Զորքի հետքաշումն Ադրբեջանին հնարավորություն է տալու նոր հարձակումներ պլանավորել և նոր բարենպաստ դիրքեր դուրս գալ. ինչ գին է «փաթեթավորվելու»

Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Պետրոս Ղազարյանի հարցազրույցում անդրադարձել էր նաև Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման և դրա տարածքում Հայաստանի և ԱՄՆ դրոշների բարձրացման փաստին:

«ԱՄՆ-ը կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել դա անելու հարցում»,- նշել էր նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Արարատի մարզի Երասխ համայնքում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները՝ որպես զսպիչ գործոն Ադրբեջանի համար՝ գործարանի ուղղությամբ կրակոցները դադարեցնելու համար:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ զրույցում, սակայն, մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը նշել էր, որ գործարանի շինհրապարակում դրոշների բարձրացումը չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները չկրակեն ու չփորձեն խոչընդոտել շինարարությանը, ինչն արել են հունիսի կեսերին՝ օրեր շարունակ:

Հակոբյանը շեշտել էր նաև, որ միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշում կայացնել Երասխում մետաղաձուլարանի կառուցումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետությունից իրենք կառուցելու թույլտվությունն ու օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ունեն։

Ի դեպ, Բաքվում՝ Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է Երասխում մետաղաձուլարանի կառուցմանը՝ դիտարկելով այն «բնապահպանական աղետի սպառնալիք»:
Նա պնդել է, թե իբր Երևանը խախտում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիան («Էսպո»-ի կոնվենցիա):

Հաշվի առնելով այս ամենը, այդ թվում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի զորքերի հայելային հետքաշման առաջարկը, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ պահի ՀՀ իշխանությունները կգնան այս քայլին, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը Երասխից զորքերի հետքաշման առաջարկ առաջինն է արել:

Մասնավորապես, 2022 թվականի մարտի 24-ին Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր.

«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ՝ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:

Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Այս առաջարկի ռիսկերին 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, բայց քանի որ պնդումները շարունակվում են, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ, այդ թվում՝ փորձագիտական կարծիքի ներկայացմամբ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի ագրեսիայի մարման կամ նվազման դինամիկա չի նկատվում, և նույնիսկ ՀՀ իշխանություններն են ասել՝ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, չի բացառվում, որ դրանից մեկ շաբաթ հետո պատերազմ սկսվի:

«Այսինքն, սա բխում է բանակցային գործընթացում Ադրբեջանի դրսևորած վարքագծից, ադրբեջանական հայտարարություններից: Եվ, իհարկե, սա բխում է այն հանգամանքից, որ նրանց գործողությունները խաղաղության հասնելու առումով որևէ ձևով վստահություն չեն ներշնչում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դա լինելու է ոչ թե խաղաղության, այլ նոր կորուստների պայմանագիր: Իսկ դրա կոմպոնենտներից մեկը՝ զորքերի հնարավոր հետքաշման հետ կապված, շատ ավելի մեծ սպառնալիքներ է պարունակում, որովհետև անվստահելի բանակցողի, անկանխատեսելի սպասումների պայմաններում զորքերի հետքաշումը, տարբեր փուլերում քննարկվել է մինչև 3 կմ, հնարավորություն է ստեղծելու Ադրբեջանի համար նոր ագրեսիայի դիմելու, նոր հարձակումներ պլանավորելու և նոր բարենպաստ դիրքեր դուրս գալու առումով` բնականաբար, ՀՀ-ի հաշվին: Երկրորդ՝ մեծ թվով ուղղություններում հայկական բնակավայրերը բավականին մոտ են շփման գծին, այդ հատվածում նույնիսկ 1 կմ հետքաշումն ուղիղ սպառնալիք է ստեղծելու հայկական բնակավայրերի համար»,- մանրամասնել է Տիգրան Աբրահամյանը:

Անցած տարի 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն էլ ասել էր, որ պետական բարձր մակարդակով առաջին անգամ է հայտարարվում, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ ՀՀ տարածքում դիրքեր ունի, և, որ մինչ այդ պահը հայտնի չի եղել, որ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմը մեր տարածքում դիրքեր ունի:

«Նիկոլ Փաշինյանը Երասխի հատվածում խոսում է հետքաշումից՝ չհստակեցնելով, թե որքան պետք է հետ քաշվեն, մինչև որտեղ, որ հատվածում պետք է տեղակայվեն հայկական դիրքերը: Մենք գիտենք, որ այդ հատվածով անցնում է ռազմավարական կարևոր՝ Երասխ-Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ինչը ՀՀ-ի համար Սյունիքի հետ կապող միակ երակն է այս պահին: Եվ եթե մենք այնպիսի հետքաշում ունենանք, որի արդյունքում ադրբեջանական կողմը լիարժեք վերահսկողություն ունենա ճանապարհի զգալի հատվածի նկատմամբ, ապա դրա հետևանքները հետագայում կարող են աղետալի լինել»,- շեշտել էր ռազմական վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Երասխում հայ-ամերիկյան գործարանի կառուցմանը, դրան Ադրբեջանի դեմ լինելուն և այս համատեքստում  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի զորքի հետքաշման առաջարկին, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կընդունեն այդ առաջարկը, ինչպես վերևում նշեցինք, բայց այս անգամ այդ զիջումը կփաթեթավորեն տնտեսության զարգացման տրամաբանության մեջ, ինչին միտված է հայ-ամերիկյան մետաղաձուլարանի կառուցումը, և ոչինչ, որ անվտանգային առումով գործարանն առավել խոցելի է դառնալու: Սպասենք հետագա զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս