Սկսում ենք մի նոր զրոյական կետից, որը կմեծացնի խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր Երևանում ընթացող դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունների և սկզբունքների մասին, հայտարարեց, որ տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությունները պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, համաձայնության և փոխադարձության համաձայնության հիման վրա։

«Առաջին սկզբունքը հետևյալն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29.800 քկմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.600 քկմ։

Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և նրանց համար, ովքեր լավ տեղեկացված չեն, ասեմ, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որով երկու փաստաթուղթ արձանագրվեց, որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, և երկրորդը՝ խորհրդային հանրապետությունները, տվյալ դեպքում՝ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ Հետևաբար՝ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների, և ստորագրած երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ սահմանների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ երեք սկզբունքներն արձանագրվել են Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքներով։

Կարդացեք նաև

«Մասնավորապես՝ մայիսի 14-ին և հուլիսի 15-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ։ Եթե Ադրբեջանը չի հրաժարվում այս պայմանավորվածություններից և սկզբունքներից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական։

Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունը նշված պայմանավորվածություններին։ Հիմնական հարցը, որը ծագում է՝ վերաբերում է նրան, թե որքանո՞վ է հավանական, որ առաջիկայում կստորագրվի խաղաղության պայմանագիրը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և պատասխանեց իր հարցին՝ ընդգծելով, որ այդ հարցի պատասխանին մի քանի մոտեցում կա։

Շարունակելով միտքը,  նա ասաց, որ կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ փաստերի վրա, որոնք խոսում են այն մասին կամ կարող են դրական պատկերացում ստեղծել այն մասին, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է։

«Օբյեկտիվորեն կարող ենք ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն։ Քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, և Հայաստանի 31 ներկայացուցիչներ և մեկ զինվորական Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի կողմից վերադարձվել կամ հանձնվել է Հայաստանին։ Ես չէի ցանկանա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա։

Կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել նոր մի զրոյական կետ, որով մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել և փորձել, որպեսզի հետագա բոլոր լուրերը վկայեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու հավանականությունը մեծացնելու և ոչ թե՝ հակառակի մասին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս