Բորելն ընդգծել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը պահպանելու կարևորությունը
Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, իսկ առաջարկված տարբերակներն արդեն կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:
Բորելն ընդգծել է Ուկրաինայի համար ռազմական աջակցությունը եվրոպական մակարդակով և ոչ միայն երկկողմ ձևաչափով պահպանելու կարևորությունը։
«Նախարարները պետք է ինձ հանձնարարականներ տան՝ առաջարկ ներկայացնելու Եվրոպական խորհրդին անվտանգության պարտավորությունների վերաբերյալ, որոնք հիմնականում ուղղված են կառույցների հնարավորությունների ընդլայնմանը և անդամ երկրների և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրերի համակարգմանը, ինչպես նաև այն ամենին, ինչ մենք անում ենք Եվրամիության մակարդակով», – Բորելի խոսքերն է մեջբերում RBC-Ukraine պարբերականը։
Պատասխանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունն արգելափակելու ռիսկերի մասին հարցին՝ Բորելն ասել է. «Դա կորոշի գագաթնաժողովը: Բայց ես հավատում եմ, որ եվրոպական միասնությունը չի խախտվի»:
Դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ ղեկավարները կորոշեն նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ միությանն ինտեգրման հեռանկարները։