Արմեն Մելիքբեկյանի երազն ու իրականությունը. Տեսանյութ՝ նախկինացավի մասին

Երևի թե չարժեր անդրադառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նշանակված (ոչ ընտրված) նախագահի վերջին չորս տարիներին կատարված աշխատանքների՝ վիդեո ֆորմատով  ներկայացված հաշվետվությանը, եթե այն հերթական անգամ համեմված չլիներ կեղծ, մանիպուլյատիվ տվյալներով, իրական բացթողումների մասին «վարպետորեն» լռելու, նախկին ժամանակահատվածում կատարված աշխատանքները նսեմացնելու կամ ձեռքբերումներն իրեն վերագրելու մոլուցքով։

Ընդհանուր առմամբ, եթե կարճ բնութագրենք, ապա այս «հաշվետվություն» կոչվածը նրա և «իր թիմի» վերջին 4-5 տարիների ձախողումները քողարկելու, ֆուտբոլային հանրության և հասարակության աչքին «թոզ փչելու» անհաջող փորձ է. ինչպես բնորոշ է իր քաղաքական ղեկավարին ու իրեն ՀՖՖ նախագահի աթոռին կեղծիքներով բազմեցրած անձնավորությանը, Արմեն Մելիքբեկյանի պարագայում էլ բոլորն ու ամեն ինչ մեղավոր են, բացի իրենցից։

Իրականում ձախողումները, բացթողումները կամ, իրենց սիրած բառով ասած՝ «աննախադեպ» սկանդալները շատ ավելի շատ են անցած 4 տարիների ընթացքում, որոնց մասին, սակայն, վարպետորեն մոռացավ նշել ՀՖՖ նշանակված նախագահը:

Կարդացեք նաև

Խոսենք փաստերով՝

• ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրությունների բազմաթիվ խախտումներով, շանտաժով ու բռնությամբ անցկացված ժողովներ ու ընտրություններ:

• Ոչ լեգիտիմ ՀՖՖ նախագահ ու գործադիր կոմիտե:

• Քաղաքական իշխանության ներկայացուցիչների ապօրինի մասնակցություն և ներգրավում ՀՖՖ տարբեր մարմիններում:

• Պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների պատճառով անավարտ մնացած առաջնություն (ըստ մամուլում առկա հրապարակումների և օդում կախված լուրերի՝ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է առ այսօր):

• ՀՖՖ ապօրինություններ ու կեղծիքներ, որի արդյունքում՝ միջազգային արբիտրաժային դատարաններում (ԿԱՍ) կան պարտված գործեր և ընդդեմ ՀՖՖ-ի կայացված վճիռներ, առկա և հնարավոր հսկայական ֆինանսական պատժամիջոցներ:

• Ֆուտբոլային ընտանիքը և հասարակությունը յուրայինների ու օտարների, սևերի ու սպիտակների բաժանում և օտարների կամ սևերի հետապնդում և հալածում։ Արդյունքում՝ բազմաթիվ ֆուտբոլային ներդրողների, մասնագետների, ակումբների և թիմերի հեռացում հայկական ֆուտբոլից:

• Լրագրողական հետաքննությունների արդյունքում բացահայտված ՀՖՖ կոռուպցիոն գործարքներ, վատնված միջոցներ (օր․ մի քանի միլիոն եվրոյով Հինես Մելենդեսի մարզչական ձեռնարկի ստեղծում, որը, իրենց իսկ խոսքերով, օգտագործում են շատ քչերը):

• ՀՖՖ ենթակայության ԲԿՄԱ թիմերի հաշվարկային մասնակցություն առաջնություններին, զինակոչային տարիքի ֆուտբոլիստների ընտրության մեթոդների մասին լրատվական միջոցներով բարձրաձայնված կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ:

• Տարբեր տարիքային հավաքականների խայտառակ մրցելույթներ և ցուցանիշներ…

Սրանք Արմեն Մելիքբեկյանի ու նրա «թիմի»՝ ՀՖՖ-ն ղեկավարելու տարիներին ունեցած «ձեռքբերումների» սոսկ փոքր մասն են: Իրականում այս շարքը շատ երկար է, սակայն լրատվամիջոցներում այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ, և հաշվետվություն ներկայացնողը ցանկության դեպքում կարող էր հեշտությամբ ծանոթանալ բոլորին։

Վիդեո հաշվետվության մեջ ՀՖՖ նշանակված նախագահը խոսում է հաջողությամբ իրականացված Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի ենթակառուցվածքների վերակառուցման կամ կառուցման մասին, դրանք ներկայացնում՝ որպես սեփական ձեռքբերում, բայց, չգիտես ինչու (երևի խիստ պատահաբար), մոռանում է նշել, որ իրականում նշված բոլոր նախագծերն արդեն իսկ եղել են մինչ իր նշանակումը։ Ավելին, նշված նախագծերը եղել են ավարտական տարբեր (մոտ 70-80%) փուլերում (բացառությամբ՝ Աբովյանի, որը եղել է նախնական փուլում)։

Արմեն Մելիքբեկյանը մոռացավ նշել նաև, որ նշված բոլոր նախագծերն իր իսկ մեղքով շահագործման են հանձնվել նախատեսվածից ռեկորդային ուշ ժամկետներում, որի արդյունքում տուժել են թե՛ ՀՖՖ-ն, և թե՛ ֆուտբոլային հանրությունը (ներառյալ՝ վատնումներն ու ֆինանսական կորուստները)։ Իսկ սա ձախողում է, այլ ոչ ձեռքբերում։

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացման ՀՖՖ կատարողական հաշվետվությանը՝ նախ փաստենք, որ նախկինում՝ 2003-2018թթ. ընթացքում ՀՖՖ-ն կարողացել է եկամուտների գրեթե 50%-ն ուղղել ենթակառուցվածքների բարելավմանը (հին ենթակառուցվածքների վերակառուցում և նորերի կառուցում), ինչը հաստատված է նշված տարիների համար հանրությանը ներկայացված հաշվետվություններով։


Իսկ հիմա հարց զեկուցողին՝ համեմատե՞լ է նա արդյոք, թե իր նախագահության ժամանակահատվածում ինչպիսի տեսք ունի այդ ցուցանիշը․ օրինակ՝ 2019-2023թթ. ՀՖՖ ստացած առավել քան 30 մլրդ դրամ եկամուտներից որքա՞նն է ՀՖՖ-ն կարողացել ուղղել հայկական ֆուտբոլի համար այդքան կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։

Որպեսզի մեր հասարակության ու ֆուտբոլային հանրության համար ավելի պարզ լինի, նկատենք, որ այդ ցուցանիշը 2019-2021թթ. համար կազմել է ընդամենը 12%: Կամ մոնիտորինգ արվե՞լ է, թե տեխնիկական ինչ վիճակում են այդ ընթացքում ՀՖՖ միջոցներով կառուցված փոքր դաշտերը, և ինչպիսի՞ արդյունավետությամբ են դրանք շահագործվում։

Ֆինանսների մասին խոսելիս թվաբանական տարրական գիտելիքների հետ ըստ էության խնդիր ունեցող «մասնագետն» առանց հարցի էությունն իսկ պատկերացնելու՝ կրկին փորձել է նախորդ ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատական անցկացնելու մեթոդով բացահայտել, թե որքան «լավ» են աշխատել։

Ասում է՝ եռապատկել ենք վճարվող հարկերը. նախկինում վճարված միջին տարեկան 120-180 միլիոնի փոխարեն՝ վճարել ենք 600-800 միլիոն։ Այսինքն՝ չի էլ հասկանում անգամ իր կողմից օգտագործած «միջին» կամ «եռապատիկ» տերմինների իմաստը: Բացատրենք…

• Նախ՝ ՀՖՖ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) հասարակական կազմակերպություն է, և վճարված հարկերի չափն այն ցուցանիշը չէ, որն արտացոլում է «լավ աշխատանքը» և իրականում հաճախ կարող է ապացուցել հակառակը:

• Եվ ապա, մելենդեսների և այլոց անհիմն բարձր աշխատավարձերի վրա վատնված ՀՖՖ միջոցների հաշվին վճարված հարկերն իրականում ձախողում են և ոչ թե ձեռքբերում:

Հովանավորների մասին խոսելիս «մասնագետը» կրկին մանիպուլյատիվ հնարքների է դիմում՝ ասելով, թե նախկինում ՀՖՖ եկամուտները հիմնականում ստացվում էին ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից․

• Համեմատության «վարպետն» արդյոք իրեն հարց տվե՞լ է, թե ՀՖՖ եկամուտները ներկայում հիմնականում որտեղի՞ց են ստացվում, ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից չե՞ն։

• Արդյո՞ք Մելիքբեկյանը չի ցանկացել նկատել նախկին հաշվետվությունների եկամտային այլ նշանակալից հոդվածները, օրինակ՝ հեռարձակման իրավունքներից ստացված եկամուտները:

• Արդյո՞ք տեղյակ չէ ֆուտբոլիստներին կանխիկ վճարված պարգևավճարներից:

• Արդյո՞ք հաշվետվություններում չի տեսել ստացված հովանավորչական գումարները և առանձին տողով ցույց տրված անհատույց ստացված հովանավորչական գույքի արժեքները:

• Իսկ համեմատություն կատարելիս հասկացե՞լ է, որ ի տարբերություն նախկինի՝ իրենց հաշվետվություններում մեկտեղված են ստացված հովանավորչական գումարն ու անհատույց ստացված գույքի արժեքները։
• Ճիշտ է, այսօր կա հովանավորչական գումարների աճ, բայց և կա Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալների բազմապատիկ աճ և այդ «բիզնեսի» ներթափանցում հայկական ֆուտբոլ՝ հովանավոր-գովազդատուի, ներդրողի և այլ տեսքով։

Բացի վերոգրյալից, «հաշվետուն» հատուկ ընդգծել է, թե իբրև մեծ ձեռքբերում է ունեցել, և ի տարբերություն նախկինի՝ վերջապես ունենք տեխնիկական հովանավոր։

Պետք է փաստել, որ ՀՖՖ նախագահի աթոռը զբաղեցնող անձը կրկին ՍՏՈՒՄ Է, որովհետև շատ լավ տեղյակ է, որ ՀՖՖ-ն նախկինում ևս ունեցել է տեխնիկական հովանավորներ, օրինակ՝ «Հումըլ» և «Տրամոնդի» ընկերությունները։ Այլ հարց է, որ ՈւԵՖԱ-ի աջակցության ծրագրի ի հայտ գալուն պես, վերլուծելով շուկան և գերադասելով ՀՖՖ շահերը՝ ընտրվել է ՀՖՖ-ի համար լավագույն տարբերակը։ Թե ինչ պայմաններով է ստորագրվել ներկա հովանավորչության պայմանագիրը, հանրությանը հայտնի չէ։

Իսկ ՀՖՖ հրապարակած վերջին՝ 2021թ. ֆինանսական հաշվետվությունն ապացուցում է այլ բան, օրինակ այն, որ Ազգային հավաքականների ծախսերը 2021թ. համար հասցվել են 2,837 միլիարդ դրամի, մոտ 3․3 անգամ ավելին, քան նախկինում (միջին տարեկան 850 մլն դրամ)։ Սակայն հաշվետվությունը չի մանրամասնում, թե դրանք կոնկրետ ի՞նչ ծախսեր են, և ո՞ր հավաքականների համար որքա՞ն է ծախսվել (ինչպես դա արվել է մինչ 2019թ հաշվետվություններում): Սրանից կարելի է ենթադրել, որ մի մեծ գումար ուղղվել է նաև լրացուցիչ հանդերձանքի ձեռքբերմանը։

Բացի այդ, հավաքականների ֆուտբոլիստների, մարզիչների, սպասարկող անձնակազմի և հանրության համար առնվազն տեսանելի չեն ազգային հավաքական թիմերի պայմանների, ապահովման այնպիսի «ոսկեզօծ» բարելավումներ, որոնք կհանգեցնեին ծախսերի այդպիսի առավել քան եռապատիկ մեծացման։

Մի խոսքով, ինչպես միշտ, կեղծիք, սուտ և մանիպուլյացիա, խաբեության փորձ, արդյունքում՝ ինքնախաբեություն ու պատրանք։

ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս