Այս ողբերգության թատերաբեմն իմ տառապած հայրենիքն է, «երջանիկներն» իրենց իսկ ստեղծած ժանտախտի խրախճանքի մեջ են». Սամվել Խալաթյան

Հայաստանում տիրող իրավիճակի, Արցախի ու արցախահայության խնդիրների, մտավորականության դերի ու հասարակության կողմից ակնկալվող անհրաժեշտ քայլերի մասին 168.am-ը զրուցել է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի հետ։

– Պարոն Խալաթյան, որպես դրամատուրգ ու հայ մարդ՝ ինչպե՞ս կբնորոշեք մեր այսօրվա իրականությունը։

– Տագնապալից է: Որոշ «երջանիկներ» դա չեն զգում ու չեն ընդունում, քանզի իրենց իսկ ստեղծած ժանտախտի խրախճանքի մեջ են: Մինչդեռ մենք վերահաս  նոր փորձությունների շեմին ենք և վտանգված: Իշխանության վարած արտաքին քաղաքականությունը մեզ հասցրել է մի «բարձունքի», որի ընդերքում հրաբուխ է հասունանում: Պատահական չէ, որ ամենուրեք  մարդիկ քաղաքականությունից են խոսում, և, որպես կանոն, բոլորից կլսես նույն հարցը՝ վերջն ի՞նչ է լինելու: Վատ է լինելու, շատ վատ: Անհեռատեսորեն հանրապետությունը դարձնում են հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման էպիկենտրոն: Եթե որևէ մեկին թվում է, թե իրեն կհաջողվի ԱՄՆ-ի և արևմտյան երկրների նավերը բարձրացնել մեր լեռների վրա, և դա տեսնելով՝ Ռուսաստանը սարսափելու է և մեր տարածաշրջանում  այլևս   հետամուտ  չի լինելու իր շահերին՝ չարաչար սխալվում է: Եվ շատ հավանական է, որ  Հայաստանն ընկնի Ուկրաինայի կամ Սիրիայի օրը:

Որպես դրամատուրգ՝ այս բոլորն ինձ համար  ողբերգության ժանրում է, որի թատերաբեմն իմ տառապած հայրենիքն է, գլխավոր հերոսներն արկածախնդիր դիմությունն է և ընդդիմություն կոչված անհասկանալի քաղաքականություն վարող մի խումբ, իսկ դրական հերոսը, ով կրելու է ողբերգության ողջ ցավն ու տառապանքը,   ժողովուրդն է՝ իր նվիրյալ ու նահատակ զավակներով:

Կարդացեք նաև

– Ձեզ համար երեկվա հայն ու այսօրվա հայը շա՞տ են տարբեր, ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա հային, ո՞րն է նրա հավաքական կերպարը։

Անկախացումից հետո, կրթության և դաստիարակության բնագավառում ներմուծված  «բարեփոխումների» թելադրանքով, նոր սերունդը կրթվեց սաղր գիտելիքներով և ազգային հոգևոր արժեքները խորությամբ չյուրացնելով: Նրանք արդեն հասուն տարիքում են: Նրանց մի զգալի մասը ժողովրդի շահերի պաշտպանի թիկնոց ուսած յուրաքանչյուր խեղկատակի ետևից կարող է գնալ՝ առանց ընկալելու նրա քաղաքական բուն նպատակները: Ընդ որում, նորահայտ «առաջնորդին» հետևող ու նրա թանը հալած յուղի տեղ ընդունողները, որպես կանոն, ներքուստ  առաջնորդվում են ոչ թե վեհ գաղափարներով կամ ազգային շահերով, այլ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտմամբ: Իսկ մեզանում վաղուց ի վեր մեծ դժգոհություն և անհանդուրժողականություն էր հասունացել միմյանց հերթափոխած իշխանությունների կողմից սատարվող՝ օլիգարխներ դարձած թաղային հեղինակությունների, թալանչիների, կոռումպացված ղեկավարների նկատմամբ: Աղքատության, գործազրկության ցուցանիշները բարձր էին, ու չնայած միմյանց հաջորդող վերադասների խոստումներին, բավարար չափով չէին նվազում: Այսինքն, պարարտ հող կար ժողովրդին  իշխանության դեմ դուրս բերելու համար, որը և իրականացվեց Արևմուտքում մանրազնին ծրագրված «թավշյա» հեղափոխությամբ: Շատ չանցած, պարզվեց, որ այդ «թավիշը» խաբկանք է (փաստեր չթվարկեմ, դրանք հանրահայտ են): Այժմ շարքային «հեղափոխականների», իշխանափոխությունից հորթի հրճվանք ապրածների, ճամբարափոխ եղածների մեջ,  երևացող մի շերտ, շփոթված տարակուսանքի մեջ է:

Նկատենք նաև, որ այս ամենի հետ պատերազմի բերած մեծագույն կորուստները, Արցախի հայաթափվելը, հոգեբանական ընկճախտում և կուսակցությունների  տարամետ բևեռներում հայտնվելը՝ մեկը մյուսին հաջորդող ցավալի իրողությունների քաոսում, անհնար է տեսակի հավաքական կերպար ունենալ: Նա կուրվագծվի ժամանակ անց:  Մի բան պարզ է, որ ինչպիսին էլ նա լինի, իր գիտելիքներով, բարոյահոգեբանական կերտվածքով մեծապես զիջելու է ձեր նշած երեկվա հային:

Մեզ վաղվա հայն է պետք: Կարծում եմ՝ նա արդեն ծնվել է և հասունանում է:

– Պարոն Խալաթյան, փորձում էի վերջին 3-4 ամիսների Ձեր հարցազրույցներից գտնել, չկա՞ր, այդ լռությունը իրավիճակո՞վ է պայմանավորված,  փորձում եք զե՞րծ մնալ հանրային որևէ խոսք ասելուց, կամ Ձեր մտքերը թղթին հանձնել։

Զարմանալի է, որ չեք գտել: Ընթացիկ տարում, տարբեր լրատվամիջոցներով, հրապարակվել են ավելի քան 20 հոդված և հարցազրույց: Երրորդ տարին է,  ինչ ամիսը մեկ հոդվածով թղթակցում եմ  Կանադայում հայերեն և անգլերեն հրապարակվող, տարբեր մայրցամաքներում ավելի քան 10.000 ընթերցող ունեցող  «Գեղարդ» կայքին: Ես լռողներից չեմ, և եթե մեդիայում տևական մի շրջանում հարցազրույց չի եղել, ուրեմն լրագրողները չեն դիմել:

– Այսօր Արցախը գրեթե ամբողջովին հայաթափված է, արցախահայությունը՝ բռնի տեղահանված իր բնօրրանից, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կորսվեց Արցախը, առանց երկրորդ հայկական պետության՝ Արցախի,  ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ճակատագիրը։

– Արցախը թշնամու դեմ հառնած մեր հզոր բարիկադն էր, որը դավադրաբար քանդվեց  (թող այդքան էլ վատ չզգան այդ բնութագրումից: Ի վերջո, դավաճանությունն այն է, երբ ժողովուրդն ազգային շահին է հետամուտ, իսկ ոմանք գործում են հակառակ՝  հօգուտ թշնամու):  Ոչ ոք չի կարող նորմալ մարդուն համոզել, որ 35 տարի շարունակ մեծ տառապանքների գնով հանուն անկախության մարտի դաշտում ու դիվանագիտական հարթակներում պայքարած, հազարավոր զոհեր տված, պատերազմի բովում հաղթական բանակ կազմավորած,  ազատագրված տարածքները շենացնելու համար նյութական մեծ միջոցներ ներդրած ժողովուրդը մի օր կարթնանա ու կհայտարարի՝ Արցախն ադրբեջանական տարածք է:

Արցախը զիջելով՝ Հայաստանի Հանրապետությանը սպառնում է տարածքների կորուստ, և հավանական են նոր բախումներ՝ ոչ միայն դարավոր թշնամու հետ:

– Պարոն Խալաթյան, Ձեր կարծիքով՝ մեր պատմության մեջ սա հայ ազգի համար ամենաողբերգական ու ամոթալի է՞ջն է, թե՞ ամեաողբերգականը դեռ առջևում է: Ի վերջո, կատարվածը հնարավո՞ր է շտկել։

– Սա հերթական էջ է, իսկ համեմատության ի՞նչ աստիճան կունենա, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ գերադրական աստիճանի հասնի: Որքան էլ որ դաժան հնչի, իրողություն և փաստ է, որ Արցախի հայաթափմամբ ավարտվում է այդ բնաշխարհի մարդկանց մշակութային արարումների պատմությունը, որը  հայոց պատմամշակութային անդաստանում հույժ ուրույն է և առանձնակի:

Արցախը սոսկ տարածք ու բնակավայր չէր, հազարավոր տարիներ այդտեղ ապրած բնիկների ստեղծած սոցիալ-մշակութային արժեքների գանձարան էր և գալիք դարերում դրանց շարունակական զարգացման միակ վայրն էր ու հնոցը: Այդ ամենը ջուրը գցեցինք և այն էլ ինչպիսի՜ անտարբերությամբ:

Արցախում երեք թանգարան հիմնադրած ակադեմիկոս Գուրգեն Գաբրիելյանցն իր հարցազրույցում պատմում էր, որ Շուշիի թանգարանի ցուցանմուշներն արկղերում տեղավորելուց հետո երկար ժամանակ սպասել է, որ մշակույթի նախարարությունից գա խոստացված բեռնատարը՝ դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար: Վերջապես, ինչ-որ մարդիկ են եկել, հարցրել՝ այդ արկղերում ոսկի կամ արծաթ կա՞: Ժխտական պատասխան լսելով՝ ձեռքներն անտարբեր թափ են տվել ու հեռացել:

Համացանցից տեղեկացա, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհրդի տվյալներով,  44-օրյա պատերազմի հետևանքով  բռնազավթված տարածքներում՝ Շուշիի և Հադրութի շրջաններում, Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել 10 թանգարան՝ 17070 ցուցանմուշներով, արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով: Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան:

Գուցե բացատրելի է, որ 44-օրյա պատերազմի, այդուհետև՝ բռնագաղթի թոհուբոհում, տեղի իշխանությունը չի ձեռնարկել  դրանք տարհանելու գործը, բայց որ Հայաստանի իշխանության  մշակույթի պատասխանատուների կողմից էլ տարհանման խնդիր չդրվեց՝ անտրամաբանական է:

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը կարողացավ ոչնչացումից փրկել թանգարանի գորգերի, խեցեգործական իրերի զգալի մասը։ Այդ նմուշները տեղափոխվեցին Հայաստան, սակայն մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որևէ տարածք չի տրամադրվում, գորգերը մի թանգարանից տեղափոխվում են մեկ այլ թանգարան, մի տարածքից՝ մեկ այլ տարածք։ Հավելենք, որ Շուշիի թանգարանի ցուցանմուշների մի հատված՝ 100-120 գորգ, ինչպես նաև՝ կենցաղային իրեր, խեցեղեն, բրոնզե և քարե դարի առարկաներ, որոնք չի հաջողվել տեղափոխել, մնացել են Շուշիում։ Առանց ժամանակ կորցնելու՝ ադրբեջանցիները թեթևակի վերանորոգել են թանգարանն ու Ալիևի մասնակցությամբ հանդիսավոր բացում կատարել՝ դրանք ներկայացնելով՝ որպես  ադրբեջանական:

Այսքանից հետո մենք բարոյական իրավունք ունե՞նք դժգոհելու, բողոքելու, թե արյունարբու, քոչվոր հարևանները նենգափոխում, յուրացնում են հայկական հնագույն մշակութային  գանձերը:

Եթե անգամ փորձենք «անջատել» մեր ուղեղը, համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախն ադրբեջանական տարածք է, ապա «անջատած» ուղեղն անգամ հարց կտա. «Այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեց թշնամուն»:

Հիմա թուրքամետություն է տարփողվում: Դա նույնն է, ինչ կամովին գայլի երախ մտնես:

Աբխազ գրող Բագրատ Շինկուբան մի հրաշալի պատմավեպ ունի՝ «Հեռացածներից վերջինը»: Ուբիխների մասին է, ժողովուրդ, որը հնուց ապրում էր  Արևմտյան Կովկասի Շախե և Խոստա գետերի լեռնային միջտարածքում: 19-րդ դարի վերջերին`  Կովկասյան պատերազմի ավարտին, ցարական կառավարությունը նրանց առաջնորդներին պարտադրեց՝  կամ իջնել լեռներից և ազգովի ապրել Հյուսիսային Կովկասի հարթ հողերում, կամ տեղափոխվել Թուրքիա։ Ուբիխների առաջնորդները երկու դաժան որոշումներից ընտրեցին այն, որը պատմականորեն ամենակարճատեսն էր: 1864 թ.-ին, հետևելով իրենց առաջնորդներին՝ ուբիխ ժողովուրդը տեղափոխվեց Թուրքիա: Անցավ ընդամենը մեկ դար, և հարուստ ու խիզախ անցյալ ունեցող ժողովուրդն անհետացավ աշխարհի երեսից որպես մեկ ամբողջություն: Գրքի հեղինակն իր պատմավեպին որպես բնաբան՝ աբխազական իմաստուն ասացվածք է զետեղել՝ «Նա, ով կորցնում է իր հայրենիքը, կորցնում է ամեն ինչ»:

– Հասարակության մի մասն այսօր մեղադրանքներ է հնչեցնում մտավորականության հասցեին, որ լուռ է, որևէ խոսք չի ասում, թե ինչպես է պետք դուրս գալ այս իրավիճակից։ Պարոն Խալաթյան, ո՞վ է այսօր մեր մտավորականը, նա ի՞նչ ասելիք ունի ազգին։

– Շնորհակալ եմ հարցի համար, որն առիթ է տալիս խոսելու նաև այն թյուրըմբռնման մասին, թե մտավորականությունը լուռ է: Նախ, ոչ ոք ուշադրություն չի սևեռում այն երևույթին, որ հայտնի քայքայիչ ուժերն ամեն ինչ անում են խորթացնելու,  ժողովրդին իր դարավոր հավատքից և մտավորականությունից: Դա նրանց զգալի չափով հաջողվել է, և անչափ թանկ է նստելու մեզ վրա: Ընդսմին, ամեն մտավորական չէ, որ կարող է քաղաքական գործիչ լինել, բայց քաղաքացիական դիրքորոշում ունենալը յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է: Հասարակության դժգոհությունը մեծ չափով հասցեագրվում է կրթության, մշակույթի և արվեստի գործիչներին:

Անշուշտ, նրանց շարքերում ևս կան բերանը ջուր առած տափ կացածներ,  քծնողներ, արծաթասերներ, պաշտոնամոլներ: Սակայն լուռ և անտարբեր լինելու մեղադրանքը բոլորի վրա տարածելը ճիշտ չէ: Մի՞թե ապազգային և կոպիտ սխալներով գրված 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին մտավորական  մասնագետները  չեն այսօր բարձրաձայնում, ահազանգում: Մտավորական չե՞ն այս կամ այն հիմնախնդրի մասին ճշմարիտ հոդվածներ գրող լրագրողները կամ նրանց հարցազրույց տվող  արվեստագետները: Սխալ է մտավորականի հասարակական ակտիվությունը սոսկ հանրահավաքներում կամ Ֆեյսբուքում նրա ելույթներով որոշելը, մանավանդ՝ ստեղծագործող մտավորականի:  Գրողը, նկարիչը, երաժիշտը, բեմադրիչը և այլն, իր վերաբերմունքն ու դիրքորոշումն  արտահայտում է նաև իր ստեղծագործություններով:

Այդպիսիք կան, բայց չեն նկատվում:  Քանի՞սը գիտեն, որ այս օրերին ծնվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի «Տառապանք» բարձրարվեստ կտավը, որը հայրենիքի տառապալից, դժնի, ներկայիս ցավի և տոչորման ողբեգական ճիչն է: Քանի՞սն են գնահատում Հովիկ Հովեյանի քաղաքացիական մտահոգությունների և ընդվզումի խոր փիլիսոփայությամբ հագեցած  այսօրվա պոեզիան, քանի՞սն են հասկանում բեմադրիչներ Հակոբ Ղազանչյանի կամ Դավիթ Հարությունյանի նոր բեմադրությունների հայրենասիրական ուղերձները… Պարտադիր պետք է հանրահավաքներում ելույթ ունենան, որ նկատվե՞ն: Թող ներվի անհամեստությունս, բայց տեղին եմ համարում ասել, որ իմ հեղինակած և հազարավոր հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած «Հրադադար», «Վերջին ծաղրածուն», «Արտավազք» պիեսների ամեն մի ներկայացում շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում և մեր իրականության մասին խորը մտորելու առիթ է տալիս, քան հանրահավաքներում հնչող ելույթներից շատերը:

Ստեղծագործողի դերն իր ժողովրդին զորակցելն է, մթնոլորտ ստեղծելը, քաղաքական գործչինը՝ այդ մթնոլորտից բանակներ դուրս բերելը: Մինչդեռ, մեր ընդդիմությունը նման է նահանջող զորքի ետևից գնացող հենակավոր հաշմանդամի: Նրա շարքային զինվորի շինելի տակից երևում են երեկվա գեներալի ուսադիրները, և ժողովուրդը նրան չի վստահում: Իսկ նոր քաղաքական ուժ, նոր առաջնորդներ չունենք:

– Ինչպիսի՞ պատկերացումներ ունեք հայ ազգի ապագայի վերաբերյալ, այն Ձեզ համար շա՞տ է մշուշոտ։

– Բոլորովին: Ինչպես ասացի, լուրջ փորձություններ կան առջևում, և Աստված տա, դրանք հաղթահարենք առանց ցավալի կորուստների: Բայց որ կհաղթահարենք և կգոյատևենք՝ մեր հին ու նոր տեսլականներին հետամուտ լինելով, չեմ կասկածում:

 – Մեր այսօրվա իրականությունը երբևէ արտահայտվելո՞ւ է Ձեր ստեղծագործություններում, եթե այո, ապա ինչպե՞ս։

– Արդեն իսկ շարադրվում է՝ պատմական պիեսի ժանրով: Փակագծեր չեմ բացի: Մտադիր եմ շարունակել և 2-րդ մասով ավարտել «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպը, որի առաջին մասը լույս տեսավ 2010 թ.-ին և արժանացավ «Մկրտիչ Սարգսյան» ամենամյա գրական մրցանակի: Գրքում երգիծվում են մեր իրականության ստվերոտ, խորթ ու ճակատագրական երևույթները՝ 1975 թվականից մինչև մեր օրերը:

Տեսանյութեր

Լրահոս