ուզում են, մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք 9-րդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Հիմա եկեք նայենք 8-ը, 7-ը, 6-ը, 5-ը, 4-ը, 3-ը, 2-ը, 1-ը, տեսնենք` մի բան կա՞ իրականության մեջ: Կներեք, ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ ուղարկելու որոշմամբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ»:

Տեսանյութեր

Լրահոս