Երկիր-վաճառասրահ. պետությունը խոզաբուծարանի սկզբունքով կառավարելու հանգրվանը

«Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք, և սա կարևոր տրամաբանություն է»,- նախօրեին Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունը վերաբերել է բնապահպանական հարցերին, նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների տնօրենների գործունեությանը և այլն։ Բայց ավելի լայն համատեքստում իր այս դատողություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մատնել է սեփական աշխարհայացքը, ընկալումները պետության, պետական կառավարման մասին։

Հայաստանի հիմնարար խնդիրներից մեկն այն է, որ երկիրը ղեկավարում է մեկը, ում համար «ամեն ինչի հիմքում տնտեսական տրամաբանությունն է»։ Փաշինյանն ըստ էության անկեղծ է և չի էլ թաքցնում դա։ Պարզապես նրա այդ անկեղծության համար վճարում է հայ հասարակությունը, Հայաստանը, իսկ Արցախն արդեն իսկ վճարել է ամենաողբերգական կերպով։

Խնդիրն այն է, որ ամեն ինչի հիմքում տնտեսական տրամաբանություն դնելը և փնտրելը կարող է արդարացված լինել միայն գործարարության ոլորտում, թեև անգամ բիզնեսն ունի առանձնահատկություններ, որոնք դուրս են զուտ տնտեսական տրամաբանությունից։

Կարդացեք նաև

Բայց Նիկոլ Փաշինյանի համար տնտեսական տրամաբանությունն ընկած է գործնականում ամեն ինչի հիմքում, պետական ու հանրային կառավարման բոլոր բնագավառներում՝ կրթությունից մինչև անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչև դատական համակարգ։ Բայց թվարկվածներից ամենավտանգավորը հատկապես արտաքին քաղաքականության հիմքում միայն տնտեսական տրամաբանություն դնելու՝ Փաշինյանի աննահանջ մոտեցումն է։

Նրա ողջ դիվանագիտությունը կառուցված է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալու միջոցով հնարավորինս շատ առևտուր անելու սկզբունքի վրա։ Հենց դա է նրա «Խաղաղության խաչմերուկի» ողջ իմաստը՝ բացել բոլոր ճանապարհները, առևտուր անել բոլորի հետ, ստանալ շատ փող՝ անկախ նրանից, թե ինչ այլ՝ ոչ նյութական գին կարող է վճարվել դրա համար (ինքնիշխանություն, ազգային արժանապատվություն, հրաժարում պատմական հիշողությունից ու հազարամյա հայկական տարածքներից և այլն)։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով արտաքին քաղաքականություն է վարում «անընդհատ աճ ունենալու» մղումով։ Իսկ երբ որևէ քաղաքականության գլխավոր նպատակադրումը չափելի է միայն նյութապես, մնացած ամեն ինչը կարող է և դառնում է երկրորդական։

Տնտեսական տրամաբանությունը, այլ խոսքով՝ շատ կամ ավելի շատ փող աշխատելու ձգտումը՝ ինքնին միանգամայն նորմալ է և, եթե դրսևորվում է գործարարության ոլորտում, նոր արդյունք է ապահովում։ Բայց աղետալի է, երբ այդպիսի տրամաբանություն կրողը հայտնվում է երկրի ղեկավարի դերում ու պետական կառավարման անդեմ համակարգին ցուցանում է առաջնորդվել այդ տրամաբանությամբ՝ Հայաստանը վերածելով երկիր-վաճառասրահի։

Բայց շատ ավելի աղետալի է իրողությունը, որ ամենատարբեր պատճառներով այդ տնտեսական տրամաբանությամբ ամեն ինչին, այդ թվում՝ պետությանը, հայրենիքին, արժանապատվությանը վերաբերվում է հասարակության պատկառելի հատվածը։

Այլապես «անընդհատ աճ» ապահովելու մղումով մեկը դրանով կզբաղվեր լավագույն և առավելագույն դեպքում՝ որևէ խոզաբուծարանում։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս