ՀՀ օրվա իշխանությունն այդ պայմանավորվածություններին համաձայնություն տալով է եկել իշխանության. Լարիսա Ալավերդյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերջին ներկայացումը տեղի ունեցավ օրերս՝ Երևանում ընթացող դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում շեշտեց. «Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ նախկինում գոյություն ունեցող երկու երկաթուղայինների միջև։ Առաջինը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը՝ կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս պատրաստակամությունը մենք հայտնել ենք պաշտոնապես, այսօր նույնպես հայտնում ենք»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը սա «պատրաստակամություն», ավելին՝ զիջում էլ չի համարում, այլ ուղղակի ՀՀ իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության սպասարկում:

«Երբ խոսում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են՝ լինի միջնորդված թե  ուղիղ, խեղաթյուրում են իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած թելադրանքը Հայաստանի նկատմամբ: Դրա նպատակով ՀՀ վրա ճնշումներն իրականացնում են հիմնականում Եվրամիության կարկառուն դեմքերը:

Ես հիշեցնեմ, որ ԵՄ-ն տարիներ շարունակ աչք էր փակում այն դաժանությունների վրա, որոնք թույլ էր տալիս Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների հանդեպ, ինչն ավարտվեց՝ ցեղասպանական գործողություների միջոցով Արցախից արցախցիներին ամբողջովին դուրս մղելով:

Կարդացեք նաև

Այդ պայմաններում, ինչի հետ էլ համաձայնի Հայաստանը, դա համարում եմ պարզապես ՀՀ օրվա իշխանության կողմից թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության սպասարկում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանին մղելով ինչ-ինչ օրակարգերի, եվրոպացի կարկառուն գործիչները նույնիսկ չեն խոսում երաշխիքների մասին, ավելին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը արցախահայերին ուղղորդում է ապավինել Ադրբեջանի Սահմանադրության ընձեռած «երաշխիքներին», իրավապաշտպանն արձագանքեց՝ Եվրամիության այս ժամանակվա կարկառուն դեմքերին չի համարում եվրոպացի ժողովրդի կողմից ընտրված անձինք:

«Դրանք Բիլդերբերգյան հայտնի ակումբի՝ փողի տոպրակների հավաքածուի դրածոներն են, որոնք ոչ միայն ներում են, այլև ընդունում ու իրենք էլ մասնակցում են բոլոր այն ցեղասպանական գործողություններին, որոնք Ադրբեջանն իրականացնում է արցախահայերի նկատմամբ: Այդ գործիչները նպաաստում են նրան, որ Ադրբեջանը, քողարկվելով, այսպես կոչված, տարածքային ամոբղջականության սկզբունքով, իրականացնի Ցեղասպանություն:

ԵՄ-ն մոռանում է՝ այդտեղ Ադրբեջանի քաղաքացիները չեն. Ադրբեջանն 1990 թվականից ո՛չ իրավական, ո՛չ իրական առումով որևէ իշխանություն չի ունեցել Արցախի Հանրապետության նկատմամբ:

ԵՄ-ն վաճառում է հայերի տարածքը, արյունը, արցունքները՝ 2 միլիարդանոց այն պայմանագրի համար (վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ), որի կնքումից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել էր «հուսալի գործընկեր»»,- հավելեց իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ ԵՄ կողմից հնչող այս հայտարարությունները, ճնշումներն ու դրանց ներքո ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը պայմանավորվածությունների հետևանք է:

«ՀՀ օրվա իշխանությունն այդ պայմանավորվածություններին համաձայնություն տալով է եկել իշխանության»,- ամփոփեց նա՝ նկատելով, որ համաձայնության երկրորդ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանն արդեն:

 

Տեսանյութեր

Լրահոս