Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար, և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ դիվական ներգործության պատճառով նրանք ի վիճակի չեն գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից:
Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: Եթե իր մեղքերը չխոստովանած մեկն այդ տեղով անցներ, ապա նույնիսկ առանց պատճառն իմանալու կվնասվեր: Մոգական այդ ցանցերն իմ ճանապարհին տեսնելով՝ միանգամից խաչակնքվեցի ու անցա դրանց վրայով: Բոլորը պատռեցի: Այնուհետև կախարդն ինքն իմ խուց եկավ: Նա պատմեց ինձ իր բոլոր մտադրությունների մասին ու այրեց իր գրքերը:
Հավատացյալ, եկեղեցի գնացող, մեղքերը խոստովանող, Սուրբ Հաղորդություն ստացող մարդու վրա սատանան ոչ մի իշխանություն և ուժ չունի: Սատանան միայն անատամ շան պես վայրահաչում է այդպիսի մարդու վրա: Սակայն նա մեծ իշխանություն ունի անհավատ մարդու վրա, որը նրան նման իրավունք է տվել: Այդպիսի մարդուն սատանան նույնիսկ կարող է կրծել, այս դեպքում նա ատամներ ունի և դրանցով տանջում է դժբախտին: Սատանան մարդու հոգու վրա այն իշխանությունն ունի, ինչ մարդն ինքն է տալիս:
Երբ հոգևոր առումով կարգավորված մարդ է մահանում, նրա հոգու՝ Երկինք բարձրանալը սլացող գնացքի նման է: Հաչող շները վազում են գնացքի հետևից՝ խեղդվելով իրենց հաչոցի մեջ, փորձում են հասնել նրա հետևից, իսկ գնացքը սլանում ու սլանում է՝ սպառնալով կոխկրտել նրանց: Իսկ եթե մի այնպիսի մարդ է մահանում, որն այնքան էլ լավ հոգևոր վիճակում չի գտնվում, ապա նրա հոգին նմանվում է հազիվհազ քարշ եկող գնացքի: Նա չի կարող արագ ընթանալ, որովհետև անիվները սարքին չեն: Շները վագոնների բաց դռներից ներս են ցատկում ու կծում մարդկանց:
Եթե սատանան մեծ իրավունքներ է ձեռք բերել մարդու նկատմամբ, ապա պետք է դրա պատճառը փնտրել, որպեսզի սատանան զրկվի այդ իրավունքներից: Հակառակ դեպքում, որքան էլ ուրիշներն աղոթեն այդ մարդու համար, թշնամին չի հեռանում: Նա խեղում է մարդուն: Հոգևորականները նախատում են նրան, նախատում**, իսկ արդյունքում խեղճի վիճակն ավելի է վատանում, որովհետև սատանան նրան ավելի շատ է տանջում, քան առաջ: Մարդը պետք է ապաշխարի, մեղքերի խոստովանության գնա, սատանային զրկի այն իրավունքներից, որ հենց ինքն է տվել: Միայն դրանից հետո է սատանան հեռանում, հակառակ դեպքում մարդը կշարունակի տանջվել: Մեկ օր նրան խրատիր, երկու օր, մի շաբաթ, թեկուզ ամիս ու տարի՝ սատանան իրավունքներ ունի դժբախտների նկատմամբ ու չի հեռանում:
* Արտասանվել է 1985-ի հունիսին, երբ սուրբ հայրը «Պանագուդա» խցում էր ապրում:
** Չար ոգիների վանում («էկզորցիզմ») – Եկեղեցու կողմից սահմանված կարգ, որի ժամանակ հոգևորականը, հատուկ բանադրական աղոթքներ կարդալով, չար ոգիներին վանում է դրանցով բռնված մարդկանց միջից: Սուրբ հայրը նշում է, որ այս կարգին դիմած դիվահարն անպայման պետք է ապաշխարի, հոգևորականի առաջ խոստովանի մեղքերը և քրիստոնեավայել ապրելու վճռականություն ունենա:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը