Պաշտոնական թվերի հետևում՝ իրական վիճակ. «Աղքատացնող տնտեսական աճ». Ատոմ Մարգարյան

Ավելի քան 24 տոկոս աղքատություն և 11 տոկոս գործազրկություն ՀՀ-ում՝ հակառակ իշխանությունների հրապարակած՝ փողփողվող տնտեսական դրական ցուցանիշների. Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հերթական տարեկան զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը, ըստ միջին գծի, կազմել է 24.8 տոկոս, օրերս էլ պարզ դարձավ, որ ՀՀ-ում գործազրկության պաշտոնական վերջին ցուցանիշը կրկին ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում՝ 11.7 տոկոս:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պաշտոնական թվերի հետևում առավել խնդրահարույց իրավիճակի մասին է ահազանգում:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ նման տնտեսական աճերի պարագայում չունենք կենսամակարդակի համարժեք բարձրացում, տնտեսագետը պարզաբանեց. «Ավելի քան 70 տարի առաջ՝ դեռևս անցյալ դարի 50-ական թվականների վերջերին, շատ տեսաբան գիտնականներ նկատել են, որ տնտեսության մեջ կարող է տնտեսական աճ լինել, նույնիսկ շատ բարձր տնտեսական աճ, որը տարիներ, տասնամյակներ հետո կբերի աղքատության մակարդակի ավելացման: Դա անվանում է ունեցել՝ կոչվել է «աղքատացնող տնտեսական աճ»: Այսինքն՝ երբ տնտեսական աճը չի ուղեկցվել տնտեսության մեջ եկամուտների քիչ թե շատ արդար բաշխմամբ, երբ ազգային հարստությունը բևեռացվել, կենտրոնացել է շատ փոքրաթիվ ընտանիքների ձեռքում, երբ ձևախեղվել է տնտեսության կառուցվածքը և ձևավորվել են օլիգարխիկ կառուցվածքներ: Այդպիսի հասարակությունները, տնտեսություններն ի վերջո կանգնում են կոտրած տաշտակի առաջ:

Այս պայմաններում տնտեսական աճը կարող է շարունակվել, բայց եթե նայենք՝ ինչպիսի այլանդակ կառուցվածք է ձևավորվել մեր տնտեսական համակարգում, որտեղ, ըստ էության, հիմնական ՀՆԱ-ն ձևավորող ճյուղերն են հանքարդյունաբերությունը, ծառայությունները՝ ընդ որում, ամենաայլասերված ոլորտը՝ խաղաբիզնեսը, իսկ հիմնական ՀՆԱ-ն ձևավորող գործոններից են պետական պարտքը, պարտքի ավելացումը և մասնավոր տրանսֆերտները, ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Կարդացեք նաև

Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ տնտեսական աճ կարելի է ունենալ տարբեր ճանապարհներով, իսկ եթե տնտեսական աճն ուղեկցվում է կենսունակ միջին խավի քանակի և նրա տնտեսական ու սոցիալական հզորության մեծացման հաշվին, այն ժամանակի ընթացքում հանգեցնում է «միջին եկամտի ծուղակ»-ի հաղթահարմանը:

Ըստ տնտեսագետի, ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի այլ երկրներ՝ այդ թվում ԵԱՏՄ տարածաշրջանի, գտնվում են միջին եկամտի թակարդում:

«Միջին եկամտի թակարդը նշանակում է, որ երկիրը տասնամյակներ շարունակ կարող է աճ արձանագրել, նույնիսկ զարգացման որոշակի միտումներ դրսևորել, բայց այդպես էլ չկարողանալ մտնել աշխարհի զարգացած երկրների շրջանակ: Մեր ողբերգությունը հենց դա է. դրա մասին պաշտոնյաները չեն խոսում, պաշտոնյաների և անգամ փորձագետների մեծ մասը դրա մասին գաղափար չունեն,- նշեց տնտեսագետը՝ նկատելով, որ նման երկրներում հասարակությունները գերբևեռացված են, իսկ գործազրկության, աղքատության մակարդակի մասին պաշտոնական թվերի հետևում կան թաքնված այլ թվեր,- Նաև կան պաշտոնապես չգրանցված՝ստվերային եկամուտների բավական մեծ ծավալներ»:

Ի դեպ, մեր զրուցակիցը որպես վերջինի օրինակ՝ առանձնացրեց ավտոտեխսպասարկման կետերում առկա վիճակը. նրա համոզմամբ՝ այդտեղ ստվերը մինչև 80 տոկոսի է հասնում:

«Տնտեսական մոդելը պետք է փոխվի, քաղաքականությունը ու մտածողությունը, բայց այսօրվա քաղաքական իրողությունների, իշխողների պարագայում՝ սա կարող է ֆանտազիայի ժանրից լինել,- անելիքներին անդրադառնալով՝ ընդգծեց Ատոմ Մարգարյանը և հավելեց,- Ինչ-որ շոկեր են պետք մեր հասարակությանը, որ հասկանա՝ այս ձևով կորցնում ենք մեր հայրենիքը (արդեն կորցրել ենք մի մասը, իսկ մյուս՝ ավելի մեծ մասը, մոտ ապագայում կկորցնենք, եթե հետևություններ չանենք, եթե կեղծ թվերի հետևից չգնանք, շաբլոններով, դրսի փողերով ու խորհրդատվություններով չառաջնորդվենք և չտրվենք օլիգարխատի՝ իր լրատվամիջոցներով տարվող մանիպուլյացիաներին)»:

Տեսանյութեր

Լրահոս